
Կառավարությունը լրացուցիչ 38 միլիոն դրամ հատկացրեց դատավորների աշխատավարձերի և արձակուրդային վճարների համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 17․5 միլիոն դրամ հատկացնել Սնանկության դատարանի դատավորների աշխատավարձերին, 12 միլիոն դրամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի, 8․5 միլիոն դրամ էլ՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների արձակուրդային և միանվագ վճարներին։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2019 թվականի բյուջետային հայտի ներկայացման պահին Սնանկության դատարանի դատավորների նշանակումները դեռ արված չէին, այդ պատճառով ավելացված 8 դատավորի համար աշխատավարձի ֆոնդը պլանավորվել էր՝ ելնելով դատավորի զրոյական ստաժով աշխատավարձից։ Սակայն նշանակվել են ստաժավոր դատավորներ, որի արդյունքում Սնանկության դատարանի աշխատավարձի բյուջետային միջոցները չեն բավարարում արդեն իսկ օգոստոս ամսվա վճարվելիք աշխատավարձի համար։
Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների այս տարվա բյուջետային հայտով նախատեսվել էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ դատավորի վերջնահաշվարկ, սակայն այդ նպատակով գումարը չի հատկացվել: Բացի այդ, դատավորներին և դատական ծառայողներին արձակուրդային և միանվագ վճարների վճարման արդյունքում ինն ամսվա համար հատկացված միջոցները չեն բավականացնում, որի պատճառով առաջացել է 12 միլիոն դրամի դեֆիցիտ։
8,5 միլիոն դրամ էլ փոխանցվեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների և դատական ծառայողների արձակուրդային և միանվագ վճարների համար։
Այս գումարները հատկացվելու են Դատական դեպարտամենտում, Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում թափուր հաստիքների աշխատավարձերի տնտեսման հաշվին:
Մեկնաբանել