HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դուք վնգստացող դատավորների ցանկում կա՞ք». Հայկ Ալումյանի հարցը դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապվող խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը մերժելուց հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թե՛ այսօր, և թե՛ նախորդ նիստին հրապարակված որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ:

«Դատարանն այսպիսով դարձել է գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանը զրկվել է սեփական կամքից:

«Դուք հիմա էստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ, այստեղ բովանդակային առումով դատարան գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ»,- ասաց Ալումյանը։

Վերջինս հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում դատական համակարգում գոյություն ունեն պատերի տակ վնգստացող դատավորներ, և այդ հանգամանքն իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է նաև Բարձրագույն խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ Ռուբեն Վարդազարյանն ասել է նաև, որ դատական համակարգում գիտեն, թե ում է նկատի ունեցել վարչապետը, սակայն հանրությունը չգիտի այդ վնգստացող դատավորների ցանկը:

Ալումյանի խոսքով` իրենք դիմել են Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի վերջինս տրամադրի այդ ցանկը:

Մինչ այդ մենք ուզում ենք իմանալ` Դուք  վնգստացող դատավորների ցանկում կա՞ք, հարգելի՛ դատարան»,- Աննա Դանիբեկյանին դիմելով`ասաց Հայկ Ալումյանը` նշելով նաև, որ իրենք ցանկանում են միջնորդել, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտնի:

Դատավոր Դանիբեկյանը հիշեցրեց, որ պաշտպանի խոսքերը կարող են գնահատվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և հանգեցնել նրա նկատմամբ դատական սանկցիայի կիրառման:

«Ես հիշեցնեմ, որ Դուք չէիք վիրավորվում, երբ այդ ամենն ասում էր վարչապետը, Դուք վիրավորված լինելու նշաններ չեք տվել, երբ դա ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ես անձամբ Ձեզ կամ որեևէ մեկին վնգստացող դատավոր չեմ անվանում, բայց ԲԴԽ նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ այդպիսի դատավորներ կան, և դատական համակարգում նրանց անունները հայտնի են: Մեզ հայտնի չեն, մենք ուզում ենք ճշտել, բա մենք չիմանա՞նք՝ ում մասին է, մենք մտավախություն ունենք, որ կարող է Ձեր մասին է»,- ասաց Հայկ Ալումյանը:

Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանում ԲԴԽ նախագահի կամ վարչապետի հայտարարությունները չեն քննարկվում:

«Դուք այն թևում եք գտնվում և գտնվում այն թևի ազդեցության տակ, որը քաղաքական հետապնդում է սանձազերծել պարոն Քոչարյանի նկատմամբ»,- ասաց Ալումյանը` դատարանին խնդրելով իրենց մեկ աշխատանքային օր ժամանակ տրամադրել` ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Դատավորի գործողությունների վերաբերալ փորձեց առարկություն ներկայացնել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն դատարանը նրան թույլ չտվեց: Պողոսյանը հայտարարեց, որ դատավորն այսպիսով իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովին զրկում է արդար դատաքննության իրավունքից։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter