HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։

«Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026թ. հոկտեմբերի 21-ին 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նույն օրը վաղ առավոտյան Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը Արսեն Գևորգյան էր։ 

2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացվել Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել էր 14 անձ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։

Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվել են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում էին չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգում էին, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter