HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը համամիտ է՝ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատական ակտը խաթարում է արդարադատության շահը

Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, այսօր հրապարակեց որոշում, որով բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունի հետ՝ արդարացնելով նրան։

Դատախազությունը համամիտ է, որ դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հիմնարար իրավունքները խախտվել են 2008 թվականի իրադարձությունների առթիվ նրա վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Վճռաբեկ դատարանում Ջհանգիրյանի բողոքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Ջհանգիրյանի գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Դատախազը դիրքորոշում հայտնեց, որ Ջհանգիրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը պետք է բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության, սակայն Վճռաբեկ դատարանն, ինչպես գրել ենք, որոշեց Ջհանգիրյանին արդարացնել:

Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 3 տարի ժամկետով  ազատազրկման է դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Առաջին ատյանի այս դատավճիռը Վերաքննիչ դատարանը, 2009 թվականի մայիսի 20-ի որոշմամբ, թողել է անփոփոխ: Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ պահանջելով իրեն արդարացնել:

Դատական նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ գործով քննության ընթացքում խախտվել է մարդու իրավունքների և հիմնավոր ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության 17-րդ հոդվածով օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը: Դատախազը նշեց, որ Գագիկ Ջգանգիրյանի մեղադրանքի հիմքում դրվել են պատշաճ չհետազոտված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չեն հերքվել առաջադրված մեղադրանքում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հանգամանքները: Ըստ դատախազի` դատաքննության ընթացքում դատարանն անհիմն կերպով մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց. մեղադրական դատավճռի հիմքում դրվել են ոստիկանների՝ պատշաճ չստուգված ցուցմունքներ:

«Գտնում ենք, որ ի սկզբանե այս գործի քննությունը կանխորոշված է եղել»,- ասաց Պետրոսյանը:

Մինչ վճռաբեկի որոշման հրապարակումը ելույթ ունեցավ նաև Գագիկ Ջհանգիրյանը:

«Հարգելի՛ պալատ, այս ամբիոնից, որպես ՀՀ  զինվորական դատախազ և որպես գլխավոր դատախազի տեղակալ հարյուրավոր բողոքներ եմ ներկայացրել, պաշտպանել մեղադրանքի կողմի դիրքորոշումը դատավարության այլ մասնակիցների բողոքներ քննարկելիս, սակայն այսօր ձեզ եմ դիմում այլ կարգավիճակով՝ որպես հանիրավի դատապարտված, հուսով, որ ի վերջո դեպքից ավելի քան տաս տարի անց աներկբա կշտկեք, կվերացնեք ՀՀ քաղաքացու, իրավագետի, նախկին դատախազի նկատմամբ  թույլ տրված աննախադեպ ապօրինություններն ու անարդարությունները»,- խոսքն այսպես սկսեց դատախազի նախկին տեղակալը:

Ջհանգիրյանը նշեց, որ իր նկատմամբ վրեժխնդրության դրդապատճառներով հաշվեհարդար է իրականացվել «մինչդատական վարույթի դատական քննության» անվան տակ, և դա արվել է նաև մյուս պաշտոնյաներին զգուշացնլու համար, որ դժգոհողների բանակին միանալու դեպքում իրենց ևս նույնն է սպասվում:

«Պետք է խոստովանեմ, որ որքան էլ վիրավորական ու ցավալի է եղել տապառանքի իմ ուղին, ես նեղացած չեմ ո՛չ ինձ ձերբակալած ու մեղադրած քննիչներից ու դատախազներից, ո՛չ դատապարտած, բողոքները մերժած ու վարույթ չընդունած դատավորներից: Քաջ գիտակցում եմ, որ նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն կայացրած որոշումն ու քայլն  այդ ահաբեկչական ժամանակահատվածում նրանց համար ճակատագրական կլիներ: Եթե ինձ հետ այդպես վարվեցին, կարելի է պատկերացնել, թե ինչպես կվարվեին մյուսների հետ»,- ասաց Ջհանգիրյանը:

Վերջինս նշեց, որ հանուն արդարության պետք է ասի, որ 2008 թվականի փետրվարի 23-ի երեկոյան` իր ձերբակալման օրը, Արգավանդի խաչմերուկում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը չէր գնացել ապօրինի զենք և զինամթերք հայտնաբերելու և իրեն բերման ենթարկելու:

«Այդ է վկայում այն հանգամանքը, որ երբ ես կամավոր նստել էի ոստիկանության միկրոավտոբուսը և նրանց էի հանձնել ինձ մոտ առկա ատրճանակը, նրանք չգիտեին՝ ինձ ուր տանել»,- ասաց Ջհանգիրյանը:

Վերջինս նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է ինքը իշխանափոխությունից միայն մեկ տարի և մի քանի ամիս անց նախաձեռնել այս բողոքարկման գործընթացը:

«Բարոյական և հոգեբանական առումով՝ ինձ համար գերադասելի կլիներ, որ  իմ գործով վճռաբեկ բողոքը բերեր ՀՀ գլխավոր դատախազությունը, հատկապես, որ տեղեկատվություն ունեի, որ գործն առաջին ատյանի դատարանից դատախազությունը պահանջել է: Անուղղակի խողովակներով ինձ տեղեկություններ էին փոխանցվում նաև, որ գլխավոր դատախազությունը տեքստի վրա է աշխատում և այլն: Սակայն գլխավոր դատախազի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված մեկ-երկու պարզաբանումներից ակնհայտ դարձավ, որ դատախազությունը յուրաքանչյուր գործով սպասելու է ՄԻԵԴ վճիռներին, ապա նոր հանգամանքի առկայության հիմքով անդրադառնա այդ դատավճիռների բողոքարկման հարցին»,- ասաց Ջհանգիրյանը: Նա նշեց, որ դեռևս 2012 թվականի հոկտեմբերին ԱԺ ամիբիոնից հանդես է եկել հայտարարությամբ և օրվա ղեկավարությանը դիմելով՝ հորդորել Հայաստանի իրավապահ ու դատական մարմինների  կողմից նախորդ տարիներին գործած միտումնավոր սխալները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները  շտկել Հայաստանի իրավապահ մարմինների միջոցով, թույլ չտալ, որ դրանք ՄԻԵԴ վճիռների արդյունքում մտնեն եվրոպական իրավական շրջանառության  ոլորտ, դրանք վկայակոչեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներպետական օրենսդրության կիրառման ընթացքում, ցիտվեն խորհրդի անդամ երկրների քաղաքացիների՝ ՄԻԵԴ ուղղվող գանգատներում, որպեսզի չխաթարվի Հայաստանի՝ առանց այն էլ սասանված միջազգային վարկը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պալատի կողմից ակնկալվելիք որոշումը կայացնելուց հետո պատրաստ եմ հրաժարվել ՄԻԵԴ-ում իմ հետագա բողոքի քննարկումից, իսկ եթե արդեն ուշ է, ապա նաև այդ որոշման արդյունքում հօգուտ ինձ տրվող փոխհատուցումից` ոչ այն պատճառով որ դրա կարիքը չունեմ, ուղղակի ինձ համար ընդունելի չէ նման հատուցում ստանալը, քանի որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետական գանձարան»,- ասաց Ջհանգիրյանը:

Նախկին դատախազը նշեց, որ ինքը Վճռաբեկ դատարանի քրեական պալատից խնդրել է բեկանել իր վերաբերյալ կայացված դատական ակտերը, հռչակել իր անմեղությունն ու կարճել գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով` հիմնավոր և օրինական կգնահատի նաև վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու պալատի որոշումը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը, փաստորեն, որոշեց արդարացնել Ջհանգիրյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter