«Հետք». ամռան հետքերով
Անտոն Գայսլեր, «Հետքի» փորձնակ
Ինչպե՞ս եք հիշում ամառը։ Արդյոք այն աստիճանաբար մշուշոտվում է՝ վերածվելով երջանկության կամ կարոտախտի մի անորոշ զգացողության, որը կարծես գունաթափվել է սեփական լույսի ներքո, իսկ հանդիպած մարդիկ, նրանց դեմքերն ու զրույցները միաձուլվել են։ Արդյոք միակ բանը, որ մնում է, պարզապես այն գիտակցումն է, որ երջանիկ եք եղել, թե՞ որոշ պատկերներ, օրեր ու դեմքեր, այնուամենայնիվ, հստակ են մնում հիշողության մեջ։
Հուսով եմ՝ ես կմտապահեմ ավելին, քան պարզապես մի զգացողություն։ «Հետք»-ի կանաչ ցուցանակը՝ լուսավորված մեր գրասենյակ տանող մթին միջանցքի կողքին, որտեղ գործընկերներս ծխում են ու սուրճ խմում։ Մարդաշատ վերելակը, որը կանգ է առնում միայն որոշակի հարկերում։ Սևանա լիճը հանգստյան օրերին, արևից այրվելը և խորովածի պատրաստ լինելուն սպասելը։
Հայաստանում եմ ընդամենը երկու ամիս՝ «The Armenia Project» ծրագրի շրջանակում լրագրողական պրակտիկա եմ անցնում «Հետք»-ում և «ՍիվիլՆեթ»-ում, բայց արդեն գիտեմ, որ ցանկանալու եմ վերադառնալ։
Մինչ «Հետք»-ը կամաց-կամաց բացվում էր ինձ համար, Երևանում ես տուն գտա։ Սկզբում մի փոքր վախենում էի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանից։ Թվում էր՝ նա հազվադեպ է ժպտում, և միայն ժամանակի ընթացքում նկատեցի շուրթերի անկյան թեթևակի բարձրացումը։
Գործընկերոջս՝ Հայկի հետ մտերմությունը սկսվեց երաժշտության միջոցով։ Զարմացա, երբ նա ինձ հրավիրեց գրասենյակ՝ շաբաթ օրը միասին նվագելու։ Խիստ ութժամյա աշխատանքային օրվա գաղափարն օտար է «Հետք»-ին, շուտով հասկացա, որ այս գրասենյակն ավելին է, քան պարզապես աշխատավայր։ Մենք շարունակեցինք միասին փորձեր անել, և մեր վերջին համերգի ժամանակ՝ «Հայ-նորվեգական բարեկամության համերգին», Հայկը շատ դիպուկ նկարագրեց մեր հարաբերությունները՝ ասելով, որ մեզ խոսքեր պետք չեն, քանի որ միասին նվագելիս հասկանում ենք միմյանց։
Մյուս գործընկերներիս հետ, օրինակ՝ Տիրայրի, ով անգլերեն շատ չգիտեր, մենք շփվում էինք ժպիտների և մեկ-մեկ հայկական պարերի, խորովածի և մի փոքր նորվեգական ոգու շնորհիվ։
«Հետք»-ում աշխատելիս քեզ հայ հասարակության մի մասն ես զգում։ Տաքսու վարորդները սկսում են զրուցել, երբ հիշատակում ես թերթի անունը, իսկ մեքենա վարձակալելիս ինձ զեղչ արեցին, քանի որ, ըստ սեփականատիրոջ, լրագրողը չէր կարող շատ գումար ունենալ։ Մեկ շաբաթ մեքենա վարեցինք՝ վահանակի վրա կախված «Հետք»-ի դեղին ցուցանակով. դա պետք է վախեցներ ոստիկաններին, եթե հանկարծ կանգնեցնեին մեզ։
Մի պահ բռնացրի ինձ այն մտքի վրա, որ հայրենիքում գտնվող ընկերոջս ասում էի՝ Հայաստանում արձակուրդի եմ։ Դա իսկապես արձակուրդի պես էր՝ Անգլիայի համալսարանական ձանձրալի առօրյայից։
Հայկը զարմացավ, երբ պատմեցի, թե որքան բան եմ սովորել «Հետք»-ում, բայց չէ՞ որ հենց այստեղ ես արեցի իմ առաջին հարցազրույցը և գրեցի իմ առաջին հոդվածը։ Բաղդասարյանի՝ ինձ ուղղված առաջին հարցն այն էր, թե ինչի մասին եմ ուզում գրել, և ամռան մնացած մասը՝ Լիանայի, Նարեի և մյուսների օգնությամբ, անցավ նույն ազատ ոգով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել