HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Այսօր՝ ապրիլի 13-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։

Նախորդ երկու տարիներին թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը այս առաջնությանը մասնակցում է 20 մարզիկով՝ 10-ը կանանց, 10-ը՝ տղամարդկանց պայքարում։ Թե՛ մարզիկների ցանկում, թե՛ քաշային կարգերում նախորդ առաջնության համեմատ փոփոխություններ կան։

61 կգ տղամարդկանց պայքարում հանդես կգա Գառնիկ Չոլակյանը։ 

67 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն այս տարի հանդես կգա 73 կգ քաշայինների պայքարում։ Սահակյանը այս քաշում էր հանդես եկել նաև ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։

Ռաֆիկ Հարությունյանը կշարունակի պայքարը 81 կգ քաշային կարգում։

89 կգ տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանին այս տարի կփոխարինի Մնացական Աբրահամյանը։

Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանին այս տարի չենք տեսնի, 96 կգ քաշային կարգը փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը միայնակ կներկայացնի։ Մկրտչյանը աշխարհի 2024 թվականի առաջնության ժամանակ ուսի վնասվածքի պատճառով պայքարի մեջ չմտավ։

102 կգ տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանին և Սամվել Գասպարյանին այս տարի կփոխարինեն Արա Աղանյանը և Պետրոս Պետրոսյանը։ Սամվել Գասպարյանը նախորդ տարի հայտարերել էր, որ ավարտում է կարիերան ծնկի վնասվածքի պատճառով, իսկ այս տարվա փետրվարից Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։

Գարիկ Կարապետյանը հանդես կգա 109 կգ քաշային կարգում, որտեղ պայքարում կրկին կտեսնենք Սիմոն Մարտիրոսյանին։ Մարտիրոսյանը վերջին տարիներին հանդես էր գալիս գերծանր քաշային կարգում, սակայն վերադառնում է հարազատ քաշային կարգ։

Գերծանր տղամարդկանց պայքարում էլ ելույթ կունենա Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը։

Կանանց հավաքականը երկուական ներկայացուցիչ ունի 5 քաշային կարգում։ Նրանց թվում է Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրայի հետ ելույթ կունենա Իզաբելլա Յայլյանը։

76 կգ կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը։

81 կգ կանանց պայքարում այս տարի հանդես կգան Էմմա Պողոսյանը և Մարգարիտա Առաքելյանը, իսկ նախորդ տարի այս քաշային կարգը ներկայացնող Լիանա Գյուրջյանը Տաթև Հակոբյանի հետ հանդես կգա 87 կգ քաշային կարգում։

Ջուլիետա Ավանեսյանը և Մերի Թումասյանն էլ կմրցեն գերծանր կանանց պայքարում։

Մեր ծանրորդները մրցելույթները կսկսեն ապրիլի 14-ից։

🏋️‍♀️ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականների ելույթների ժամանակացույցը

14 ապրիլ

🕔 17:00 — 55 կգ կանանց պայքար
Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան

🕗 20:00 — 61 կգ տղամարդկանց պայքար
Գառնիկ Չոլակյան

16 ապրիլ

🕔 17:00 — 73 կգ տղամարդկանց պայքար
Գոռ Սահակյան

17 ապրիլ

🕗 20:00 — 81 կգ տղամարդկանց պայքար
Ռաֆիկ Հարությունյան

18 ապրիլ

🕔 17:00 — 89 կգ տղամարդկանց պայքար
Մնացական Աբրահամյան

🕗 20:00 — 76 կգ կանանց պայքար
Աննա Ամրոյան, Միլենա Խաչատրյան

19 ապրիլ

🕔 17:00 — 81 կգ կանանց պայքար
Էմմա Պողոսյան, Մարգարիտա Առաքելյան

🕗 20:00 — 96 կգ տղամարդկանց պայքար
Դավիթ Հովհաննիսյան

20 ապրիլ

🕒 15:00 — 102 կգ տղամարդկանց պայքար
Արա Աղանյան, Պետրոս Պետրոսյան

🕕 18:00 — 109 կգ տղամարդկանց պայքար
Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

🕘 21:00 — 87 կգ կանանց պայքար
Տաթև Հակոբյան, Լիանա Գյուրջյան

21 ապրիլ

🕑 14:00 — +87 կգ կանանց պայքար
Ջուլիետա Ավանեսյան, Մերի Թումասյան

🕔 17:00 — +109 կգ տղամարդկանց պայքար
Վարազդատ Լալայան

Տե՛ս նաև.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter