
Գագիկ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը կքննի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, Կարեն Խաչատրյանի բողոքը մակագրվել է Անդրանիկ Մնացականյանին
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը: Նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի բողոքը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին: Այս մասին «Հետքը» տեղեկացավ Վերաքննիչ դատարանից:
Խաչատրյանների պաշտպանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և Ռոբերտ Պապոյանի որոշումներն ու իրենց պաշտպանյալներին ազատ արձակել: Երկու բողոքների գործով արդեն դատական նիստեր են նշանակվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում, նույն օրը Խաչատրյանները ձերբակալվել են, որից օրեր անց՝ կալանավորվել:
Կարեն Խաչատրյանին կալանավորելու որոշումը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն, իսկ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ:
Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություն կատարելու գործողությունների ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ու հայտնել, որ քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ այդ կառույցում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին: Խոսքն, ըստ Արթուր Վանեցյանի, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:
Քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար, իսկ Կարեն Խաչատրյանին վերագրվում է միայն վատնում կատարելու արարք:
Լուսանկարում՝ աջից Անդրանիկ Մնացականյանը, Ռուբիկ Մխիթարյանը
Մեկնաբանել