
Շրջակա միջավայրի տարածքներում հրդեհների թիվը կտրուկ աճել է. քրգործերն ընթացք չեն ստանում
Այս տարի Հայաստանի շրջակա միջավայրի տարածքներում բռնկված հրդեհները 1793 դեպքով ավելի շատ են 2018 թ. համեմատ: Եթե անցյալ տարի այս տարածքներում գրանցվել է 4004 հրդեհ, ապա 2019-ի առաջին 8 ամիսներին (սեպտեմբերի 1-ի դրությամբ)՝ 5797:
Աճել են թե՛ խոտածածկ տարածքներում, թե՛ անտառներում գրանցված հրդեհները: Եթե նախորդ տարվա 12 ամիսներին արձանագրվել է անտառային հրդեհների 21 դեպք, ապա այս տարվա 8 ամիսներին այդ թիվը հասել է 25-ի: Մտահոգիչ է խոտածածկ տարածքներում հրդեհների թվի աճը. 2018-ի 3983 դեպքն այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ շատացել է 1789-ով՝ դառնալով 5772:
Այս մասին մեզ հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը:
ԱԻՆ-ը մեր խնդրանքով ներկայացրել է նաեւ շրջակա միջավայրի տարածքներում գրանցված հրդեհների վիճակագրությունը ըստ մարզերի ու Երեւանի:
Նախարարության տվյալներով՝ 2018 թ. խոտածածկ տարածքներում ամենաշատ հրդեհները եղել են Կոտայքում՝ 1181 դեպք, ապա Երեւանում՝ 1091: Նախորդ տարի անտառային հրդեհների 5-ական դեպք է արձանագրվել Կոտայքում, Տավուշում եւ Սյունիքում: 2019 թ. առաջին 8 ամիսներին խոտածածկ տարածքներում հրդեհներն ամենաշատը եղել են Երեւանում՝ 2086 դեպք, երկրորդ տեղում Կոտայքն է (943), անտառային հրդեհների քանակով առաջին տեղում Լոռին է՝ 9 դեպք, ապա Սյունիքը՝ 7:
Քրեական գործերը կարճվում են կամ կասեցվում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրել էինք, թե 2018-2019 թթ. ՀՀ շրջակա միջավայրի տարածքներում բռնկված հրդեհների դեպքերի առթիվ քանի քրեական գործ է հարուցվել, դրանցից քանիսն են մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան եւ քանիսն են կարճվել կամ կասեցվել: Խնդրել էինք նաեւ հայտնել, թե քրգործերի արդյունքում շրջակա միջավայրին հասցված որքան վնաս է հաշվարկվել նախաքննության մարմինների կողմից: Դատախազությունից մեզ հայտնել են, որ նման վիճակագրություն չեն վարում: Փոխարենը մեզ ուղղորդել են ոստիկանություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել են, որ 2018 թվականի ընթացքում Քրեական օրենսգրքի 297 հոդվածի (Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է 6 քրեական գործ:
1. Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ վտանգավոր այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի պատճառով, եւ եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
3. Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկ եւ չորսհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Ոստիկանության հայտնած տեղեկություններով՝ 2018 թ. ընթացքում հարուցված 6 քրգործով անցնող հանցագործությունները կատարվել են ոստիկանության Շենգավիթի (1),Վայքի (1), Կապանի (2), Սպիտակի (1) եւ Ստեփանավանի (1) բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում: Հարուցված 6 քրգործից 3-ի ընթացքը կասեցվել է, իսկ մյուս 3-ը կարճվել է: Ինչ վերաբերում է 2019 թ., ապա հարուցվել է ընդամենը 1 քրգործ (Տաշիրի բաժին), որի քննությունը, սակայն, կարճվել է:
Մեկնաբանել