
Ըստ «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանը կարգապահական խախտում է կատարել. հրապարակվել է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել է նախագիծ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով: Նախագիծը հրապարակվել է ԱԺ կայքում: Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար որպես հիմք է նշվում էական կարգապահական խախտում կատարելը, ինչի համար էլ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու առաջարկով: Որոշման տեքստում անդրադարձ է կատարվում ՍԴ-ում քննվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության քննությանը: ՍԴ-ն ընդունել է աշխատակարգային որոշում, որով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հեռացվել է վարույթից՝ դրան մասնակցության անհնարինությամբ պայմանավորված (Վահե Գրիգորյանը մարտի 1-ի քրեական գործով տուժողների իրավահաջորդն է եղել, հեղ.):
Որոշման տեքստում նշվում է, որ չնայած գործի հնչեղությանը՝ ՍԴ-ն որոշել է գործի դատաքննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
«Աշխատակարգային որոշման մեջ չի նշվել որևէ դատավորի՝ գործին մասնակցելու անհնարինության մասին, ինչպես նաև չի նշվել՝ արդյոք դատավորներից որևէ մեկի գործին քննությանը մասնակցելու հարցն առհասարակ քննարկվել է, թե ոչ»,- ասված է ԱԺ որոշման տեքստում:
Նշվում է նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, Աշոտ Խաչատրյանին, Հրայր Թովմասյանին, Արայիկ Թունյանին և Արման Դիլանյանին ուղարկել է գրություն, որով նշել է իր դիրքորոշումը Հրայր Թովմասյանի, Հրանտ Նազարյանի և Արևիկ Պետրոսյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:
Նշվում է, որ ՍԴ կայքում որոշման հրապարակման տեքստից պարզ է դարձել, որ Հրայր Թովմասյանի կողմից բացակայում է անդրադարձը գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, որոշումն էլ ստորագրված է վերջինիս կողմից:
Գործով զեկուցող դատավորներից հատուկ կարծիք ներկայացրած Ֆելիքս Թոխյանը հայտնել է իր համոզմունքը, որ բարձր դատարանն այլ եզրահանգման կգար, եթե չցուցաբերեր շտապողականություն՝ հանրային հնչեղության հետ կապված:
Անդրադառնանք այն հիմքերին, որոնցով ըստ ներկայացված նախագծի, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը անհնարին է համարել Հրայր Թովմասյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:
Առաջինն այն է, որ Հրայր Թովմասյանը գործով դիմումատու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի նկատմամբ կանխակալ վերաբերունք ունի, քանի որ վերջինիս կնքահայրն է: Այդ մասին հրապարակային հայտնել են թե՛ Օրբելյանը, թե՛ Թովմասյանը: Որոշման տեքստում նշվում է նաև, որ Հրայր Թովմասյանի և Արամ Օրբելյանի մտերիմ հարաբերությունները փաստվում են նրանով, որ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած տարիներին Արամ Օրբելյանը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը:
ԱԺ որոշման տեքստում նշվում է՝ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ առկա է օբյեկտիվ կասկած, պետք է հեռացվի վարույթից:
Հրայր Թովմասյանի՝ դատավարության մասնակցության մյուս անհնարինությունն ըստ «Իմ քայլի»՝ պայմանավորված է Թովմասյանի և ՀՀԿ-ի, ինչպես նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցվածության հիմքերով: Քաղաքական մեծամասնությունը հիշեցրել է, որ Թովմասյանը 2010 թվականից բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀԿ-ում, և դա որպես ՍԴ անդամ կարող էր ազդել իր որոշման վրա:
«Ազգային Ժողովը կարող է ողջամտորեն ենթադրել, որ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի կողմից որոշումներ կայացնելիս վերջինս կարող է կաշկանդվել ՀՀԿ և դրա նախագահ Սերժ Սարգսյանի շահերով և ցուցումներով պայմանավորված: Վարույթի շրջանակում Հրայր Թովմասյանի անաչառության վերաբերյալ օբյեկտիվ կասկածի հիմք է տալիս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերի համընկնումը 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված քրեական գործի որոշակի կոնկրետ ելքով»,- ասված է որոշման տեքստում:
Նշվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ապացուցվի, ապա Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ առնելու բավարար հիմքեր կառաջանան թե՛ Սարգսյանի, թե՛ Թովմասյանի համար:
Ինչ վերաբերում է Թովմասյանի՝ էական կարգապահական խախտմանը, ըստ ԱԺ-ի, ապա ըստ Սահմանադրության ՍԴ անդամի լիազորությունները դադարեցվում են եթե ի թիվս այլ պատճառների նա կատարել է էական կարգապահական խախտում: Ըստ նախագծի՝ դա այնպիսի արարք կատարելն է, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Տեղեկացնենք, որ այս նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը, եզրակացությունը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կարող է քննակվել լիագումար նիստում, ապա ընդունվելու դեպքում՝ ուղարկվել ՍԴ:
Մեկնաբանել