
Հակաճգնաժամայի՞ն, թե՞ ճգնաժամ ստեղծող հիմնադրամ. ինչու «Ապագա փրոջեքթսը» հայտնվեց սնանկության եզրին
«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում, տասնյակ տարիներ ընդունել է հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Այս հանգստյան գոտում, 2010 թվականից սկսած, Հայաստանի բոլոր վարչապետները խորհրդակցություններ, արտագնա նիստեր են անցկացրել կամ պարզապես հանգստացել։ Այժմ ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին։
2022 թվականի մարտին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն 250 հազար դրամի ներդրում է կատարել «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք է բերել ընկերության բաժնեմասերի 25%-ը։
ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին, Կառավարության N 513-Ն որոշմամբ։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։
2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Այս հիմնադրամի միջոցով պետությունը ներդրումներ էր անում տեղական ընկերություններում՝ ձեռք բերելով այդ ընկերությունների 25-49% բաժնեմասը։
Գործունեության ամբողջ ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամի ներդրում է կատարել 10 բաժնետիրական ընկերությունում։
«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 56,7%-ը պատկանում է Չիբուխչյանների ընտանիքին՝ Արտակ, Իրինա և Տիգրան Չիբուխչյաններին, որոնք նաև ընկերության հիմնադիրներն են։ ՓԲԸ-ի 14,72%-ը պատկանում է Ամուր Ավակյանին, 3,57%-ը՝ Արսեն Գաբրիելյանին։ «Ապագա տուր» և «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ները պատկանում են «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին։
«Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը «Ապագա փրոջեքթսում» ներդրում է արել 2022-ի մարտին։ Ներդրման նպատակը Ենոքավան համայնքում «Յելլ էքստրիմ պարկի» նոր՝ մինչև 2,5 կմ երկարությամբ զիփլայն և մինչև 500 մետր երկարությամբ ռոլլերլայնի կառուցումն էր։ Ներդրման արդյունքում պետք է նաև մշակվեր «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի նոր մասնաշենքի նախագիծը։
Ներդրումն իրականացնելուց կարճ ժամանակ անց «Ապագա փրոջեքթսի» սեփականատերերի և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի հարաբերությունները սրվել են։ Ըստ ընկերության ղեկավարների՝ պատճառը հիմնադրամի ներկայացրած վերջնագրերն են եղել։
2022 թվականի նոյեմբերի 10-ին «Ապագա փրոջեքթսում» ԱՆԻՖ-ի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն ընկերության սեփականատերերից Տիգրան Չիբուխչյանին գրած նամակում պահանջել է Արտակ Չիբուխչյանին ազատել «Ապագա տուր» ՍՊԸ-ի տնօրենի, Արսեն Գաբրիելյանին՝ «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ի, Տիգրան Չիբուխչյանին՝ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։
ԱՆԻՖ-ը նաև պահանջել է «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին ծառայող, ընկերության գնահատմանը որպես եկամուտ գեներացնող բաղադրիչ հանդիսացող և բաժնետերերին /այլ անձանց/ պատկանող բոլոր հողամասերը տեղափոխել ընկերության հաշվեկշիռ։
Եթե չիրականացվեին «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջները, վերջինս սպառնում էր դուրս գալ ընկերությունից:
«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջների մի մասը կատարվել է, սակայն դրանից հետո էլ տարաձայնությունները չեն վերացել։ «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ ֆոնդի ներկայացուցիչներն ամեն կերպ խանգարել են իրենց աշխատանքը, չեն ներկայացել բաժնետերերի ժողովներին և այլն։
Ֆինանսական խնդիրներն «Ապագա փրոջեքթսում» սկսել էին 2020թ․-ից։ Սկզբում՝ համավարակի, ապա պատերազմի և քաղաքական անկայունության պատճառով տուրիստական հոսքերը նվազել էին, և ընկերությունը լուրջ վնասներ էր կրել։
Հենց ֆինանսական վատ վիճակն է եղել պատճառը, որ ընկերությունը որոշել է դիմել «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամին։
Երբ Հիմնադրամը սկսել է պահանջել, որ իր ներդրումը վերադարձվի, սկսվել են խնդիրներ նաև բանկի հետ։ Չիբուխչյանի խոսքով՝ «Արմսվիս» բանկը պատրաստ է եղել երկարացնել վարկերի մարման ժամկետները, բայց երբ «Ձեռնարկատեր+պետությունը» պահանջել է վերադարձնել ներդրումը, բանկը նույնպես սկսել է պահանջել, որ վարկը մարվի՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի։
Ի վերջո «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի հակասությունները խորացել են, ինչից ընկերությունը մեծ վնասներ է կրել։ «Ապագա փրոջեքթսի» դուստր ընկերություններից մեկը՝ «Ապագա տուրը», որը ստեղծվել էր 2005 թվականին Ենոքավանի զարգացման, աշխատատեղեր ապահովելու նպատակով, գնացել է կամավոր սնանկության։
««Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2022-ի նոյեմբերից սկսեց պարալիզացնել ընկերության աշխատանքը։ Ֆոնդի ներկայացուցիչը չէր մասնակցում բաժնետերերի ժողովներին։ Ընկերության առաջ նաև պահանջ էին դրել մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած գնում իրականացնել միայն բաժնետերերի ժողովի համաձայնությամբ»,- ասում է Տիգրան Չիբուխչյանը։
Չիբուխչյանը նաև մատնանշում է ֆոնդի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի պակասը և բիզնես գիտելիքների բացակայությունը։ Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ում և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամում աշխատել են հիմնականում իրավաբանական կրթությամբ մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել բիզնեսի կառավարման մասին։
«Հետքի» հետ զրույցում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի կառավարիչ Մանուկ Խուդոյանն ասաց, որ լավ ծանոթ չէ իրավիճակին, քանի որ նախորդ տարի է նշանակվել այդ պաշտոնին։ Սակայն, ըստ իր տեղեկությունների, խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ ընկերությունը ներդրումը ծախսել է ոչ նպատակային։
Իսկ հարցին, թե ինչու տեղի չեն ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովները, Խուդոյանը պատասխանեց. «Ընկերությունը հայտնվել է փակուղային իրավիճակում։ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն՝ եթե ընկերությունը մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը չի ամփոփում նախորդ տարվա արդյունքները, այլ օրակարգով, քան ընկերության գործունեության դադարեցման, հնարավոր չէ բաժնետերերի ընդհանուր ժողով գումարել։ Դրա համար այս պահին իրենց հետ այդ թեմայով ենք աշխատանքներ տանում, որ կարողանանք հնարավորինս շուտ կազմակերպել տարեկան արդյունքներն ամփոփող ժողովը»։
Անդրադառնալով Հիմնադրամում աշխատողների բիզնես գիտելիքներ չունենալու հարցին՝ ֆոնդի կառավարիչը նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Վերստուգողը, որը աշխատում էր «Ապագա փրոջեքթսի» հետ, բիզնեսի վերլուծության մեծ փորձառություն ունեցող մարդ է։ Ֆոնդի նախկին կառավարիչ Բելլա Մանուկյանը նույնպես բիզնեսի ոլորտում համապատասխան որակավորում ունի»,- ասաց Մանուկ Խուդոյանը։
Ստացվում է, որ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում ոչ թե լուծվել են ընկերությունում առկա ճգնաժամերը, այլ խորացել են։ Մինչդեռ այս հիմնադրամի հիմնական նպատակը հենց ճգնաժամերի հաղթահարումն էր։ Ավելին, ներկայում ԱՆԻՖ-ը, որի դուստր ընկերությունն էր «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, գտնվում է լուծարման փուլում։
Գլխավոր լուսանկարում ձախից՝ Հայկ Չոբանյան(Տավուշի նախկին մարզպետ), Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Էդուարդ Աղաջանյան, Տիգրան Չիբուխչյան
Մեկնաբանել