
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին խաչ կունենա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքների եռուզեռ է: Եկեղեցին ամբողջությամբ շինանյութերի փոշու մեջ է: Շինարարական աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված է: Հայ և թուրք լրագրողներից բաղկացած մեր խմբին թույլատրեցին ընդամենը 10 րոպեով մտնել եկեղեցու տարածք, զննել, այնուհետև արագ դուրս գալ այնտեղից:
«Սուրբ Կիրակոս եկեղեցին խաչ կունենա,-մեզ հետ զրույցում հաստատեց Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը,- ինչպես մզկիթը մինարեթ չունենալով չի կարող մզկիթ համարվել, այդպես է եկեղեցին չի կարող ամբողջանալ առանց խաչի»:
Հաջորդ շաբաթ քաղաքապետը հանդիպելու է Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների հետ' քննարկելու եկեղեցու բացման արարողության մանրամասները: Պաշտոնյա այրերի ներկայության մասին քաղաքապետը դեռ ոչինչ չի ասում, սակայն հավաստում է, որ կլինեն հյուրեր թե Հայաստանից, թե Թուրքիայից: Եկեղեցու դուռը բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
«Մենք հրավիրելու ենք մասնակիցների երկու երկրներից' այս իրադարձությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար»,- ասում է Օսման Բայդեմիրը
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին միջին արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Եկեղեցու պատերի արձանագրություններում կառուցման տարեթիվ նշվում է 1515-18թթ.: 18-րդ դարում նորոգվել, նույն դարում նաև վերակառուցվել է, ևս մեկ ագամ վերակառուցվել է 19-րդ դարում:
Եկեղեցու առաջին գմբեթը կայծակնահար է եղել: 29 մետր բարձրությամբ նոր գմբեթը' ոսկեզօծ խաչով 1915-ին թնդանոթով պայթեցրել են շրջակա մզկիթների մինարեթերից ավելի բարձր չերևալու համար:
1915 թվականից հետո Սուրբ Կիրակոսը կիսավեր վիճակում է գտնվել և չի գործել: Առաջին աշխարհամարտի տարիներին օգտագործվել է որպես զինանոց, պատերազմից հետո' իբրև մթերանոց, ինչի հետևանքով բոլոր արժեքավոր իրերը կորել են:
1950-ականներին հայերի ջանքերով այն կրկին վերաբացվել է: 1960-ին եկեղեցին վերադարձրել են Դիարբեքիրի հայությանը: Քաղաքում մնացած հայերի նկատմամբ ճնշումների պատճառով մինչ 1990-ականները հայերի մեծ արտահոսք է սկսվել, ինչի հետևանքով եկեղեցին հանձնվել է տարեցների խնամքին և սկսել աստիճանաբար փլվել: Պատրիարքարանը մաքրել է եկեղեցին փլատակներից, կազմվել է նաև վերանորոգման նախագիծ, ինչը, սակայն, չի իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Այժմ միջոցները հայթայթվել են. Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորգվում է Սուրբ Սարգիս Կիրակոս փոքր հայկական եկեղեցու հիմնարկության վարչության, իմա' հայ հասարակության և քաղաքապետարանի միջոցներով:
Դիարբեքիր
Մեկնաբանել