
Մեկ անձով աճուրդ կամ ակամա խոստովանություն՝ պետական ինստիտուտները վերացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարումը ստանձնելուց 7 տարի անց ինչ-որ մեկի «ահազանգից» տեղեկացել է, որ համայնքներում «ձևական աճուրդների հետ կապված խնդիրներ կան»: Կառավարության այս տարվա մարտի 13-ի նիստում զարմանքով պատմել է, որ համայնքային աճուրդում 1 քառակուսի մետրը 100 դրամով ձեռք բերված հողակտորը երկրորդային շուկայում 500 դոլարով է վաճառվում:
Նախկինների իրականացրած ձևական աճուրդների հետևանքները վերացնելու գործին լծված վարչապետը ինչ-որ մեկի ահազանգից է տեղեկանում, որ իր Կառավարությունը շարունակում է հողերի աճուրդներ իրականացնել ճիշտ այնպես, ինչպես «նախկինները»։
«Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում: Պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել»,- ասել է վարչապետը:
Սա խոստովանություն է՝ երկրի կառավարումից վարչապետի անտեղյակության և պետական ինստիտուտների չգործելու մասին։
Եվ այսպես՝ վարչապետն ումի՞ց և ինչպե՞ս պետք է տեղեկանար համայնքներում հողերի աճուրդների մասին։ Ոլորտի պատասխանատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունն է, որը մինչև իշխանափոխությունը, մեր պահանջով, համայնքներում իրականացվող հողերի աճուրդների վերաբերյալ ամփոփ վիճակագրություն էր կազմում ու հրապարակում պաշտոնական կայքում։
Ն․ Փաշինյանի կառավարման տարիներին ոչ միայն վիճակագրություններ չեն հրապարակվում, այլև, ինչպես պարզվում է վարչապետի խոստովանությունից, իրեն էլ չեն ներկայացնում։
Վերջին 7 տարիներին «Հետքը» շարունակել է համայնքներում հողերի ձևական աճուրդների վերաբերյալ հրապարակումները։ Կառավարության լրատվական ծառայությունները կա՛մ դրանք մամուլի տեսության մեջ չեն ներառում, կա՛մ ականջ չշոյող լուրերը վարչապետին չեն զեկուցում։
Վարչապետը հողերի աճուրդների համար պատասխանատու ՏԿԵ նախարարությունից հաշվետվություն և բացատրություններ պահանջելու փոխարեն, Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) և Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հանձնարարեց արգելել ձևական աճուրդները։
«Որտեղ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք: Հիմա հրապարակային ասում եմ: Եթե չկանգնեցնեն համայնքները, մենք կոնկրետ, չգիտեմ՝ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում: Ապա դիմեց մարզպետներին․«Գնացեք, բոլոր տեղերում հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք և կասեցրեք, մինչև նախնական այս հարցով գանք որոշակի եզրակացությունների»,– հանձնարարեց Ն․ Փաշինյանը:
Վարչապետի հանձնարարականի կատարմանը լծված ՊՎԾ–ն ապրիլի 4-ի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ մշտադիտարկումներ է իրականացնում համայնքային սեփականության հողերի աճուրդների ոլորտում՝ պարզելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը։ Ծառայության առաջարկով մի շարք մարզերում չեղարկվել են բազմաթիվ աճուրդներ։
Համայնքներից տեղեկացանք, որ աճուրդները չեն չեղարկվել։ Այս հանձնարարականից հետո համայնքներին երկու շրջաբերական է ուղարկվել։ Առաջինով պահանջել են կասեցնել հայտարարված աճուրդները, այնուհետև երկրորդ շրջաբերականն են ուղարկել, որով թույլատրվել է ավարտել ընթացիկ աճուրդները, բայց նոր աճուրդներ չհայտարարել։
«Ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողատարածքներն աճուրդների արդյունքում օտարվել են հիմնականում մեկնարկային արժեքներով, ինչը կարող է վկայել այն մասին, որ աճուրդի կազմակերպիչների կողմից առնվազն չի ապահովվել պատշաճ մրցակցություն ․․․ »,- հայտնում է ՊՎԾ-ն։
ՊՎԾ-ն, եթե իրականում հողերի աճուրդների մշտադիտարկում իրականացներ, կպարզեր, որ հողատարածքներն աճուրդների արդյունքում հիմնականում օտարվել են ոչ թե մեկնարկային, այլ ավելի ցածր՝ կադաստրային արժեքներով։ Եվ աճուրդները մրցակցային չէին կարող լինել, որովհետև դրանց հիմնականում մեկ անձ է մասնակցել։
«Աճուրդ» բառի բառարանային բացատրությունը հետևյալն է՝ «հրապարակային վաճառք, որի ժամանակ վաճառվող ապրանքը մնում է ամենաբարձր գին առաջարկողին»:
Եվ թվում էր՝ մոտ էին լուծումները։ 2020թ. հունիսի 18-ին, այնուհետև 2021 թ. ապրիլի 19-ին ԱԺ-ն լրացումներ և փոփոխություններ կատարեց «Հողային օրենսգրքում», որով էապես փոխվեց հողերի աճուրդ իրականացնելու կարգը։ Ի զարմանս մեզ, կատարված փոփոխություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թույլատրեց մեկ մասնակցով աճուրդ իրականացնել։
Այսինքն, աճուրդի դրված հողատարածքը կադաստրային արժեքով դիմումատուին վաճառելն այլևս հանցագործություն չի կարող համարվել։ Կադաստրային արժեքով հողեր գնողներն այլևս ապօրինի գույք ունեցողներ չեն համարվի։
Այս դեպքում հարց առաջացավ․ իրավական առումով, արդյոք, միայն աճուրդին մասնակցելու դիմում ներկայացնելը բավարա՞ր է, որպեսզի հողատարածքը կադաստրային արժեքով վաճառվի դիմումատուին։
ՏԿԵ նախարարությունն այդպես էլ չարձագանքեց մեր հրապարակումներից մեկում արված հարցադրմանը՝ կարո՞ղ է աճուրդ իրականացվել մեկ մասնակցով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրականացրած օրենսդրական փոփոխության նպատակն արդյոք համայնքների ներկայիս ղեկավարներին արտոնություն շնորհելը չէ՞ր։
Կառավարությունը քննարկում է օրենսդրական փոփոխություններ անելու անհրաժեշտության հարցը
2025թ․ մարտի 18-ին վարչապետի հրամանով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մեկ ամսում օրենսդրական փոփոխություններ մշակելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություններ պետք է ներկայացնի: «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման և այլն խնդիրներ կարգավորելու համար․․․»,- ասվում է որոշման մեջ։
Աշխատանքային խումբը մեկ անգամ արդեն հավաքվել է ՏԿԵ նախարարությունում և քննարկել վարչապետի հանձնարարականը։ Այնուհետև մարզպետները հավաքել են համայնքների ղեկավարներին, նրանց հետ քննարկել վարչապետի տված հանձնարարականը և «լսել համայնքների ղեկավարների մտահոգությունները»:
Երբ «Քաղաքացիական պայմանագիրը» 2018թ․-ին ստանձնեց երկրի կառավարումը, կայքում արդեն քննարկվել էր մի նախագիծ, որը նպատակ ուներ բացառելու համայնքներում հողերի ձևական աճուրդների իրականացումը։ Նախագիծը հեղինակել էինք մենք՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն և ՏԿԵ նախարարությունը: Նախագիծը մշակել էինք ավելի քան մեկ տասնամյակ իրականացրած ուսումնասիրության հիման վրա, ՏԿԵ նախարարության հետ քննարկումների արդյունքում։ Մեր բոլոր առաջարկները չէ, որ տեղ գտան նախագծում, բայց քաղաքական կամք ունենալու դեպքում, եղածն էլ բավարար էր ձևական աճուրդներին վերջ տալու համար։
- «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում»
- «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում»
2022թ.-ին հնարավորություն ունեցանք մշտադիտարկելու, թե օրենսդրական փոփոխությունները որքանո՞վ բարելավեցին աճուրդների գործընթացը, որքանո՞վ նվազեցրին կոռուպցիոն ռիսկերը, որքանո՞վ նպաստեցին համայնքային բյուջեներում ֆինանսական մուտքերի ավելացմանը։
Այստեղ մեկ անգամ էլ ներկայացնենք մեր վերլուծության արդյունքում արված եզրահանգումները․
- մեր առաջարկով արված օրենսդրական փոփոխությունները լիովին արդարացված են։ Այն համայնքներում, որոնք կիրառել են օրենքը և նպատակ են ունեցել իրական ու մրցակցային աճուրդներ կազմակերպելով ավելացնել համայնքային բյուջեն՝ հողերի վաճառքը մեծ եկամուտ է ապահովել։ Աճուրդի դրված գույքի համար մեկնարկային գին սահմանելու և սակարկության միջոցով գույքի արժեքը մոտեցվել է շուկայականին կամ վաճառվել է շուկայական գնով։
- համայնքների մեծ մասում հողերի աճուրդով վաճառքը շարունակում է ձևական բնույթ կրել։ Աճուրդի կազմակերպիչներից շատերը, թերևս տեղեկացված չեն, որ 2020թ․-ի հունիսի 18-ի օրենսդրական փոփոխություններից հետո կարող են մեկ մասնակցով աճուրդ իրականացնել, միայն թե օրենսգրքում դրան անվանում են ուղիղ վաճառք, ոչ թե աճուրդ։ Նախկին իներցիայով երկրորդ անձի ձևական ներկայություն ապահովելն այլևս աճուրդի օրինականության ապացույց չէ։
- ՏԿԵ նախարարությունը ճանաչո՞ւմ է Արարատի մարզի համայնքներում այն հողակտորների վաճառքի օրինականությունը, որոնք վաճառվել են կադաստրային արժեքի 30 կամ 50 տոկոս արժեքով, երբ օրենքն այդ մարզին արգելում է 100%-ից ցածր գնով հողի վաճառքը։
Այս եզրահանգումներն ուշադրության չարժանացան և համայնքներում շարունակեցին նույն մեթոդով հողեր վաճառել։
2024թ․-ին հողերի աճուրդ–վաճառքներ ենք ուսումնասիրել մի քանի համայնքում։ Ծաղկաձոր համայնքի մասին հրապարակումներից մեկում գրել ենք․ «Հանգստյան և տուրիզմի քաղաք Ծաղկաձորի հողերի մեծ մասն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող հանգստյան գոտու և անտառային հողեր են։ Համայնքապետարանը մի կողմ է դրել քաղաքի գլխավոր հատակագիծը և վաճառքի է հանել այդ հողամասերը։
Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հողերի վաճառքն իրականացում է մի մասը՝ աճուրդի անվան տակ, մի մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձևերի միջև եղած տարբերությունը վաղուց վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ով է գնորդը։ Երկու դեպքում էլ հողամասերը վաճառում են կադաստրային արժեքով։ Աճուրդ–վաճառքների ժամանակ սակարկողներ չեն եղել, բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում կադաստրային արժեքին մի փոքր գումար են հավելել»։
Աշտարակ համայնքի հողերի աճուրդային վաճառքի նախորդ երեք տարիների համեմատականը ցույց է տալիս, որ 2022-2023թթ.-ին համայնքի ղեկավարը հողերն ավելի ցածր արժեքով է վաճառել, քան 2021թ․-ին։ Թե ինչու 2022թ․–ին Աշտարակ համայնքում հողի արժեքը կտրուկ իջավ, Կառավարությունում թերևս չեն հետաքրքրվել, այդ պատճառով անկման տենդենցը շարունակվել է նաև 2023թ․–ին։ Աշտարակ համայնքում աճուրդի դրված հողերի 90%–ից ավելին վաճառել են կադաստրային արժեքով։
Այլ կերպ ասած՝ աճուրդ տեղի չի ունեցել, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ մեկ լոտ հողը վաճառվել է կադաստրային արժեքի 200%–ով։ Տվյալ դեպքում, ավելի ճիշտ է այս գործընթացը ոչ թե աճուրդ-վաճառք անվանել, այլ ուղղակի վաճառք, քանի որ հողամասերը դիմումատուներին օտարվել են կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կանոններով։
Վայքի համայնքապետարանը 2024թ․ հունիսի 11-ին և հուլիսի 29-ին հայտարարված «բաց դասական աճուրդ–վաճառքի» վերաբերյալ համայնքի ղեկավարի բոլոր որոշումներում նշվում է, որ հողամասերը վաճառվել են «աճուրդի միակ մասնակցին»։ Այսինքն՝ սակարկություն տեղի չի ունեցել, հողերի արժեքը չի բարձրացել։ Կադաստրային արժեքով վաճառված հողամասերն առանձնապես եկամուտ չեն ապահովել համայնքի համար, 14 լոտ հողերի վաճառքից համայնքային բյուջե մուտք է եղել ընդամենը 6 մլն 685 700 դրամ։ Այս սկզբունքով են իրականացվել նաև 2023թ․-ի աճուրդները, բոլոր հողերի գնորդները «միակ մասնակիցներն» են, և այն գնել են կադաստրային արժեքով։
Մեկ այլ արտառոց դեպք էլ բացահայտեցինք Արմավիրի մարզի Վանանդ համայնքում։ 2021թ․-ին երկու հոգի մասնակցել են աճուրդին, և հողի վաճառքի արժեքը դրանից նվազել է։ Հողը վաճառվել է մեկնարկային գնից՝ 166 000 դրամ, իսկ կադաստրային արժեքից՝ 158 000 դրամ (76%) պակաս գումարով, որն օրենքի ակնհայտ խախտում է։
Հիշեցնենք, որ Հայաստանում աճուրդներն անց են կացվում դասական (գնի ավելացման) եղանակով, և սակարկության ժամանակ արժեքը պետք է ավելանա, ոչ թե պակասի։ Հողային օրենսգրքի 68 հոդվածի 8-րդ կետը սահմանում է. «Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը»:
Ամփոփելով աճուրդների թեման՝ հարց ենք ուղղել Քննչական կոմիտեին՝ գուցե հստակեցնեն, թե իրենց ընկալմամբ ո՞րն է օրինական օտարումը և գնահատեն այսօր իրականացվող աճուրդները՝ օրինականությունը պահպանելու, աճուրդ հասկացությունը չիմաստազրկելու, հանրային ունեցվածքը չվատնելու համար։
Կառավարությունը վարչական և հանրային նյութական ռեսուրսը մեծ չափերով մսխում է անցյալում կատարված «հողատարածքների ապօրինի օտարման» անիմաստ և անհեռանկարային գործերը քննելու վրա՝ այսօր կատարվողի գնահատումը պատվիրակելով հաջորդ իշխանություններին։
ՊՎԾ–ն հայտնում է, որ վարչապետի հանձնարարականի շրջանակում ոլորտի լիազոր մարմին հանդիսացող ՏԿԵ նախարարությանն առաջարկվել է վերը նշված (նկատի ունի Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ակունք և Գառնի, ինչպես նաև Շիրակի մարզի Ամասիա համայնքները, հեղ․) աճուրդների կազմակերպիչների հետ քննարկել դրանց չեղարկման իրավական հիմքերը, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի ու համայնքների ղեկավարների հետ իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։
Ի սկզբանե այս հարցը ոչ թե ՊՎԾ-ի ու ԱԱԾ–ի քննարկման շրջանակում պետք է լիներ, այլ ՏԿԵ նախարարության։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողություն է իրականացնում ՏԿԵ նախարարությունը։ ՏԿԵՆ-ը իրավական հսկողությունն իրականացնում է անմիջականորեն կամ մարզպետների միջոցով։
Նրանք իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին, որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում (հոդված 98), տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
ՏԿԵ նախարարության կառուցվածքում վերջին տարիներին մի ամբողջ վարչություն է ստեղծվել այդ նպատակով։ Վարչական վերահսկողության վարչության գործառույթը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունն է։ Իրավական հսկողության մեթոդաբանությամբ սահմանված է, որ արդյունքները պետք է ամփոփել, վերլուծել և լուծումներ փնտրել:
2018թ․-ից երկրի կառավարումը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա ներկայացուցիչ ՏԿԵ նախարարները երբևէ չեն հրապարակել վերահսկողության վարչության մոնիթորինգներն ու հաշվետվությունները։ Երբևէ չեն հրապարակել իրենց գործունեության շրջանում իրականացված աճուրդների հաշվետվությունները և գնահատական չեն տվել դրանց։ Հավանաբար այն պատճառով, որ ՏԿԵ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում հարկադրված չլինի 20 օրվա մեջ, այսօր պաշտոնավարող համայնքների ղեկավարներին ու ավագանուն պարտավորեցնել անվավեր ճանաչել ընդունած որոշումները, իսկ մերժվելու դեպքում՝ դիմել դատարան։
Մեկ անգամ էլ կրկնենք 2019թ․-ին, դարձյալ համայնքներում հողերի աճուրդների թեմայով արված հրապարակման հարցադրումը՝ «Ինչո՞ւ է վարչապետի գայթակղությունը մնում հանցագործներ «որսալը»։ Այս հրապարակման մեջ արված բոլոր հարցադրումներն արդիական են նաև այսօր։ Կոռուպցիայի նկատմամբ «0 հանդուրժողականություն» հայտարարած վարչապետի գայթակղությունը շարունակում է մնալ հանցագործներ «որսալը»։
Իրավական պետությունում կառավարումն ինստիտուտների միջոցով է իրականացվում, ոչ թե իրավապահների ու ստուգողների։ «Համայնքների հետևից ընկնելը» հետապնդում է համարվում, ոչ թե կառավարում։
Գլխավոր նկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել