HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ». Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

«Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում կայացած ասուլիսին հայտարարեց, որ ստորագրել է Վանեցյանի դիմումը:  Փաշինյանը նշել է, որ դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, և Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնություն դուրս բերելու գործի վրա:

Մեկնաբանություններ (1)

ՍամվելՀովասափյան
Շատ անսպասելի և անհասկանալի որոշում։ Շատերիս համար պրն Վանեցյանը մեծ պատասխանատվությամբ և արժանապատվությամբ էր կատարում իր աշխատանքները և յուրահատուկ կշիռ էր հաղորդում ԱԱԾ-յան հիմնարկին։ Նա ճիշտ ժամանակին ընտրվել էր ճիշտ պաշտոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter