
Շվեդ լրագրողը՝ Ադրբեջանի թիրախում
«Քաղաքը մառախուղի տակ է
Ես իմ սարի վրա եմ`
Իմ սև այգում»
Սա գերմանական երաժշտական խմբի «Nagorny Karabach» երգի առաջին տունն է։ 2007թ.-ին թողարկված հենց այս երգից է առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի մասին լսել շվեդ լրագրող Ռասմուս Քանբակը։
Ռասմուսն ուսումնասիրել է իրավիճակը Հարավային Կովկասում: 2020թ.-ի արցախյան պատերազմից հետո գրել է արցախյան հակամարտության մասին, հետաքննել Շվեդիայում Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությունը»։ Հրապարակել է հոդվածներ «Blankspot» մեդիա հարթակում, «OCCRP»-ում, «EU Observer»-ում և «Insider»-ում։
2023 թվականին լույս է տեսել Ռասմուսի «Ես ամեն օր դանդաղ մեռնում եմ» գիրքը։ Այն հետպատերազմական Արցախի մասին է, որը գրել է 2021 թվականին՝ Արցախ իր կատարած ճամփորդությունից հետո։ Առաջին գիրքը շվեդերեն է, երկրորդն՝ անգլերեն է հրատարակվել 2024թ.-ին՝ ավելացված 2023թ.-ի ադրբեջանական հարձակման և արցախցիների Արցախից տեղահանվելու մասին պատմող գլուխներով։
Շվեդիայի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից Ռասմուսը ստացել է «Մամուլի ազատության մրցանակ» Հարավային Կովկասի և Արցախի մասին իր հրապարակումների համար։
Այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցավ «Ես ամեն օր դանդաղ մեռնում եմ» գրքի շնորհանդեսը։ Ռասմուսի հետ հանդիպեցինք շնորհանդեսի հաջորդ օրը։
Լինելով Արցախում և ծանոթ լինելով տարածաշրջանին՝ Ռասմուսը անում է իր դիտարկումները։ Համեմատում է, թե ինչպես է արցախյան հակամարտությունը ներկայացվում միջազգային մամուլում, և թե տեղում իրականում ինչ է կատարվում։
2025թ․-ի մարտին Ռասմուսը եկել էր Երևան ոչ միայն իր գրքի շնորհանդեսին, այլ նաև հանդիպել է արցախցիներին, որոնց պատմությունները տեղ են գտել գրքում, որոնք տեղահանությունից հետո ապրում են Հայաստանում՝ նոր իրականության մեջ։
Արցախի մասին իր հրապարակումների համար Ռասմուսին ադրբեջանցիները մեղադրում են հայկական լոբբինգ իրականացնելու մեջ։ Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատնից կապ են հաստատել նրա հետ և երկու կողմերի տեսակետը լսելու համար առաջարկել են կազմակերպել իր այցը Ադրբեջան։
«Բանն այն է, որ ես ծրագրում էի գնալ Ադրբեջան, բայց գնալու համար պետք է թուղթ ստորագրեի, որով կճանաչեմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Ես ինձ շանտաժի ենթարկված զգացի և մերժեցի առաջարկը։ Սա այն է, ինչի մասին ես խոսել եմ նախկինում: Այժմ ես Ադրբեջանի սև ցուցակում եմ, ոչ թե որովհետև գնացել եմ Լեռնային Ղարաբաղ, այլ որ ուսումնասիրել եմ այս հակամարտության ադրբեջանական մեթոդները: Վերջին սրացումն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները ինձ ներկայացնում են որպես հանցավոր խմբի անդամ: Եգիպտոս գործուղված ադրբեջանցի դիվանագետ են ձերբակալել Ադրբեջանում՝ դավաճանության համար, և հիմնական բաներից մեկը, որի մասին գրում էր ադրբեջանական մամուլը, այն էր, որ ես կապեր ունեմ այդ մարդու հետ։ Իրականությունը այն է, որ ես ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ: Ուստի կարծում եմ, որ նրանք փորձում են ինձ լռեցնելու ուղիներ գտնել»,- մեր հանդիպման ժամանակ պատմեց Ռասմուսը։
2021թ․-ին Ռասմուսը Արցախում ճամփորդելիս ունեցել է երկու ուղեկից՝ Արեգ Բալայանը և Նվարդ Մելքոնյանը։ Գրքի լուսանկարների հեղինակը Արեգն է, որը գրքի հեղինակի արցախյան ճամփորդության ընթացքում օգնել է նաև հավաքել արցախցիների պատմությունները։ Այդ ընթացքում Նվարդը օգնել է որպես թարգմանիչ։ Նրանց պատմությունները նույնպես կան գրքում։ Արցախում հերոսներից մեկի հետ ծանր հանդիպումից հետո ճանապարհին Արեգի ասած «Ես ամեն օր մեռնում եմ դանդաղ» արտահայտությունը դարձավ շվեդ լրագրողի՝ հետպատերազմական Արցախի մասին գրքի վերնագիրը։
Մեկնաբանել