HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինստիտուտների ու բուհերի միավորում, շենքային պայմաններ, սարքավորումներ. ԳԱԱ նախագահը մի շարք դիտարկումներ է արել ԱԺ-ում

Խորհրդարանում Կառավարության անդամների, պատգամավորների եւ գիտնականների հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը մի քանի դիտարկում է արել գիտական ինստիտուտների խնդիրների վերաբերյալ:

ԳԱԱ նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ինստիտուտների սարքավորումներին, որոնց հնարավորություններն, ըստ նրա, ամբողջությամբ չեն օգտագործվում: Սաղյանի ասելով՝ շատ դեպքերում գիտնականները բավարարվում են իրենց հոդվածում այդ սարքավորման մասին նշելով, այնինչ գործնական կիրառության համար անհրաժեշտ է պատրաստված գիտական ներուժ, որն այսօր չկա:

Դիմելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին (ԲԿԳԿ)՝ ԳԱԱ նախագահը նկատել է, որ գուցե պետք է որոշակի ռազմավարական փոփոխություն կատարել ու պարտադրված ծրագիր մտցնել, որ սարքավորումներ ստացած գիտական խմբերը փորձեն կադրեր պատրաստել: Ըստ Սաղյանի՝ հակառակ պարագայում պատկերը կլինի այնպես, ինչպես 10 տարի առաջ էր, երբ գիտնականները սարքավորումներ էին ստանում, բայց երբ տարիներ անց նայում էիր դրանց, նույնիսկ փոշի էր նստած լինում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով սարքավորումների վերաբերյալ ԳԱԱ նախագահի դիտարկմանը, նշել է, որ այն տեղին է, եւ առաջիկա հաշվետու ժողովին գուցե առանձին քննարկեն այն:

ԳԱԱ նախագահը բարձրացրել է նաեւ որոշ գիտական ինստիտուտների կենտրոնական ջեռուցման համակարգ չունենալու, ջրահեռացման ու տանիքի խնդիրները: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի երկու ինստիտուտների ջեռուցման համակարգերի վերականգնման համար դիմել են ԿԳՄՍ նախարարին, որի անմիջական միջամտությամբ գումարը հատկացվել է, բայց, ըստ Սաղյանի, լավ կլիներ, որ միջոցները լինեին ինստիտուտների տնօրենների տրամադրության տակ, եւ աստիճանաբար բոլոր տեխնիկական խնդիրները լուծելու միջոցով հնարավոր կլինի խուսափել անդառնալի հետեւանքներից: «Հասկանում եմ, որ սա կապված է նաեւ «Ակադեմիական քաղաք» նախագծի հետ, բայց բոլորս հասկանում ենք, որ դրա իրականացման համար ժամանակ է պետք, իսկ ներկա խնդիրները չի կարելի այդպես թողնել»,- նշել է Աշոտ Սաղյանը:

Անդրադառնալով գիտահետազոտական ինստիտուտների եւ բուհերի միավորման թեմային՝ ԳԱԱ նախագահը նկատել է, որ նախկինում Ակադեմիան հայտնել է իր դիրքորոշումը՝ հակված են մասնակի միավորմանը, Ակադեմիայի կազմում բարեփոխումներ կատարելուն եւ կրթության ու գիտության ոլորտում միջազգային ինտեգրման մեխանիզմները կյանքի կոչելուն:  

Աշոտ Սաղյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո իրենք երկու անգամ հանդիպել են ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանին, քննարկել Ակադեմիային վերապահվելիք գործառույթները, որոնց շնորհիվ ԳԱԱ-ն ապագայում պատասխանատու եւ կարեւոր դերակատարում կունենա գիտական մտքի զարգացման մեջ: Քննարկումները, ըստ Ա. Սաղյանի, հիմնականում կառուցողական են եղել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, որը վարում էր քննարկումը, Սարգիս Հայոցյանից հետաքրքրվել է, թե օրինագիծը ներկա տեսքով ընդունելու դեպքում արդյոք ԳԱԱ-ն սահմանափակում կունենա գիտական գործունեությանը մասնակցելու, գիտնականներին ու ինստիտուտներին իր շուրջը համախմբելու եւ բուհերի հետ մրցակցելու հարցում:

«Կարգավորումը հետեւյալն է. այն հետազոտությունները, որոնք ունեն ակադեմիական ուղղվածություն, իրականացվում են բուհական համակարգում: Ցանկացած գերատեսչություն կարող է ունենալ գիտահետազոտական ինստիտուտ այն պայմանով, որ այն զբաղվելու է տվյալ գերատեսչության կոնկրետ խնդիրների լուծմամբ,- հայտնել է Ս. Հայոցյանն ու հավելել,- Ակադեմիայի գործունեության շրջանակը օրենքով սահմանված է: Այնտեղ շատ լուրջ գործառույթ կա, բայց մյուս կողմից՝ մեր ատեստավորման կարգերով կան պատվավոր առաջատար ու պատվավոր գլխավոր գիտաշխատողի տարակարգեր, որոնք կարող են ստանալ ատեստավորման մասնակցելով: Մարդկային ներուժը դառնում է Ակադեմիայի այն հենքը, որի վրա կազմակերպվելու է փորձագիտական աշխատանքը: Նրանք լինելու են այն մարդիկ, որոնք ունենալու են որոշակի առաջատար հետագիծ գիտության մեջ եւ այն պաշարը, որը կարողանալու են ծառայեցնել»:

Ի պատասխան Հայոցյանի՝ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նկատել է, թե դա, փաստացի, «ծերակույտի» վերացում է, ու նշված տարակարգերը կարող են տրվել միայն կենսաթոշակային տարիքի գիտնականներին, ինչն ամենեւին կառուցողական մոտեցում չէ: ԲԿԳԿ նախագահն էլ պատասխանել է, թե այսօր ԳԱԱ ակադեմիկոսների մեջ ամենաերիտասարդը 62 տարեկան է:

Լուսանկարները՝ parliament.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter