HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն քայլերը, որոնք Ադրբեջանը փորձում է ներկայացնել դիվանագիտական ուղղությամբ, զուտ իմիտացիոն բնույթ են կրում»

«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը

-Պարոն Աբրահամյան, օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը,  անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ձեւակերպմանը, ասել է, թե իրենք իրենց խոսքը կասեն ռազմի դաշտում, իրենք երազում են այդ մասին, եւ այն շուտով ի կտար կածվի: Ինչի՞ մասին է խոսում բարձրաստիճան պաշտոնյայի այս ռազմաշունչ հայտարարությունը:

-Այս հայտարարությունը մեկ բանի մասին է խոսում՝ այն քայլերը, որոնք Ադրբեջանը փորձում է ներկայացնել դիվանագիտական ուղղությամբ, զուտ իմիտացիոն բնույթ են կրում, որովհետեւ իրականում այդ երկիրը պատրաստվում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհին: Այս հայտարարության մեջ նորությունը ժամանակային ամրագրում է՝ «այն շուտով ի կատար կածվի», թե չէ մյուս ձեւակերպումները որոշակի պարբերականությամբ անընդհատ հնչեցվում են:

-Իսկ դա ի՞նչ է ենթադրում՝ ըստ Ձեզ:

-Սա նվազագույնը շանտաժ է, ճնշում, որը տարածաշրջանին նոր անկայունության փուլ է խոստանում:

-Եվ կարելի՞ է ենթադրել, որ լայնամասշտաբ գործողությունները սարերի հետեւում չեն: 

-Ամեն դեպքում Ադրբեջանը դրանով է սպառնում:

-Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող պարբերական զորավարժությունները, այդ թվում՝ Թուրքիայի եւ Վրաստանի մասնակցությամբ, արդյոք բացառապես պլանային միջոցառում պետք է համարել, թե՞ դրանք նաեւ հստակ ուղերձ են Հայաստանին:

-Եթե նույնիսկ ոչ պլանային լինեն, դրանք ինքնին սպառնալիք են, եւ ինչ խոսք՝ նաեւ հստակ ուղերձ Հայաստանին, Արցախին եւ ողջ տարածաշրջանին: Ճիշտ է՝ դրանք մեր իրականության մեջ նորույթ չեն, սակայն դրանց անցկացումն ու զուգորդված քաղաքական հայտարարությունները լարվածություն են հաղորդվում ողջ ռեգիոնին:

-Արցախի ՏԻՄ ընտրություններից հետո Վրաստանն ու Ուկրաինան հանդես եկան դրանք չճանաչելու մասին հայտարարություններով, որոնց կտրուկ արձագանքեց Արցախի արտգործնախարարությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այս երկրներին դրդում հանդես գալ նման միակողմանի հայտարարություններով՝ սեփական տարածքային վեճե՞րը, միջազգային մարմիններում սովորաբար Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանող Հայաստանի կեցվա՞ծքը, Ադրբեջանի հետ սերտ քաղաքական եւ ռազմատնտեսական կապե՞րը: Ընդ որում՝ Վրաստանը եւս սահմանային վեճ ունի Ադրբեջանի հետ:

-Այս երկրները միմյանց միավորող տարբեր պրոցեսների մեջ են՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ինչ-որ առումով նաեւ քարոզչական, եւ դա է պատճառը, որ որոշակի պարբերականությամբ նման հայտարարություններ են հնչում ու ըստ այդ տրամաբանության հակադարձվում: Եվ ես այս իրադարձությունները միայն հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների հետ չէի կապի:

-Իսկ ինչի՞ հետ կկապեիք:

-Սա նշանակում էր, որ այդ երկրների հետ պետք է ակտիվ աշխատել՝ փորձելով կանխել հակահայկական բնույթի հայտարարություններն ու գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter