HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Անորա» խնամքի կենտրոնի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին

«Անորա» խնամքի կենտրոնի մասին «Հետքի» հրապարակման հիման վրա ՆԳՆ ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել և հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին։ Այս մասին «Հետքին» հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին «Հետքը» գրել էր, որ «Անորա» խնամքի կենտրոնում գտնվող 66-ամյա Գագիկ Մխիթարյանը, կենտրոնում գտնվելու ընթացքում մնացել էր առանց խնամքի, ոտքերի շրջանում ստացել մարմնական վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կենտրոնի տրամադրած տեսագրություններում երևացել էր, որ տղամարդը մի քանի ժամ մնացել էր առանց աշխատակիցների հսկողության, փորձել էր ինքնուրույն իջնել մահճակալից և վնասել ոտքերը։ Հիվանդանոցում ընտանիքի անդամներին հայտնել էին նաև, որ Գագիկ Մխիթարյանի վիճակի վատացումը կարող է կապված լինել նաև նրա՝ բժշկի կողմից նշանակված դեղերը չընդունելու հետ։ 

Հրապարակման մեջ անդրադարձել էինք նաև մասնավոր խնամքի կենտրոնների գործունեության վերահսկողության բացակայությանը և «Անորա» կենտրոնի հետ կնքված պայմանագրի դրույթներին, որոնցով կենտրոնը մի շարք դեպքերում պատասխանատվություն չէր ստանձնում։ Ավելին, երբ Գագիկի ընտանիքի անդամներն իրենց դժգոհությունն էին հայտնել, կենտրոնի ղեկավար Նելլի Հակոբյանը սպառնացել էր դատի տալ։

Օրեր առաջ «Հետքի» խմբագրությունը մեկ այլ դիմում է ստացել «Անորա» խնամքի կենտրոնի գործունեության վերաբերյալ, առաջիկայում այդ թեմայով նույնպես հրապարակում կունենանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter