
Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, Ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՊՆ զորամասի սպա: Խոսքը փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին է: Վերջինիս գտնվում է կոմայի մեջ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, ըստ քննչաական կոմիտեի տարածած հաղորդագրության, պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Միջադեպից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ վերը նշված միջադեպին մասնակից է եղել նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը: Ինքը` մարզպետը հերքում է իր մասնակցության հանգամանքը: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր ունեցած տեղեկություններով` իր դեմ ցուցմունք են տվել, և հայտարարել, որ սուտ ցուցմունք տված անձինք ևս պատասխանատվության են ենթարկելու:
Նշենք, որ երեկ միջադեպին արդրադարձել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` վստահեցնելով որ ինքն ու կառավարության մյուս անդամները հետամուտ են լինելու, որպեսզի դեպքի հանգամանքները պարզվեն:
«Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացնում: Ամեն ինչ ազնիվ ու արդար է լինելու, և մեղավորներն իրենց պատիժը ստանալու են»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Մեկնաբանել