HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա առողջությանը վնաս հասցնելու համար։ Ուղեղի կաթված ստացած 66-ամյա Գագիկ Մխիթարյանը կենտրոնում գտնվելու ընթացքում մնացել է առանց հսկողության, ստացել մարմնական վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աննա Գևորգյանն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ծնողները՝ Հայաստանում։ Նրա մայրը պետք է մեկներ ԱՄՆ՝ դստերն այցելության, և քանի որ տանը ոչ ոք չէր կարող Գագիկ Մխիթարյանի համար 24-ժամյա խնամք ապահովել, ընտանիքը որոշել էր նրան ժամանակավորապես տեղափոխել խնամքի կենտրոն։ Հուլիսի 11-ից նա գտնվել է «Անորա» խնամքի կենտրոնում։ Օգոստոսի 23-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ընտանիքը խնամքի կենտրոնի մասին տեղեկացել էր «Ֆեյսբուք»-ի գովազդների միջոցով։ Կողմերի միջև կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, և կենտրոնին վճարվել էր 250 000 դրամ։

Գագիկ Մխիթարյանը մշտական հսկողության կարիք ունի․ ինքնուրույն չի կարող նստել կամ կանգնել, եթե շարժվի, կարող է ընկնել։ Խնամքի կենտրոնի աշխատակիցներին ընտանիքն այդ մասին նախապես զգուշացրել էր։

«Քրոջս ամուսինն ասել էր՝ երբ, օրինակ, միրգ եք տալիս, մի թողեք, որ հենվի սայլակին, կընկնի։ Գիտակցությունը տեղում չէ․ փորձում է նստել, բայց չի գիտակցում, որ չի կարող նստել կամ վեր կենալ։ Ամեն դեպքում, նրան մշտական հսկողություն է պետք»,- պատմում է Աննա Գևորգյանը։

Մշտական խնամքի կարիք ունեցող մարդուն թողել են առանց հսկողության

Հարազատները գրեթե ամեն օր այցելել են Գագիկին։ Ասում են՝ Գագիկի մոտ արտառոց վարք այդ օրերին չեն նկատել, երբեմն թույլ կամ պասիվ է եղել, երբեմն՝ ավելի աշխույժ, նրանք դա կապել են ընդհանուր առողջական վիճակի հետ։

Օգոստոսի 22-ի գիշերը Գագիկի կինը՝ Գայանեն, վերադարձել է ԱՄՆ-ից։ Օգոստոսի 23-ի առավոտյան «Անորա» խնամքի կենտրոնից զանգել են Գագիկի՝ Հայաստանում ապրող դստերն ու ճշտել Գագիկի անձնական տվյալները ՝ ծննդյան օրը, տարիքը՝ ասելով, որ շտապօգնություն կանչելու համար է, բայց լուրջ բան չկա։

«Վաղ առավոտյան զանգել են քրոջս ու ասել, որ հորս միզուղիներն են խցանվել, դրա համար բժիշկ կանչելու կարիք կա, միզային կաթետրը տեղաշարժվել է։ Երբ մայրս դա իմացել է, անմիջապես գնացել է խնամքի կենտրոն։ Մայրս տեսել է, որ հորս ոտքերին վնասվածքներ կան, մեզ մինչ այդ դրա մասին ոչինչ չէին հայտնել, բացի այդ, հեռացված էր ոտքի բութ մատի եղունգը, մորս չէր արձագանքում, ռեակցիա չուներ, մայրս անմիջապես կազմակերպել է, հորս տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն»,-պատմում է Աննան։

Photo.jpg (649 KB)

Հարազատները խնամքի կենտրոնի աշխատակիցներին հարցրել են՝ արդյոք Գագիկն ընկել է։ Նրանք հերքել են, ասել, որ նման բան տեղի չի ունեցել։ Կենտրոնի ղեկավար  Նելլի Հակոբյանը հայտնել է, որ տեսախցիկների տեսագրությունները կարող է բերել ու ցույց տալ։

Աննայի խոսքով, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտություններից հետո բժիշկները հարցրել են՝ Գագիկը վերջին օրերին ընդունե՞լ է նշանակված դեղերը, քանի որ դեղորայքի պակասը կարող էր նպաստել վիճակի վատացմանը։ Գագիկը հակացնցումային դեղեր էր ընդունում։ Բացի այդ, հիվանդանոց տեղափոխելու ժամանակ նա ջերմել է։

«Հետո պարզվեց, որ իր դեղերի կեսն անգամ հորս չեն տվել, մորս վերադարձից հետո, երբ անձնական իրերը հետ են տվել, դեղերի մեծ մասը դեռ մնացել էր։ Մեզ նաև մի ուրիշ հարց է անհանգստացնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ոստիկանությունից ոչ ոք չեկավ, չարձանագրվեց այն փաստը, որ հայրս արտաքին երևացող վերքերով, վնասվածքներով է հիվանդանոց տեղափոխվել, նախորդ տարի մեր տանն ընկել էր, տեղափոխել էինք հիվանդանոց ու միանգամից ոստիկանության աշխատակիցներն էին եկել»,- ասում է Աննան։

Ընտանիքի անդամները Գագիկ Մխիթարյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո տուն են տարել, հետո «Անորա» խնամքի կենտրոնի ղեկավար Նելլի Հակոբյանին հրավիրել իրենց տուն՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։

Նելլին բերել է խոստացած տեսագրությունները, սակայն ասել է, թե տեսագրությունները նրանց տալ չի կարող, քանի որ այլ մարդիկ էլ են կադրերում երևում, բայց կարող են միասին նայել, հասկանալ՝ ինչ պատճառով են Գագիկի ոտքերը վնասվել։ Տեսագրություններում երևացել է՝ առավոտյան ժամը 6-10-ը Գագիկին խնամքի կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկը չի մոտեցել, ինքը փորձել է իջնել մահճակալից, ոտքերը մնացել են պատի ու մահճակալի արանքում, փորձել է հանել, չի կարողացել ու վնասել է ոտքերը, այդպիսով ոտքերի վրա խորը վերքեր են առաջացել, այդ ընթացքում էլ վնասվել է բութ մատի եղունգը, որը խնամքի կենտրոնի աշխատակիցները հեռացրել են։

«Նելլին մեզ որպես արդարացում հայտնեց, թե իբրև խնամողներից մեկը ներկայացել է որպես բուժքույր ու հետո պարզել են, որ նա բուժքույր չէր, այլ հոգեբան, ու նրա հերթափոխի ընթացքում է դեպքը տեղի ունեցել։ Բայց ի՞նչ կապ ունի՝ խնամողը ով է, 4 ժամ անօգնական մարդուն թողնել առանց ուշադրության, իսկ եթե այդ ընթացքում մահանա՞ր հայրս, մեզ ի՞նչ էին ասելու, հերթափոխի խնամողը հոգեբա՞ն էր»,-ասում է Աննան։

Նելլի Հակոբյանը որպես փոխհատուցում առաջարկել է, որ կենտրոնի խնամողներից մեկն ամեն օր մի քանի ժամով գա իրենց տուն եւ խնամի Գագիկին մինչև նա կազդուրվի։ Խնամողը ընդամենը մեկ անգամ է եկել։

Խնամքի կենտրոնի ղեկավարը սպառնացել է դատի տալ

Երբ Գագիկի ընտանիքի անդամներն իրենց դժգոհությունն են հայտնել, ասել, որ լրատվամիջոցներին և պետական մարմիններին կդիմեն, Նելլի Հակոբյանը սպառնացել է դատի տալ, սակայն չի պարզաբանել՝ ինչ հիմքով։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, «Անորա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցվել է 2026  թվականի մայիսի 20-ին, ընկերության սեփականատերը Նելլի Հակոբի Հակոբյանն է, որը նաև ներկայանում է որպես տնօրեն։ Պետական եկամուտների կոմիտեի տնտեսական գործունեության դասակարգչի տվյալներով, ընկերությունը գրանցված է «Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում» անվան տակ։ Ընկերության գործունեության տեսակը տարեցների շուրջօրյա խնամքի մասին կոնկրետ նշում չի պարունակում։

Տնտեսական գործունեության այդ դասակարգիչը լայն հասկացություն է և չի ենթադրում կոնկրետ մասնագիտացում կամ տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություն։

Մասնավոր խնամքի կենտրոնների գործունեությունը պետական որևէ մարմին չի վերահսկում։ Փաստացի, ցանկացած ոք, առանց համապատասխան ստուգումների եւ որակավորման, կարող է խնամքի կենտրոն բացել և զբաղվել մարդկանց խնամքով։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի խոսքով, առաջիկայում պատրաստվում են փոփոխություններ կատարել օրենքում, որի արդյունքում նախարարությունը կվերահսկի ոչ միայն պետական, այլև մասնավոր խնամքի կենտրոնների գործունեությունը։

«2026 թ․ փետրվարի 19-ին ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի N 195-Ն որոշումը, համաձայն որի՝ 2028 թվականից սոցիալական ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունների գործունեությունը ենթակա է լինելու պարտադիր հավաստագրման, անկախ այն հանգամանքից՝ կազմակերպությունները գործում են պետական դրամաշնորհի շրջանակում, թե ոչ։ Պարտադիր հավաստագրումն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի միասնական պարտադիր չափորոշիչների սահմանմանը, շահառուների իրավունքների, անվտանգության ու արժանապատիվ պայմանների համապարփակ երաշխավորմանը, ինչպես նաև ոլորտում գործող կազմակերպությունների պատասխանատվության և թափանցիկության բարձրացմանը»,- նշված է պատասխանում։

Խնամքի կենտրոնը մի շարք դեպքերի համար չի ստանձնում պատասխանատվություն

Աննա Գևորգյանը մեզ տրամադրել է նաև «Անորա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Կողմերի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր։

Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը ստանձնել է 66-ամյա Գագիկ Մխիթարյանի շուրջօրյա խնամքի, կեցության ապահովման, կենցաղային սպասարկման և օրական 3-անգամյա սննդի տրամադրման պարտավորությունը։ Ծառայության արժեքը սահմանվել է 250,000 դրամ, որը պատվիրատուն պարտավորվել է վճարել 100% կանխավճարով։

Պայմանագրում հստակ ընդգծվում է, որ մատուցվող ծառայությունները կրում են բացառապես «սոցիալ-կենցաղային» բնույթ և չեն հանդիսանում բժշկական գործունեություն։ Պայմանագրի 4.1 կետի համաձայն՝ կենտրոնը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում խնամվողի ընկնելու, սննդից կամ դեղերից հրաժարվելու, ինչպես նաև հրավիրված բժիշկների կամ երրորդ անձանց գործողությունների կամ անգործության համար։

Պայմանագրում ընդհանրական են սահմանված բուն խնամքի պայմանները։ «24-ժամյա խնամք» և «օրական 3-անգամյա սնունդ» ձևակերպումներից բացի, փաստաթղթում բացակայում են խնամքի՝ անձնական հիգիենայի ապահովման, դեղորայքի ընդունման ստույգ վերահսկողության վերաբերյալ ձևակերպումները։

«Հետքը» կապ հաստատեց կենտրոնի ղեկավար Նելլի Հակոբյանի հետ։ Առաջին հեռախոսազանգի ընթացքում նա թեմայի մասին լսելուց հետո հայտարարեց, որ դատական հայց կներկայացնի ընտանիքի դեմ իր բարի համբավն արատավորելու համար։ Ապա նշեց, որ մեր հարցերին կպատասխանի միայն իր իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո։

Հաջորդ օրը, երբ կրկին զանգահարեցինք, ասաց, որ խոսել է իրավաբանի հետ, բայց չի պատրաստվում հեռախոսով մեր հարցերին պատասխանել, հրավիրեց խնամքի կենտրոն։ Ժամեր անց կրկին զանգահարեց եւ խնդրեց նախապես հայտնել, թե ինչ հարցերի շուրջ պետք է զրուցենք եւ գրավոր տրամադրել դրանք, ինչից մենք հրաժարվեցինք։

Սեպտեմբերի 24-ի առավոտյան Նելլի Հակբոյանը կրկին զանգահարեց եւ պայմանավորվեց հանդիպել ժամը 15:00-ին, սակայն ավելի ուշ փոխեց մտադրությունը եւ հրաժարվեց հարցազրույցից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter