HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ՝ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից. մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Պաշտպանության նախարարութան զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, Ոստիկանության Վայոց ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ սեպտեմբերի 18-ին ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ, գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վիճաբանությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter