HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ջրվեժի աղբավայրում խախտումներ են արձանագրվել․ «Անկոլո» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ «Հետք» լրատվական կայքում Ջրվեժի աղբավայրի վերաբերյալ հրապարակված նյութերի, պետական գերատեսչություններից ստացված գրությունների և քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։ Ընկերության տնօրենը տուգանվել է 5 մլն 430 հազար դրամով։

Ընկերությունը Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերով շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1 և 2 հեկտար մակերեսով երկու հողատարածք։

Պարզվել է, որ 1 հեկտար տարածքում ընկերությունն իրականացրել է աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության։

Մյուս՝ 2 հեկտար տարածքի շահագործման համար նախկինում տրված փորձաքննական դրական եզրակացության պահանջները կատարվել են ոչ ամբողջությամբ։

Մասնավորապես՝ թափոնների ընդունմանը զուգահեռ դրանց սեղմման և 25 սմ հաստությամբ մեկուսիչ հողի շերտով ծածկման գործընթացն իրականացվել է մասնակի։ Աղբավայրում չեն նախատեսվել նաեւ անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ, չեն շահագործվել լվացող սարքավորումները։

Ըստ Տեսչական մարմնի՝ ստուգմամբ պարզվել է նաեւ, որ Ջրվեժ գյուղի վարչական սահմաններում գտնվող 1404 քմ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը լցված և հարթեցված է աղբով, ինչի հետևանքով վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին։

Բացի այդ, ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու փաստով ընկերության նկատմամբ կայացվել է գործունեությունը կասեցնելու որոշում։ Որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

Տեսչական մարմինը ընկերության տնօրենին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ 5 մլն 430 հազար դրամի չափով։ Հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել 26 հազար 535 դրամի չափով։ Արձանագրված խախտումները վերացնելու համար ընկերությանը տրվել է պարտադիր կատարման հանձնարարական։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին գրել էինք, որ Ջրվեժի աղբավայրում աղբ են այրում։ Բնակիչները պարբերաբար ահազանգում էին աղբավայրում աղբի այրման մասին։

Ջրվեժի համայնքապետ Նորայր Սանթրոսյանը կարծում էր, որ տարածված ծուխը Ջրվեժի աղբավայրից չէ։ Նա նաև հայտնել էր, որ աղբավայրի վերահսկողությունը համայնքապետարանի իրավասությունների շրջանակում չէ։

Աղբավայրը շահագործող «Անկոլո» ՍՊԸ-ի սեփականատեր Վաղինակ Հովհաննիսյանն էլ հերքել էր, որ ընկերությունն աղբ է այրում։ Նրա խոսքով՝ այրման դեպքերը կարող էին լինել ինքնահրդեհման հետևանք։ Հովհաննիսյանը նշել էր, որ նման դեպքերում ընկերությունը կրակը մարում է ջրցան մեքենաներով և տեխնիկայով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter