
Հայաստանի պետական սահմանը առավել հաճախ խախտել են Իրանի քաղաքացիները
Այս տարվա առաջին կիսամյակին ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Հայաստանի պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ։
ԱԱԾ-ից՝ «Հետք»-ին տրված տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ առավել շատ փորձել են պետական սահմանը խախտելով մուտք գործել Հայաստան (38 դեպք), քան հանրապետությունից դուրս գալ (14 դեպք)։
Պետական սահմանի խախտման միջոցով Հայաստան փորձել է մուտք գործել 57 անձ, իսկ հանրապետությունից դուրս գալ 21 անձ։
Հայաստանի սահմանը խախտածների թվում գերկաշռում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները։ 57 անձից 29 եղել են հենց Իրանի քաղաքացիներ, 12-ը՝ Հայաստանի, 9-ը՝ Հնդկաստանի, 3 ՝ Սլովենիայի, 1-ական Պորտուգալիայի, Կոնգոյի, Պակիստանի, Գվինեայի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Իտալիայի քաղաքացիներ։
20 միլիոն դրամ՝ Թուրքիայի հետ սահմանի ձախակողմյան հատվածի պահպանության համար
Դեպի Հայաստան պետական սահմանի հայ-իրանական հատվածում գրանցվել է պետական սահմանի խախտման 3 դեպք՝ 3 անձի ներգրավմամբ, հայ-վրացական հատվածում՝ 6 դեպք՝ 10 անձի, «Բագրատաշեն», «Զվարթնոց» անցակետերում 29 դեպք՝ 44 անձի մասնակցությամբ։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, նաև որ այս տարվա առաջին վեց ամիսներին պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ի կառավարությունը 20,4 միլիոն դրամ տրամադրեց ԱԱԾ-ին՝ Թուրքիայի հետ սահմանի ձախակողմյան հատվածի պահպանությունն ապահովելու համար։
Մեկնաբանել