HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինչո՞ւ է վարչապետի գայթակղությունը մնում հանցագործներ «որսալը»

Կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ նման է պլանային ցուցանիշ ապահովելուն: Հարուցված քրեական գործերի թվաքանակի առումով «պայքարը» լիովին հաջողված է, արդյունավետությունը գնահատելու չափանիշով՝ տեսանելի ցուցանիշներ չկան: 

Քրեական պատասխանատվության ենթարկելը կոռուպցիայի դեմ պայքարի էլեմենտներից է, բայց ոչ հիմնականը: Քրեական գործերով բացահայտումները Կառավարության համար հնարավորություն են վերլուծելու ոլորտում առկա բացերը՝ կոռուպցիան կրճատելու իրավական հիմքեր ստեղծելու համար, պլանավորել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն դրանք կանխարգելելուն կամ նվազագույնի հասցնելուն:

Գլխավոր դատախազությունը 2018 թ.-ի հունիսին ամփոփելով մի քանի ամիսների աշխատանքը տեղեկացրեց, որ քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու եւ այլ հանցագործությունների վերաբերյալ 71 քրեական գործ է քննվում (բացահայտումները դրանից հետո էլ շարունակվել են- Ս.Պ.): 

Բացահայտված հանցագործությունների մեջ տեսակարար կշիռ են կազմում «կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերն ակնհայտ ցածր գներով օտարելու դեպքերը»: Քրեական գործերի քննությունները հուշում են նաեւ օրենսդրական այն բացերը, որոնք հնարավորություն են տալիս համայնքապետերին կեղծ աճուրդներ իրականացնել:

Չնայած նրան, որ դատախազությունը նաեւ թվեր է հրապարակում պատճառված վնասը վերականգնելու մասին, սակայն ամբողջական վնասը հնարավոր չէ վերականգնել: Նաեւ այն պատառով, որ աճուրդների դեպքում հնարավոր չէ վնասի չափի իրական հաշվարկ կատարել: Լավագույն դեպքում, այդ հաշվարկի հիմքում հողի կադաստրային արժեքի 100%-ն է ընկած, որը չի կարող աճուրդով վաճառվելիք գույքի արժեք դիտարկվել: 

Մեր հետազոտություններում՝ «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում», «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» վերլուծել ենք կեղծ աճուրդներ իրականացնելու բոլոր այն տարբերակները, որոնք կիրառում են համայնքապետերը: Օրենսդրական անկատարությունը նրանց հնարավորություն է տալիս առավելագույն շահույթ ապահովել յուրաքանչյուր հողակտորից, իսկ համայնքային բյուջեն «հարստացնել» մի քանի դրամով: Շատ հաճախ, դա արվում է առանց օրենսդրությունը խախտելու, եւ ոչ ոք չի կարող համայնքի ղեկավարին մեղադրել այն բանում, թե ինչու են աճուրդի մասին տեղյակ եղել միայն ինքը եւ փաստացի գնորդը: Ինչո՞ւ է միայն երկու հայտ ներկայացվել տվյալ գույքը գնելու համար կամ ինչու հայտատուներից մեկը չի սակարկում, եւ գույքը վաճառվում է գրեթե մեկնարկային գնով եւ այլն:

Մինչեւ 2018 թ.-ի իշխանափոխությունը տարածքային կառավարման նախարարության հետ միասին ներկայացրել էինք մի օրենսդրական նախագիծ, որով  մասնակիորեն կարգավորվում էին աճուրդային գործընթացի որոշ հարցեր: Մասնավորապես. դրանով բացառվելու էր հողը կադաստրային արժեքի 30-50%-ով օտարելը, լրագրողները հնարավորություն կունենային ներկա գտնվելու աճուրդներին եւ այդ դեպքերում կբացառվի աշխատասենյակներում, առանց աճուրդ իրականացնելու ոչ իրական հայտատուների անձնագրերով հողերը վաճառելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմելու հնարավորությունը, մասնակիցներն օտարվող գույքի մեկնարկային գնի 5%-ը կվճարեն որպես նախավճար եւ ոչ թե համայնքի ղեկավարի կամայական որոշած 1000 կամ 2000 դրամը, սակարկության յուրաքանչյուր քայլը կհաշվարկվի մեկնարկային գնի 5%-ի չափով եւ այլն: 

Սա, իհարկե, համայնքային գույքը աճուրդով վաճառելու մեր երազած տարբերակը չէր, բայց անգամ օրենսդրության այս ոչ ամբողջական կանոնակարգումն զգալիորեն կնպաստի կամայականությունների կրճատմանը, եւ համայնքային բյուջեի մուտքերն ավելացնելուն: Դա է պահանջում համայնքային շահը՝ գույքը վաճառելու նպատակը համայնքային բյուջե մուտքեր ապահովելն է, համայնքապետի շահագրռվածությունը պետք է լինի գույքը հնարավորինս թանկ վաճառելը: 

Համայնքային գույքի կառավարման եւ աճուրդների վերաբերյալ մեր ամբողջական պատկերացումներն ու առաջարկները ներկայացրել էինք նախորդ կառավարությանը, որին, բնականաբար, ընթացք չտրվեց: Բայց մեր 4 տարվա աշխատանքի արդյունքում հասանք նրան, որ այդ առաջարկների մի մասն օրենսդրական նախագծի տեսք ստացավ: Սակայն մեկ տարի առաջ նոր Կառավարությունն արխիվացրեց նախագիծն ու մոռացավ այդ մասին: Այն դեպքում, երբ մեր կողմից վիճարկվող «Հողային օրենսգրքի» 68 հոդված-ի 6-րդ մասը Սահմանադրական դատարանը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, մնում էր միայն խորհրդարանում վավերացնել փոփոխությունը: 

Հնարավո՞ր էր պատկերացնել, որ կոռուպցիայի նկատմամբ «0 հանդուրժողականություն» հայտարարած վարչապետի գայթակղությունը մեկ տարի հետո էլ կշարունակի մնալ հանցագործներ «որսալը» եւ ոչ թե օր առաջ օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելը: Հատկապես, երբ հանցագործ հայտարարվածներն առանձնապես պատասխանատվություն չեն էլ կրել, իսկ տարածքային կառավարման նախարարությունը դեռեւս չի հրապարակել, թե համայնքներն ինչ են շահել քրեական գործեր հարուցելուց, դրանց արդյունքում ինչքան գումար է վերադարձվել համայնքային բյուջե: Ինչ վերաբերում է հանցանքը կատարած համայնքապետերին պատժելու միջոցով կորուստները փոխհատուցելուն, բերենք մի օրինակ:

Արարատի մարզի Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը մեղադրվեց 2006-2007 թթ. ընթացքում ձեւական բնույթ կրող աճուրդներով համայնքի 39 հա հողատարածքն իր մերձավորին օտարելու մեջ (Մանուկ Օհանյանը համայնքի ղեկավարն է 2002 թ.-ից): Աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-50%-ի չափով: Մանուկ Օհանյանը շարունակում է պաշտոնավարել Ռանչպար համայնքում, իսկ նրա «մերձավորն» էլ շարունակում է տիրապետել իր սեփականությունը:

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող քրեական գործով 15 հողատարածք կեղծ փաստաթղթերով Աբրահամյանի ազգականներին վաճառելու մասին։  «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների եւ աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

ՀՔԾ-ն այս գործով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը պարտավորեցրել է՝ «օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու եւ նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան եւ Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնել»: Նախարարությունն իր հերթին համայնքների ղեկավարներին է այդ հանձնարարականը տվել, սակայն հայտնի չեն օրենսդրական այն մեխանիզմները, որով համայնքի ղեկավարը կարող է վերցնել քաղաքացու տասնամյակների սեփականությունը:

Առայժմ միայն մեկ դեպքով է իրատեսական հողերը վերադարձնելը: Խոսքը Սյունիքի մարզի Կարճեւան համայնքի հողերի մասին է, որը կեղծ աճուրդներով համայնքային հողերը սեփականացնելու մասին ամենաամղկահարույց պատմությունն էր: Նախորդ Կառավարությունն այդ հողերը նախատեսել էր «Մեղրիի ազատ տնտեսական գոտի» հիմնելու համար, իսկ «հոտն առած» պաշտոնյաները շտապել էին Կարճեւան համայնքի ղեկավարի հետ համաձայնության գալ, սեփականացնել հողատարածքը՝ ապագայում Կառավարությանը թանկ գնով վաճառելու ակնկալիքով

Իսկ մյուս՝ տասնյակ հազարավոր դեպքերի համար ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու եւ, արդյոք, հնարավո՞ր է ծաղկաքաղով վերականգնել անցյալում կատարված համայնքային ունեցվածքի համատարած թալանը: 

Կառավարության խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում պատճառները վերացնելը պետք է լինի: Հանցանքը կանխելն ավելի հեշտ չէ՞, քան կորուստները վերականգնելը: Ի՞նչ անել, որպեսզի այս իշխանության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը նախորդիների «պայքարի» շարունակությունը չդառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter