HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրենցից ֆրանսիական դուխու հոտ է գալիս, աղքատներից՝ ծխի ու փեջի հոտ»,- ասում է 6 երեխաների հայրը

Գրետան՝ սննդի առաքման ծառայություններից մեկի մեծ պայուսակը ուսերին, ձմռանը պատվերներ էր մատակարարում ոտքով: Եղել է, որ Երեւանի «Փակ շուկայի» մոտից մինչեւ Նորք-Մարաշ քայլել է՝ պատվերը տեղ հասցնելու համար: Օրեր էին լինում, երբ տասնյակ կիլոմետրեր էր քայլում ու ճանապարհին անընդհատ մտածում էր: Հոգսերն առաքման պայուսակից ավելի ծանր էին թվում:

Հիմա երբ գարուն է, նա օգնում է ամուսնուն հողագործական, շինարարական աշխատանքի մեջ:

Ամուսինները բնակվում են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վարձակալած միհարկանի փոքր տանը, որն ունի երկու փոքր սենյակ ու խուց հիշեցնող մի խոհանոց: Այստեղ ապրում են արդեն 5 տարի: Հյուրասենյակը թե՛ ննջասենյակ է, թե՛ նախասրահ: Այստեղ հիմնական գույքը մեծ մահճակալն է, որտեղ ամուսիններն ու 3 անչափահաս երեխաներն են տեղավորվում, իսկ հարեւան ավելի փոքր սենյակում՝ երկու հնամաշ մահճակալներին, երեխաներից 3-ը: Զգեստապահարանն առանց դռների է, որտեղից երեւում է հագուստի կոկիկ դասավորությունը: Առհասարակ ամբողջ տունը կոկիկ ու մաքուր է:

Մեր զրույցի ընթացքում լվացքի ժանգոտած մեքենայի ձայնն է լսվում: Երեխաներից Ռոզին ելումուտ է անում սենյակ, հենվում մորը, ապա գրկում նրան: Ձմռանը, երբ վառարանով ջեռուցում էին տունը, Գրետան հաց էր թխում: Հիմա վառարանը հանել են, հացը գնում են խանութից:

Կարենի դեմքին ծանր օրերի դրոշմն է. այդ օրերը ժամանակից շուտ կնճիռներ են թողել: Կարենը ծնվել ու մեծացել է Արցախում: Այդտեղ էլ հանդիպել է Գրետային, որը մայրական կողմով Արցախից է: Կարենն ու Գրետային եղբայրը զինակիցներ են եղել:

Ամուսնանալուց տարիներ հետո մեկնել են Ռուսաստան, որտեղ էլ ծնվել են երեք զավակները՝ Դավիթը, Էրիկն ու Ինարան: 2016 թ. վերադարձել են Հայաստան:

Գրետան ասում է, որ Փարաքարում իր հայրական տանն էին ապրում, բայց երբ հարազատներն այն վաճառեցին, իրենք հայտնվեցին դրսում: Երեխաների հետ երկու գիշեր անցկացրել են դրսում՝ մշակույթի պալատի բակում: Այդ ժամանակ Գրետան Ռոզիով հղի էր: Կարենը ցերեկը աշխատանքի էր գնում, որ գոնե հասցներ հաց գնել, իսկ երեկոյան կնոջ հետ բակից բակ էին անցնում՝ վարձով տուն գտնելու համար: Ցավը, կարծես, երկուսի դեմքին քարացել-մնացել է:

Հարեւան սենյակում Ալեքսն արդեն արթնացել է: Ավագ եղբայրները՝ Դավիթն ու Էրիկը, նրա մոտ են: Նրանք են խնամում փոքրերին, երբ ծնողները աշխատանքի են լինում:

Կարենն ասում է՝ փառք Աստծո, գործ լինում է: Հողագործությամբ ու շինարարությամբ է զբաղվում: Իսկ Գրետան, եթե հասցնում է, նրա կողքին է լինում: «Հողագործություն եմ անում, այգի եմ մաքրում, օգնում եմ ամուսնուս: Ցեխը խառնում եմ, ամուսինս բետոն է անում, քարերը կրում, տանում եմ մոտը, պատն է շարում»,- պատմում է 38-ամյա կինը:

Դեպքեր են լինում, երբ նա էլ առանձին հողագործական աշխատանք է անում՝ այգին է խոտերից մաքրում, փոցխում, հարթեցնում: Աշխատանքի դիմաց օրական 6 հազար դրամ է ստանում: «Արագ-արագ եմ անում, որ հասնեմ էրեխեքիս: Շուտ եմ գալիս, որ օրս չկորցնեմ»,- նշում է 6 երեխաների մայրը:

Օրեր են լինում, երբ աշխատանք չի լինում: Դրանք ամենածանր պահերն են ամուսինների համար: Ստիպված խանութից են պարտքով սնունդ վերցնում, իսկ երբ գործ են ունենում, ստացած 6 կամ 7 հազար դրամով հազիվ մթերք են առնում երեխաներին: Իսկ պարտքը 1000 կամ 2000 դրամով մաս-մաս են վճարում, քանի որ այլ տարբերակ չունեն: Խանութներին սննդի դիմաց պարտք ունեն:

Նախորդ տարի Գրետայի սիրտն են զոնդավորել: Ասում է՝ 1,5 միլիոն դրամ էր անհրաժեշտ սրտին սարք տեղադրելու համար, բայց այդքան գումարը չունեին:

«Կենդանի դիակ էի՝ տանը պառկած: Դեղերով էի ապրում: Ինքս ինձ հույս տալով էի ապրում՝ երեխեքս աչքիս առաջ էին, կողքս նստած լացում էին: Ինձ հույս եւ ուժ տալով ապրեցի, ոտքի ելա, սկսեցի ամուսնուս հետ աշխատել»,- ասում է Գրետան ու հավելում, որ երբ աշխատում է, ցրվում է, չի կենտրոնանում բացասական վրա:

Նկատում է, որ հաճախ է ինքնազգացողությունը կտրուկ վատանում, բայց նորից ոտքի է կանգնում, որովհետեւ 6 երեխաներն իրեն են նայում:

Նրանցից 4-ը դպրոցական են՝ Դավիթը, Էրիկը, Ինարան ու Արտակը: Ռոզին մանկապարտեզ պետք է գնա, բայց ամսական 4 հազար դրամ վճարը խնդիր է ընտանիքի համար: Գրետան ասում է՝ երբ համայնքապետարանն աջակցության ծրագրեր է ունենում, առաջինն իրենց են ասում: Օգնել են, որ Ինարան պարի գնա:

Գրետան ասում է՝ մեկամյա Ալեքսի համար ամսական 50 հազար դրամ են ստանում (երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան համար Կառավարության աջակցության շրջանակներում) եւ 31 հազար դրամ՝ նրա խնամքի համար (այս գումարը հատկացվում է մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը)։ Ընտանիքը նաեւ նպաստ էր ստանում, բայց, ըստ Գրետայի, բանկից տեղեկացվել են, որ տարիներ առաջ իրենց վերցրած վարկի պատճառով այլեւս ընտանեկան նպաստ չեն կարող ստանալ։

Կարենն ու Գրետան առհասարակ շնորհակալությամբ են խոսում իրենց օգնած մարդկանց մասին:

«Թեւ-թեւի տված, աշխատում ենք, բայց մի կերպ ենք հասցնում: Մտածում եմ՝ գոնե տուն ունենամ, մեր աշխատանքը մեր էրեխեքի համար լինի: Ամեն ինչ ուզում ենք ստեղծել»,- ասում է Գրետան:

«Մի ձեռքը ծափ չի տալիս, ոնց ուզում ես արա, նույն զրոյի վրա մնում ենք»,- նշում է Կարենը:

Դավիթը շատ է օգնում հորը աշխատանքի մեջ, բայց հայրը խնդրում է նրան դասերով զբաղվել: « Ասում եմ՝ մի արա, գնա սովորի, որ թուղթ ու գրիչը ձեռդ լինի, ոչ թե լապատկան ինձ նման»,- ասում է հայրը:

Ծնողները պատմում են, որ դպրոցում երեխաներին վիրավորում են կարիքի մեջ ապրելու համար: «Մաքուր հագցնում, ուղարկում ես, հետները չեն շփվում, ասում են՝ աղքատ եք: Որ մայրն ու հայրը հողագործություն են անում, երեխեքին էլ վիրավորում են»,- նշում է Գրետան:

«Իրենցից ֆրանսիական դուխու հոտ է գալիս, աղքատներից՝ ծխի ու փեջի հոտ»,- ավելացնում է ամուսինը:

Մի պահ լռում ենք: Ռոզին նորից վազելով ներս է մտնում: Նա ժպտում է ծնողներին, բայց ծնողները՝ մռայլ նայում են անորոշ կետերի: 3-ամյա աղջիկը չգիտի էլ, թե ինչու են ծնողներն այդպես տխուր: Փոխարենը Դավիթն ամեն բան հասկանում է, եւ տխրությունը փոխանցվել է նաեւ նրան: 16-ամյա տղային զինկոմիսարիատից արդեն կանչել են:

Գրետան ասում է՝ երեխաներից երկուսը առողջական խնդիրներ ունեն: Էրիկը կարճատեսություն ունի: Ակնոցը պետք է փոխեն, բայց չեն կարողանում բժշկի տանել: Ինարան էլ էպիլեպսիա ունի: Նրան եւս պետք է հիվանդանոց տանեն՝ բուժզննման:

«Մեկ տարուց ավել է՝ երեխաներին բժշկի պետք է տանեմ: Գործ եմ անում, սնունդն առնում, գալիս եմ, ասում եմ՝ մի 500 դրամ պահեմ, որ տանեմ հիվանդանոց, հետո ասում եմ՝ բա լավ, որ գնամ հիվանդանոց, հացն ինչո՞վ եմ առնելու: Էդպես մնաց»,- նշում է 6 երեխաների մայրը:

Զրույցը ծանր է՝ Կարենի ու Գրետայի հոգսերի պես: Խոսակցությունը մերթընդմերթ լցվում է դրսում խաղացող երեխաների ձայնով:

Ինարան ներս է մտնում եւ լուռ նստում ծնողների մոտ: Երբ հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի, ասում է՝ բժշկուհի է դառնալու, մարդկանց փրկի:

«Ուզում եմ ոչ թե շատ փող աշխատեմ, այլ մարդկանց բուժեմ: Ամենամեծ երազանքս՝ դպրոցում լավ անցնի, գերազնացիկ դառնամ, հիմա հարվածային եմ: Երազում եմ, որ մեր ընտանիքում հիվանդ մարդ չլինի, որ մամաս ու պապաս առողջ լինեն»,- ասում է 10-ամյա աղջիկը:

Լվացքի մեքենան ավարտել է գործը: Այն գրեթե ամեն օր աշխատում է: Ըստ Գրետայի՝ ամեն օր հագուստ է լվանում: Դրսի պարանին դեռ չի չորացել նախորդ լվացքը:

Երբ մայրը տանն է լինում, երեխաների հետ դաս ու նկարչություն է անում: Ամուսինն ասում է՝ եթե տուն ունենան, իրենց աշխատանքով կապրեն:

Մեկնաբանություններ (4)

Հասմիկ
Հեռախոսահամար եմ խնդրում🫶☘️
Քիւրտօղլեան Մանուկ
Բարև Բարեհահեցէք այս անձերու հասցեն կամ հեռախօսի համարը ինձ ղրկել ։ Շնորհակալ կ'ըլլամ
Քառոլին Աբրահամյան
Հեռախօսահամար խնդրեմ։
Ռոբերտ
Երեխաների մորը, գոնե ձեր լրագրողը պետք է, պարզաբաներ, խորհուրդ տար, որ ՀՀ-ում մինչև 18 տարեկանը անվճար է բուժսպասարկումը փող ուզելու համար էլ, գոնե ՁԵԶ իմաց տային։ Է աշխարհ ԱՇԽԱՐՀ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter