HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աբովյան համայնքն ինքն իր դեմ հայցեր է հարուցել․ դատարանը վերադարձրել է դրանք

Աբովյան համայնքը հոկտեմբերի 24-ից սկսած 45 հայց է ներկայացրել վարչական դատարան՝ Աբովյան քաղաքային համայնքից տարբեր տարիների աճուրդով կամ վարձակալությամբ քաղաքացիների ձեռք բերած անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Աբովյան համայնքը հայցերը ներկայացրել է ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի և Աբովյան համայնքի ավագանու՝ պահանջելով անվավեր ճանաչել գույքն օտարելու մասին Աբովյան քաղաքային համայնքի ավագանու որոշումը, հողամասն աճուրդով վաճառելու մասին համայնքի ղեկավարի որոշումը, 45 քաղաքացիների վերաբերյալ կայացված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագրերը և իրավական այլ ակտեր։ 

Հայցադիմումները մակագրվել են վարչական դատարանի տարբեր դատավորների։ Բոլորն էլ հայցերը վերադարձնելու որոշում են կայացրել նույն հիմքով՝ Աբովյան համայնքն, ըստ էության, հայցը հարուցել է ինքն իր դեմ, որի դեպքում չի կարող առկա լինել որևէ վեճ: «Հայցը, ըստ էության, ներկայացվել է Աբովյան համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի անունից ընդդեմ նույն համայնքի ղեկավարի՝ նույն համայնքի ղեկավարի կողմից ընդունված որոշումները վերացնելու պահանջով ․․․։ Վարչական դատավարության օրենսգիրքը հիմնված է դատավարության տարբեր մասնակիցների միջև վեճի լուծման իրավազորության վրա, և այն չի թույլատրում նույն անձի կողմից ինքն իր դեմ հայցի հարուցումը ․․․»,- նշվում է հայցերը վերադարձնելու որոշումների մեջ։ 

Աբովյանի համայնքապետարանում մի ամբողջ իրավաբանական բաժին է գործում՝ 10 իրավաբաններով, և հայցերը վարույթ չընդունելը չէր կարող կանխատեսելի չլինել նրանց համար։ Սակայն պարտավորված են եղել ներկայացնելու։ «Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Շառոյանը 20.09.2022թ․-ին գրությամբ իրազեկել է Աբովյան համայնքի ղեկավար էդուարդ Բաբայանին, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում գտնվող քրեական գործով հիմնավորվել է կադաստրային ծածկագրերով հողատարածքների ապօրինի օտարման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմնին վնաս պատճառված լինելու հանգամանքը ․․․»,- ասվում է դատարանի որոշման մեջ։

Քննչական կոմիտեում (ՔԿ) Աբովյան համայնքի նախկին երեք պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը դեռևս չի ավարտվել, բայց ՔԿ-ն արդեն հիմնավորված է համարել կադաստրային 73 ծածկագրերով հողերի օտարման ապօրինությունը։ Խոսքն այն հողերի մասին է, որոնք օտարվել կամ վարձակալության են տրվել 2004թ․-ից սկսած։ 

Դատարանը հայցերը վերադարձնելու որոշման պատճառաբանական մասում հիմնավորել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ։ 

Անվավեր ճանաչողն էլ, ըստ դատարանի իրավական վերլուծության, նույն վարչական մարմինն է։ «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ դրանք փոփոխելու իրավասությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին»։ Տվյալ դեպքում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կամ նախարարի հրամանով այդ գործառույթն իրականացնող մարզպետարաններին։ 

Մեր իրականության մեջ վարչական հսկողություն իրականացնողները երբևէ այդպիսի նպատակ չեն հետապնդել։ Աբովյան համայնքի դեպքում՝ դատական կարգով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից զրկելու որևէ իրավանորմ չկա։ Աճուրդներն ու մրցույթներն անվավեր ճանաչելու վաղեմության ժակետներն անցել են, վաճառված հողերը հիմա ազատ հողատարածքներ չեն, դրանց վրա շինություններ են կառուցվել, որոշները նաև  վերավաճառվել են, բարեխիղճ ձեռքբերող ունեն և այլն։

ՔԿ-ում նույնպես գիտեն, որ հայցերը դատական հեռանկար չունեն, բայց ամեն մեկը զբաղված է աշխատելու պատրանք ստեղծելով։ Սա նույնպես պետական ռեսուրսի վատնում է։ Առնվազն ծանրաբեռնում են դատարանները և հարկադրում աշխատանքային ռեսուրսը ծախսել տասնյակ էջերով ձևական հայցերի վերադարձը հիմնավորելու, դրանք կայքում տեղադրելու համար։ Որոշումները հայցվորին առաքելու համար փոստային հավելյալ ծախսեր են կատարում, որը բավականին մեծ գումար է և այլն։ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի ավարտն էլ է կանխատեսելի, բայց առաջ չընկնենք։ 

Այստեղ շատ ավելի կարևոր է այն հարցը, թե ՔԿ-ն ո՞րն է համարում հողատարածքների ապօրինի օտարում ։ Այն, որ աճուրդի ժամանակ իրական մրցակցություն չի՞ եղել, աճուրդը կազմակերպելու ընթացակարգե՞րն են խախտվել, մասնակիցները ձևակա՞ն են եղել և առանց սակարկությա՞ն են հողերն օտարել և այլն։ Եթե սրանցից որևէ մեկն է, ապա այսօր էլ աճուդներն իրականացվում են ճիշտ այնպես, ինչպես 2004, 2005 թվականներին և հետագա տարիներին։ Բայց այսօր դրանք «ապօրինի օտարում» չեն համարվում, ավելի ստույգ՝ ոչ ոք գնահատական չի տալիս այսօր իրականացվող աճուրդներին, որպեսզի հասկանալի լինի օրինականության և անօրինականության սահմանը։ 

Քննչական կոմիտեն այսօր իրականացվող աճուրդների գնահատումը պատվիրակում է հաջորդ իշխանություններին

Վերջերս անդրադարձել ենք մեկ տարի առաջ համայնքներում իրականացված աճուրդներին և ծանրակշիռ փաստարկներ ենք հրապարակել անօրինականությունների մասին։ Ո՛չ համայնքներում հսկողություն իրականացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է արձագանքել, ո՛չ իրավապահները, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված տարատեսակ կառույցները։  

Այդուհանդերձ, շարունակենք օրենքի հետ հակասություն ունեցող ևս մի քանի փաստարկ ներկայացնել մեկ տարի առաջ համայնքներում իրականացված աճուրդներից։ Քննչական կոմիտեն գուցե ընդհանրություններ գտնի քննվող գործի և հընթացս տեղի ունեցողի միջև։ Ի դեպ, այսօրինակ փաստեր հրապարակել ենք մեր նախորդ տարիների հետազոտությունների մեջ։

Արմավիրի մարզի Արտամետ համայնքում 2021թ․-ին 8 լոտ գյուղատնտեսական և 6 լոտ բնակավայրի նշանակության հողեր են օտարել աճուրդ-վաճառքով։ Բոլոր լոտերի վաճառքին 12 անձ է մասնակցել, սակայն, պարզվում է՝ նրանք սակարկելու համար չէին մասնակցում աճուրդին։ Բոլոր լոտերն աճուրդի են դրվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, քանի որ սակարկության ժամանակ յուրաքանչյուր քայլը պետք է կազմի գույքի մեկնարկային գնի 5%-ը, դրանք վաճառվել են 105%-ով, այսինքն՝ վաճառքի և մեկնարկային գնի տարբերությունը կազմում է 5%։ Ստացվում է, որ 11 մասնակիցները գնային առաջարկ չեն ներկայացրել, իսկ գնորդը, կադաստրային արժեքին ընդամենը մեկ քայլ  հավելելով, գնել է հողը։ Նշենք, որ խոսքը մեծ չափերի հողակտորների մասին է՝ մի քանի լոտերով գյուղնշանակության հողատարածքների չափը 4-5 հեկտար է կազմում։

Արարատի մարզի Աբովյան համայնքում ջրային հողերը, պտղատու այգին և վարելահողերը կադաստրային արժեքով են վաճառվել։ Չնայած նրան, որ աճուրդի մասնակիցները երկուսն են եղել, նրանք սակարկելու համար չեն մասնակցել։ Պարզապես հետաքրքիր է՝ աճուրդավարն ինչպե՞ս է որոշել, թե նրանցից ով տիրանա այդ հողին։

Արագածոտնի մարզում 2021թ․-ին 311 հեկտար հող են վաճառել, 315 լոտի վաճառք իրականացրել է միայն Աշտարակ համայնքը՝ հիմնականում վաճառելով գյուղնշանակության, բնակելի և հասարակական կառուցապատման և մեկ լոտ արդյունաբերական նշանակության հողեր։ Գյուղնշանակության հողերի փոքր լոտերը վաճառվել են համեմատաբար բաձր գնով, որոնք առանձնապես մեծ գումար չեն կազմում, իսկ մեծ տարածքներով հողերի վաճառքին գրեթե գումար չի ավելացել։

Աշտարակ քաղաքում բնակավայրի և հասարակական կառուցապատման հողերն օտարվել են կադաստրային արժեքի 105%-ով։ Վաճառված հողերի վիճակագրությունից պարզվում է, որ Աշտարակում արոտավայրի համար ավելի մեծ մրցակցություն կա, քան՝ բնակավայրի և հասարակական կառուցապատման հողերի։ Արոտավայրի հողերի լոտերից մեկը վաճառվել է կադաստրային արժեքի մոտ 1200%-ով, քանի որ այդ հողերի կադաստրային արժեքը շատ ցածր է՝ 1քմ-ի արժեքը՝ 8․15 դրամ, այս դեպքում ցանկացել են տպավորիչ տոկոս ցուց տալ։

Ապարան քաղաքում, Ապարան համայնքի Չքնաղ, Լուսագյուղ, Թթուջուր և այլ բնակավայրերում մեծ թիվ են կազմում կադաստրային արժեքի 50%-ի սահմանագծում վաճառված հողերը։ Բնակավայրի կառուցապատման և վարելահողերը վաճառել են կադաստրային արժեքի 52-70%-ի սահմանում։ Օրենսդրության հետ հակասություն չկա՝ Ապարան քաղաքը և նրա կազմում ընդգրկված հիշյալ բնակավայրերն, ըստ Կառավարության 1998թ․ թիվ 756 որոշման, համարվում են լեռնային բնակավայրեր։ Հողային օրենսգրքի 67 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից․․․»։

Բայցևայնպես, երբ խոսքն աճուրդի մասին է, պետք է հասկանալ, թե ինչու երկու մասնակցով աճուրդ իրականացնելու դեպքում հողի արժեքը կադաստրային արժեքի 100%-ին չի հասնում։

Նշենք նաև մեր նախորդ հրապարակման մեջ հիշատակված մեկ այլ արտառոց դեպքի մասին, որը գրանցվել է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում, երբ երկու հոգի մասնակցել են աճուրդին, և հողի վաճառքի արժեքը դրանից նվազել է։ Հողը վաճառվել է մեկնարկային գնից 166 000 դրամ, իսկ կադաստրային արժեքից՝ 158 000 դրամ (76%) պակաս գումարով, որն օրենքի ակնհայտ խախտում է։ Հիշեցնենք, որ Հայաստանում աճուրդներն անց են կացվում դասական (գնի ավելացման) եղանակով, և սակարկության ժամանակ արժեքը պետք է ավելանա, ոչ թե պակասի։ Հողային օրենսգրքի 68 հոդվածի 8-րդ կետը սահմանում է. «Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը»:

Ամփոփելով աճուրդների թեման՝ մեր հարցն ուղղենք Քննչական կոմիտեին՝ գուցե հստակեցնեն, թե իրենց ընկալմամբ ո՞րն է օրինական օտարումը և գնահատեն այսօր իրականացվող աճուրդները՝ օրինականությունը պահպանելու, աճուրդ հասկացությունը չիմաստազրկելու, հանրային ունեցվածքը չվատնելու համար։ Վարչական և հանրային նյութական ռեսուրսը մեծ չափերով մսխվում է անցյալում կատարված «հողատարածքների ապօրինի օտարման» անիմաստ և անհեռանկարային գործերը քննելու վրա՝ այսօր կատարվողի գնահատումը պատվիրակելով հաջորդ իշխանություններին։ 

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter