
«Հետքի» հրապարակումից հետո վազաշենցի ընտանիքը նոր տուն ունեցավ
Նախորդ տարվա օգոստոսին «Հետքը» հոդված էր հրապարակել Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի մի ընտանիքի մասին, որն ապրում էր հակառակորդի նշանառության տակ: Ընտանիքն ունի 3 երեխա՝ երկու որդի եւ մեկ դուստր: Մեր այցելության ժամանակ հանդիպել էինք միայն մորը՝ Արմենուհի Հակոբյանին, ում ամուսինը մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:
Ընտանիքը 15 տարի բնակվել է վթարային շենքի երկրորդ հարկում, բնակարանի սեփականության իրավունք էլ չունեին: Տան արտաքին պատերին հակառակորդի դիրքերից արձակած կրակոցների հետքեր էին, ննջասենյակի պատուհաններից մեկը քարերով փակել էին, որպեսզի նշանառության տակ չլինեին: Երկհարկանի շենքն էլ օրեցօր փլվում էր:
Մեր հրապարակմանն արձագանքել էր Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, որի նախաձեռնությամբ վազաշենցի ընտանիքը նոր տուն ունեցավ: Ընտանիքը նաեւ շինանյութ էր ստացել՝ նոր տունը վերանորոգելու համար:
Վերանորոգման աշխատանքները կատարել է ընտանիքի հայրը՝ Սերյոժա Գրիգորյանը, որը հենց այդ նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Ընտանիքն այժմ բնակվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող նոր տանը:
Մեկնաբանել