
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտում գրանցելով 202 կգ արդյունք։
Պոկում վարժությունում Գրիգորյանը առաջին մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 85 կգ կշռող ծանրաձողը, սակայն նույն քաշը երկրորդ անգամ վստահությամբ ֆիքսեց գլխավերևում։ Երրորդ մոտեցումը ևս մեր մարզուհին ձախողեց՝ չկարողանալով բարձրացնել 88 կիլոգրամանոց ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր։
Այս քաշային կարգում Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ ուներ՝ Իզաբելլա Յայլյանը, որը հաջողությամբ կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ իրար հետևից բարձրացնելով 85, 88 և 90 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Վարժությունը Յայլյանն ավարտեց 5-րդ հորիզոնականում։
Հրում վարժությունը Գրիգորյանը հաջողությամբ սկսեց 117 կգ-ից՝ առաջին իսկ մոտեցմամբ ապահովելով վարժության փոքր ոսկե մեդալը։ 121 կիլոգրամը, սակայն, Գրիգորյանը երկու անգամ չկարողացավ բարձրացնել։ Երկամարտի 202 կգ արդյունքով Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց։
Իզաբելլա Յայլյանն էլ առաջին մոտեցմամբ հրեց 103 կգ կշռող ծանրաձողը, սակայն 108 կիլոգրամը երկու անգամ չկարողացավ բարձրացնել։ Նա ավարտեց երկամարտի 193 կգ արդյունքով՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։
20։00-ին պայքարի մեջ կմտնեն 61 կգ քաշային տղամարդիկ, Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնելու է Գառնիկ Չոլակյանը։
Լուսանկարը՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքէջից
Մեկնաբանել