
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով քրեական վարույթի նյութերը դատարանում են
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթով հիմնավորվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին Ա. Կ.-ի (Աշոտիկ Կամավոսյան-խմբ.) կողմից, մեկ այլ անձի օժանդակությամբ, ապօրինի վարձատրության փաստը։ Թեեւ Կոմիտեն չի նշել պատգամավորի անունը, սակայն հաղորդագրությունից ակնհայտ է, որ խոսքը պատգամավոր, ՔՊ խմբակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանի մասին է։ Ստորեւ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:
2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:
ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Մեկնաբանել