HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վլադիմիր Կարապետյան. «Նիկոլ Փաշինյանը հետ քաշված է իրեն արդարացնելու պահանջով դատարան դիմելու հարցում, սպասում է այլ օրինակների»

«Անձնապես կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի»,- Կառավարության այսօրվա նիստից հետո, անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի արդարացմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Վճռաբեկ դատարանը, հիշեցնենք, երեկ բեկանել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված մեղադրական դատավճիռն ու արդարացրել նրան:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս իրեն արդարացնելու պահանջով դիմի դատարան, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, թե Փաշինյանը այդ հարցում սպասում է, որ այլ օրինակներ լինեն:

«Ինքը այս հարցում կարծես հետ քաշված է, և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի կամ որևէ առաջնորդություն չդիտարկվի այլ մարդկանց համար: Ինքը վերջում կամ ինչ-որ փուլի կմիանա: Կարծում եմ՝ անպայման արդարացումները պետք է լինեն»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Նշենք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2008-ի մարտի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրական դատավճիռ է կայացվել՝ թեև նրանք իրենց երբևէ մեղավոր չեն ճանաչել: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, փաստորեն, այժմ Ջհանգիրյանն արդարացվել է: Հարցին՝ չի՞ ստացվում, որ «ով իշխանություն ունի, նա ճիշտ է», Կարապետյանը պատասխանեց.

«Դուք շատ լավ հիշում եք, թե ինչպես է եղել այդ դեպքը. Գագիկ Ջհանգիրյանի և իր եղբոր մեքենան կանգնեցրին, և 20 զինվորականներ գործողություն իրականացրին՝ ձերբակալելով: Մեղադրանքը, որքան հիշում եմ՝ այն էր, որ Ջհանգիրյանը և այն ժամանակ իր հիվանդ եղբայրը դիմադրել են, ոստիկաններ են ծեծել: Այսինքն՝ ակնհայտ ապօրինություններ էին իրավապահներին կողմից, և  ես շատ ուրախ եմ, որ այդ պատմության այդ էջը քիչ-քիչ լուսաբանվում է և մի օր կփակվի արդար կերպով»:

Լրագրողներից մեկը վարչապետին հարց ուղղեց՝ կապված նախկին ոստիկանապետ, իսկ այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վալերիյ Օսիպյանի հետ:

Թե ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որի գործունեությունից վարչապետը դժգոհ էր հարցին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց՝ առաջարկելով հարցն ուղղել Վալերիյ Օսիպյանին:

«Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակներում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել և իրականացնել պատշաճ մակարդակի գործունեություն»,- ասաց վարչապետի խոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter