
Ազգային պատկերասրահում ցուցադրվեցին հայկական ծիսական տիկնիկներ
Թերափը, Նուրին, Խուճկուլուլուն, Չիչի մաման, Պուռմատիկինը, Ծաղկամերը, Ակլատիզը և այլ տիկնիկներ, որ հայի կենցաղի անբաժան մասն են կազմել, այսօր մոռացվել ու անտեսվում են: Մոռացվող տիկնիկների էությունն ու ծիսական խորհուրդը բացահայտելու նպատակով այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում «Արատտա» երիտասարդական ակումբը կազմակերպել էր «Անձրևի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Կազմակերպիչների խոսքերով այս ցուցահանդեսը տիկնիկներին մոռացությունից հանող մի քայլ է: Ցուցահանդեսին ներկայացված էին հայ ստեղծագործողների կողմից պատրաստված շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված տարբեր ժանրերում:
«Արատտա» երիտասարդական ակումբի մշակութային բաժնի ղեկավար, ազգագրագետ Մանան Առաքելյանի խոսքերով մրցույթի մասնակցության ոչ մի հայտ չի մերժվել: «Մասնակիցների հետ միասին որոշվեց, որ նրանք կարող են ազատ երեւակայությամբ պատրաստեն իրենց տիկնիկները` ներկայացնելով նախընտրած ժանրի եւ արտաքինի մեջ` իհարկե հավատարիմ մնալով տվյալ տիկնիկի ծիսական խորհրդին»,- ասաց նա:
Իսկ ծիսական հայկական տիկնիկները խորհրդանշական են` Նուրի` Անձրևի հարս, Ծաղկամեր, Ակլատիզ: Ամեն տիկնիկ ունի իր յուրահատուկ ծեսն ու տեսքը:
Մասնակիցներից լավագույնների աշխատանքները ընտրելու են ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը եւ նկարչուհի, արվեստագետ Լուսիկ Ագուլեցին:
Տիկնիկագործ Ալինա Դավթյանը ցուցահանդեսին ներկայացրել էր տարբեր տարազներով մոտ 1600 տիկնիկ: Նրան աշխատանքի մեջ հատկապես դուր է գալիս աշխատել զգեստների համար նախատեսված կարպետների հետ, դրանք կտրելը, որովհետեւ դրանք շատ դժվար են ճարվում, իսկ դրանց գույները բույսերից են ստացվում: «Ինձ հետաքրքիր է ուսումնասիրել, բայց ինչքան փնտրում եմ ոչ մի տեղ չկա նուրիների մասին որեւէ բան: Արդեն ոնց որ կորած արվեստ լինի, մարդիկ չեն իմանում` ինչ է դա, մարդիկ չեն իմանում` տիկնիկներն ինչի համար են, զարմանում են, ասում են` ինչի եք տիկնիկ սարքել, արժե արդյոք»,- ասում է նա:
Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվեց նաեւ Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: «Նազարեն» այլաբանական ֆիլմ է, որը պատմում է Նազարե անունով տիկնիկագործի մասին, ով Մոզ քաղաքում տիկնիկագործների հայտնի գերդաստանի վերջին շառավիղն է: Հայկ Սայադյանի ֆիլմը կերպարվեստի, երաժշտության, բանահյուսության և անիմացիայի համադրություն է:
Մեկնաբանել