HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ-ում քննվող գործի վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ նիստում արտահերթ ելույթով անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրական դատարանում քննվող գործին:

«Հետևելով ՍԴ և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին ընդունված  որոշման մասով: Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ 3 անդամի՝ գործի քննության մասնակցության անհնարինության վերաբերյալ առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ ՍԴ որոշման հատուկ կարծիքներից մեկում զեկուցողը մատնանշել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում, ինչպես նաև արձանագրել, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ շտապողականություն:

«Նույն կարծիքում արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը և հանրային հնչեղությունը՝ համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է «ՍԴ-ի մասին» օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Այս ճանապարհով կայացված որոշումն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին, և դրանով իսկ պայմանական ու քաղաքական կարևորություն ունի Հայաստանի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման բովանդակությանը՝ ԱԺ խոսնակը շեշտեց. «Կարելի է վստահաբար նշել, որ առանց որևէ առերևույթ հիմնավորման ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»:

Միրզոյանի խոսքով՝ ՍԴ-ն մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության գործերով պատասխանող ճանաչված ՀՀ ԱԺ-ին առ այօր չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը:

«Ստացվել է ֆորմալ գրություն, որ ԱԺ աշխատակազմը չէ պատասխանող կողմը, և հայերեն տարբերակները չեն կարող տրամադրել»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՍԴ-ի ինքնավարության և քաղաքական ազդեցությանը:

«2018-ի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով, ՍԴ դատավորիներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումները ուժի մեջ մտելուց օրեր առաջ ՍԴ անդամ,  մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովամսյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը և այդ փաստի բերումով այդ պաշոնում Հրայրի Թովմասյանի՝ մինչ 2035 թվական նախատեսվող պաշտոնավարումն ըստ էության ՍԴ անդամներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ այդ փոփոխությունները հանրությունը մեկնաբանվել է որպես նախկին իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն, ապա՝ ոտնձգություն սահմանադրական դատավարական ինքնավարության դեմ:

«Կարծում եմ, որ ԱԺ-ն, որպես ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված խնդիրների կապակցությամբ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter