
Երևանյան «Էներջի» ակումբում շվեդ երիտասարդներին սպառնալով՝ խոշոր չափի գումար են խլել. պատմում է տղաների մայրը
Շվեդիայի Թագավորության քաղաքացի Սեսիլյա Կլարկը «Հետք»-ին պատմել է իր որդիների մասնակցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող «Էներջի» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին:
Տիկին Կլարկի խոսքով՝ երեք շվեդ երիտասարդներ (18-19 տարեկան), որոնք իրենց հանգիստն անցկացրել են Հայաստանում, հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը գնացել են «Էներջի» ակումբ, պատվիրել են 4 գարեջուր, 3 կոկտեյլ և 4 շոթ: Երբ տղաները դուրս գալուց առաջ հաշիվն են խնդրել, նրանց բերել են 332 հազար դրամանոց կտրոն: Նրանք սկզբում մտածել են, թե այդ ամենը կատակ է, սակայն երբ հասկացել են, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է, հրաժարվել են վճարել գումարը՝ այն համարելով չափից շատ ուռճացված:
Դրանից հետո, ըստ Սեսիլյա Կլարկի, ակումբի անվտանգության աշխատակիցներն ու սեփականատերը տղաներին տարել են նկուղ և դանակի սպառնալիքով պահանջել, որպեսզի երիտասարդները իրենց մոտի ողջ գումարը թողնեն ակումբում, այլապես այդտեղից ողջ դուրս չեն գա: Տղաները ստիպված իրենց ողջ գումարը, որն ընդհանուր կազմել է 290 հազար դրամ, թողել են ակումբում և հեռացել: Սեսիլյա Կլարկի պատմելով՝ այդ ամբողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցը դռան մոտից լուռ հետևել է կատարվածին:
Դեպքի մասին երիտասարդների մայրը նաև նամակ է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ.
«Դուք իսկապես ցանկանու՞մ եք, որ ձեր երկրում և մայրաքաղաքում այդպիսի բաներ տեղի ունենան: Ես կարծում էի, որ դուք ամենահյուրընկալ երկրներից մեկն եք աշխարհում: Հույս ունեմ, որ կառավարությունը ջանքեր կգործադրի, որ «Էներջի» ակումբը փակվի, և մենք հույս ունենք, որ մեզնից ներողություն կխնդրեն ու կվերադարձնեն ամբողջ գումարը»,- իր նամակում գրել է Շվեդիայի Ուփսալա քաղաքի բնակչուհին:
«Հետք»-ի հետ զրույցում Սեսիլյա Կլարկը նշեց, թե տղաներին այդ ակումբ այցելելու խորհուրդը տվել է ինչ-որ դեռահաս տղա. «Ենթադրում եմ, որ նա էլ գումարի իր բաժինն ունի, որն աշխատում է ակումբը խաբված տուրիստների միջոցով»,- ասաց շվեդ կինը:
Նրա խոսքով՝ հայերին չեն թույլատրում մուտք գործել ակումբ. «Եվ վերջապես Երևանի ոստիկանությունը գիտի ավելին այդ ակումբի մասին, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը համագործակցում են ակումբի հետ»,- նշեց Սեսիլյա Կլարկը:
Գուգլում որոնելիս «Էներջի» ակումբի մասին կարելի է գտնել մի շարք բացասական արձագանքներ: Մեկնաբանողների մեծ մասը իրանցիներ են, որոնք դժգոհում են բարձր գներից, ինչպես նաև խարդախության մեխանիզմներից:
Կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար այցելեցինք «Էներջի» ակումբ, որը շահագործում է «Խաչատուր Խաչատրյան» ԱՁ-ն: Անվտանգության աշխատակիցներից մեկն ուղեկցեց ակումբի նկուղային հարկ, որտեղ տնօրինության ներկայացուցիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, հերքեց Սեսիլյա Կլարկի պատմածը: Նրա խոսքով՝ հաշիվը այդքան մեծ գումար չի կազմել, սակայն չկարողացավ կոնկրետ թիվը հիշել: «Երբ իրանք հաշիվը տեսան, խնդրեցին, որ իրանց համար զեղչեր անենք, որովհետև էդքան գումար չունեին իրանց մոտ: Մենք ընդառաջեցինք, իրանք էլ գոհ ու շնորհակալ գնացին»,- ասաց ակումբի տնօրինության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դանակի սպառնալիք կամ որևէ տեսակի սպառնալիք չի եղել շվեդ տղաներին: Մեր այն հարցին, թե ինչու են նաև այլ այցելուներ դժգոհում ակումբի գներից, նա ասաց. «Մարդ կարա գա, պահի ազդեցության տակ 10-20 տարվա կոնյակ խմի, հետո առավոտ զարթնի, հիշի, թե իրիկունն ինչ ա արել ու էդ ձևի բաներ գրի»,- ասաց նա:
Տնօրինության ներկայացուցչի խոսքով՝ իրենց ակումբում չեն կարող այդպիսի դեպքեր լինել, քանի որ ակումբի մոտակայքում մշտապես ոստիկաններ կան: Նա նաև հերքեց շվեդներին ակումբ ուղեկցած դեռահաս տղայի մասին տեղեկությունը, որ վերջինս աշխատում է ակումբի համար: Մեր այն հարցին, թե հայ այցելուների մուտքը թույլատրվու՞մ է, ակումբի տնօրինության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց՝ ասելով՝ հայերի մուտքը զույգերով է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մեղադրյալներ դեռ չկան
Սեսիլյա Կլարկի նամակը օգոստոսի 23-ին վարչապետի աշխատակազմը փոխանցել է ոստիկանություն, որտեղից օգոստոսի 29-ին մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբում անցկացվում է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների ենթադրյալ կարգապահական խախտումներ հայտնաբերելու և պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:
Այսօր դատախազության հանրային կապերի բաժին պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ին փոխանցեց, որ «Էներջի» ակումբում կատարվածի առթիվ սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել սպառողներին խաբելու հատկանիշներով: Այժմ գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում: Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ակումբի աշխատակիցները, մեղադրյալներ դեռևս չկան: Նախաքննությունը շարունակվում է:
Ակումբի շենքը պատկանում է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կնոջ ընկերությանը
«Էներջի» ակումբի շենքը սեփականության, իսկ զբաղեցրած տարածքը վարձակալության իրավունքով պատկանում է «Բուրաստան» ՍՊԸ-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ 1996թ. հիմնադրված ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը Տաթևիկ Սարդարյանն է՝ ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ, այժմ արդեն թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի կինը:
Կադաստրի կոմիտեի «Հետք»-ին փոխանցած տվյալների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի 2001թ. հուլիսի 25-ի որոշմամբ՝ Գլաձոր համալսարանի հետևում գտնվող 200 քմ հողամասը վարձակալության իրավունքով, իսկ 282.5 քմ մակերեսով անավարտ սրճարանը սեփականության իրավունքով տրամադրվել է «Բուրաստան» ՍՊԸ-ին: 2005 թվականին էլ «Բուրաստան» ընկերության իրավունքները գրանցվել են նաև 262 քմ մակերեսով հողամասի և 619 քմ մակերեսով սննդի օբյեկտի նկատմամբ:
«Բուրաստան» ՍՊԸ-ի տնօրեն և սեփականատեր Տաթևիկ Սարդարյանի հետ զրուցելու համար զանգահարեցինք ընկերություն, հեռախոսազանգին պատասխանեց նրա հարսը (եղբոր կինը)՝ Մանյա Սարդարյանը: Նա հայտնեց, որն շենքը պատկանում է ընկերությանը և այնտեղ ժամանակին ռեստորան է գործել.
«Շենքը սկզբում ռեստորան է եղել, այնտեղ ռեստորան ենք աշխատացրել: Այնուհետև տվել ենք վարձակալության»,- ասաց Մանյա Սարդարյանը:
Նրա խոսքով՝ «Էներջի» ակումբի հետ «Բուրաստան» ՍՊԸ-ն կապ չունի, ակումբի ղեկավարների հետ ընկերական-բարեկամական կապեր նույնպես չունեն, պարզապես շենքը հանձնել են վարձակալության:
Լրացում, 26 սեպտեմբերի 2019թ. / Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ վարչության շտաբի հետաքննության բաժանմունքում կատարված ծառայողական քննության արդյունքներով՝ բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել և չի հիմնավորվել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրենց գործառութային պարտականություներն իրականացնելիս կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ տալու հանգամանքը, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել