
Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը. պաշտպանի խոսքով պաշտոնից ազատվելուց հետո նրա անվան հետ կապված մի քանի գործեր կարճվել են
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Գասպարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Վ. Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ. Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ, սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:
Գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Գասպարյանը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ:
Մասնավորապես, ըստ մեղարդանքի՝ Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանությունվարչության պետի/, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:
Մեկնաբանել