HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մարմնի և հագուստի մեջ թմրանյութ տեղափոխելու գործով մեղադրվող իրանցիները պնդում են՝ Հայաստանի սահմանն անցնելը դժվարացել է

Իրանցի ամուսինների հագուստի և մարմնի միջից փորձաքննության արդյունքում հայտնաբերված ափիոն, մեթամֆետամին, ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոցների գործով այսօրվա դատական նիստին հետազոտվեցին հեռախոսային խոսակցությունները։ Ապացույցներում մեղադրյալներ Ահմադ Ամանին և Շոհրեհ Շաքուրին զրուցում էին Սեժիկ Բաղումյանի հետ, նրա հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերում։

Գործն ընթանում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Նախորդ նիստին Ահմադ Ամանին չընդունեց առաջադրված մեղադրանքը, իսկ Շոհրեհ Շաքուրին ու Սերժիկ Բաղումյանը հրաժարվեցին պատասխանել։ Այսօրվա նիստին հետազոտված խոսակցությունից պարզ էր, որ իրանցի ամուսիններն առաջին անգամ չէ, որ Հայաստան են եկել՝ թմրամիջոցներ անցկացնելու համար։

Զրույցներից մեկի ժամանակ կինը՝ ամենայն հավանականությամբ Շոհրեհ Շաքուրին, ասում էր․ «Ըտեղ՝ Հայաստանի սահմանին շատ դժվար է, առաջ հեշտ էր, հիմա կանանց առանձնացնում են, սկան են անում, ես ահագին դժվարությամբ փախա իրենցից»,- ասում էր վերջինս, հավելելով, որ ֆինանսական դժվարություններ ունի, և պետք է «մի բան անել»։

Իրանցի ամուսինների և Սերժիկ Բաղումյանի խոսակցությունները դատարանում թարգմանվում էին, ինչպես թարգմանությունից երևում էր, ամուսինները պայմանավորվում են Սերժիկ Բաղումյանի հետ Հայաստան գալու հաջորդ փորձը կատարել օդային ճանապարհով, որի վերաբերյալ Սերժիկ Բաղումյանն ասում է․ «Լավ փորձեք օդային ճանապարհով, մի բան կանենք, ես ձեզ չեմ թողնի»։

Իրանցի կինը Սերժիկ Բաղումյանին հարցնում էր․«Եթե կուլ տամ դա կերևա՞, թե չէ, սահմանին ես ստիպված էի ցույց տալ, որ վատ եմ, էն երկու հարյուրից խնդիր չունեմ, բայց էդ մեկը պիտի կուլ տրվի», - որին ի պատասխան՝ Սերժիկ Բաղումյանն ասում է․ «Դու ինքդ լավ գիտես, ոնց հեշտ կլինի»։

Հիշեցնենք, որ թմրամիջոցները հայտնաբերվել են 2018-ի ապրիլին, երբ իրանցի ամուսինները Թեհրան-Երևան չվերթով Զվարթնոց օդանավակայանով մուտք են գործել Հայաստան։

Ըստ մեղադրանքի՝  Շոհրեհ Շաքուրիին բերման ենթարկելիս հայտնաբերվել է մոտ 193 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, 90,299 գրամ հաստատուն քաշով մեթամֆետամին, ընդհանուր 70,94 գրամ ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց։ Ահադ Ամանիին բերման ենթարկելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ՝ նշելով, որ իր ուղիղ աղիում առկա են օտար զանգվածներ, որոնք ինքը հանել չի կարող։ Ըստ մեղադրական եզրակացության՝ բժշկական միջամտության արդյունքում Ահադ Ամանիի մարմնից հայտնաբերվել է 50,98 գրամ հաստատուն քաշով, ռետինե ժապավենների պարունակությամբ ափիոն տեսակի թմրամիջոց։

Սերժիկ Բաղումյանը մեղադրվում է առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց  ձեռք բերելու և պահելու համար։

Այսօր դատարանում հետազոտվեց նաև Ահադ Ամանիի և Սերժիկ Բաղումյանի հեռախոսային զրույցը, որտեղ Ահադն առաջարկում էր խանութ կամ ինչ-որ համալսարան բացել Հայաստանում, թեկուզ չունենալով եկամուտ, որը կդառնա Հայաստան հաճախ գալու համար պատրվակ:

Սերժիկ Բաղումյանը տղամարդուն ասում է․ «Սառցարան դնելու տոպրակներ կան, երկու-երեք տակ ծալում եք, ապա նեյլոնի թելով կապում, ծայրը վառում, երեք-չորս ժամ խնդիր չի առաջացնի, ուշադրություն դարձրեք, որ բացված տեղ չունենա, ձեզ չնեղացնի»,- որին ի պատասխան իրանցի տղամարդն ասում է, որ իր համար չի անհանգստանում, քանի որ իր մարմինն ավելի դիմացկուն է։

«Տակից ավելի հեշտ կլինի, թեև կարող են նաև կուլ տալ, և կես կգ կարող են տեղավորել»,- հավելում է Բաղումյանը։

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter