HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի ավագանու ՔՊ-ի 81 թեկնածուները հայտարարագրել են 1 մլրդ դրամից ավելի դրամական միջոց ու եկամուտ

2026թ.-ի նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում անցկացվելու են  ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Աշտարակն այն համայնքներից է, որտեղ ընտրապայքար չի լինելու․ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ)։ Այսինքն՝ ընտրողները հնարավորություն կունենան քվեարկելու ՔՊ-ին կողմ կամ դեմ։

«Հետքն» ուսումնասիրել է առաջադրված միակ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված 81 թեկնածուների՝ Տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների և դրամական միջոցների հայտարարագրերը։ Ուսումնասիրել ենք նաև նրանց զբաղվածությունը, տարիքն ու կուսակցական պատկանելությունը։

Մասնավորապես՝ 81 թեկնածուների հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 462 մլն 176 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 695 մլն 65 հազար դրամ:

Ովքեր են ցուցակի առաջին համարները

Ընտրական ցուցակը գլխավորում է Աշտարակ համայնքի գործող ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ Նա առաջին անգամ Աշտարակ քաղաքի ղեկավար է ընտրվել 2016թ.-ին՝ «Հանրապետական» կուսակցության կառավարման տարիներին։ Այդ ժամանակ Շահվերդյանն անկուսակցական էր։ Համայնքների խոշորացումից հետո նա համամասնական ընտրակարգով Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այժմ ՔՊ անդամ է և կրկին ՔՊ-ի ցուցակն է գլխավորում։

Տարիների ընթացքում Շահվերդյանը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում՝ մերձավորների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ հրապարակումների պատճառով։ Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին նա որոշել էր եղբորը՝ Խաչիկ Շահվերդյանին, վաճառել Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող,՝ համայնքային սեփականություն հանդիսացող 792 քմ հողամասը։ Գործարքի արժեքը կազմել էր 1 մլն 881 հազար 504 դրամ։ Այսինքն՝ հողի մեկ քառակուսի մետրի համար գնորդը վճարել էր 2375 դրամ։

ԿԸՀ կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ 2025թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2026թ.-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Թովմաս Շահվերդյանի միակ հայտարարագրած եկամուտը աշխատավարձն է՝ մոտ 5 մլն 339 հազար դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 21 մլն 800 հազ. դրամ և 10 հազ. ԱՄՆ դոլար։

Շահվերդյանն Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում ունի մոտ 1600 քմ, իսկ Աշտարակում՝ 540 քմ հողատարածք։ Հայտարարագրել է նաև «Volkswagen Touareg 3.6» մակնիշի ավտոմեքենա։

Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է Աշտարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Շանթ Վահանյանը։ Ըստ հայտարարագրի՝ վերջին մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է մոտ 9 մլն 780 հազ. դրամ։ Դրանից 7 մլն 742 հազ. դրամը աշխատավարձն է, մնացածը՝ Ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձի տեսքով ստացած գումարը։

2026թ.-ի հոկտեմբերի 27-ի դրությամբ Վահանյանը հայտարարագրել է 11 մլն 400 հազ. դրամ, 14 հազ. ԱՄՆ դոլար և 5500 եվրո դրամական միջոց։

Նա ունի նաև բնակարան և ավտոկայանատեղի Երևանում, շենք-շինություն և երկու հողամաս՝ Աշտարակում, ինչպես նաև «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենա։

Կուսակցության ցուցակի երրորդ համարը զբաղեցնում է Էկոնոմիկայի նախարարությունում փորձագետ աշխատող Մերի Մաթևոսյանը։ Նրա հայտարարագրած միակ եկամուտը նախարարությունից ստացած աշխատավարձն է՝ 3 մլն 469 հազար դրամ։ Ունի նաև 500 հազար դրամ, 450 ԱՄՆ դոլար և 500 եվրո գումար։ Մերի Մաթևոսյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Ցուցակում կան նաև տասնյակ միլիոնների եկամուտ հայտարարագրած թեկնածուներ։

Չորրորդ համարը զբաղեցնում է Աշոտ Հունանյանը։ Նա հայտարարագրում նշել է, որ չի աշխատում։ Վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է 65 մլն 572 հազար դրամ եկամուտ։ Դրանից 772 հազար դրամը կենսաթոշակն է, իսկ 64 մլն 800 հազար դրամը երկու ընկերություններին  վարձակալությամբ տարածք տրամադրելու դիմաց ստացած գումարը։

2026թ.-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ Հունանյանը հայտարարագրել է 72 մլն դրամ դրամական միջոց։

Ցուցակի հինգերորդ համարի թեկնածուն՝ Արա Բաղդասարյանը, «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է և Աշտարակի ավագանու գործող անդամ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 87 մլն 853 հազ. դրամ եկամուտ։ Այդ գումարը գոյացել է տարբեր ընկերություններից ստացած աշխատավարձերից, գյուղատնտեսական գործունեությունից, փոխառություններից և եկամտային հարկի վերադարձից։

Բաղդասարյանը հայտարարագրել է նաև 29 մլն 400 հազար դրամ, 446 հազար 400 ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո դրամական միջոց։

Ըստ հայտարարագրի՝ նրան պատկանում է 12 միավոր անշարժ գույք և 2003թ.-ի արտադրության «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենա։ Բաղդասարյանը նաև «Էյ Էմ Քնսալթինգ» ՍՊԸ-ի սեփականատերն է։

Արա Բաղդասարյանը նույնպես հայտնվել է «Հետքի» հրապարակումներում։ 2026թ.-ի հունվարին անդրադարձել էինք Աշտարակի համայնքապետարանի հետ շինարարական աշխատանքների կատարման համար կնքված պայմանագրերին։ 2025թ.-ին «Ավանգարդ Շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների կոնսորցիումը համայնքապետարանի հետ երկու պայմանագիր էր կնքել։

Այդ երկու ընկերություններից յուրաքանչյուր 40%-ի սեփականատերը Աշտարակի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կինն է՝ Մերի Խաչատրյանը, իսկ Բաղդասարյանն «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է։

Եկամուտ չեն հայտարարագրել, բայց դրամական միջոցներ ունեն

81 թեկնածուների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզել ենք, որ նրանցից 12-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել։ 18 թեկնածուի եկամուտը կազմել է մինչև 1 մլն դրամ, ևս 18-ինը՝ 1-2 մլն դրամ։ 21 թեկնածու հայտարարագրել է 2-5 մլն դրամ եկամուտ, 5-ը՝ 5-10 մլն դրամ, իսկ 7 թեկնածուի եկամուտը կազմել է 10 մլն դրամ և ավելի։

Income Range.jpg (152 KB)

Դրամական միջոցների մասով պատկերն այլ է։ Թեկնածուների կեսից ավելին՝ 44 հոգի, հայտարարագրել է մինչև 1 մլն դրամ։ 7 թեկնածուի դրամական միջոցները կազմել են 1-2 մլն դրամ, 9-ինը՝ 2-5 մլն դրամ, 5-ինը՝ 5-10 մլն դրամ։ 13 թեկնածու հայտարարագրել է 10 մլն դրամ և ավելի դրամական միջոց։

Cash Range.jpg (143 KB)

Թեկնածուներից 62-ն աշխատում է, իսկ 19-ը հայտարարագրել է, որ գործազուրկ է։ Սակայն կան թեկնածուներ, որոնք չեն աշխատում և վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չեն հայտարարագրել, բայց ունեն զգալի դրամական միջոցներ։

work and party.jpg (262 KB)

Օրինակ՝ ցուցակի 20-րդ համար Վիգեն Քեշիշյանը հայտարարագրում նշել է, որ չի աշխատում։ Միևնույն ժամանակ, 2026թ.-ի հոկտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է 8 մլն 900 հազար դրամ և 3300 ԱՄՆ դոլար։

Զգալի դրամական միջոցներ է հայտարարագրել նաև ցուցակի 50-րդ համարը զբաղեցնող Էդգար Ալմասյանը։ Նրա հայտարարագրած գումարները կազմել են 175 հազար ԱՄՆ դոլար, 250 հազար եվրո, 850 հազար լեհական զլոտի և 1 մլն 500 հազար դրամ։ Վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 60 հազար ԱՄՆ դոլար։

Կանայք, տղամարդիկ և տարիքային կազմը

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված 81 թեկնածուներից 51-ը տղամարդիկ են, 30-ը՝ կանայք։

Age and Sex Range.jpg (202 KB)

Տարիքային բաշխումը հետևյալն է․ 18-24 տարեկան է 4 թեկնածու, 25-34 տարեկան՝ 14-ը, 35-44 տարեկան՝ 27-ը, 45-55 տարեկան՝ 19-ը։ 55 տարեկանից բարձր է 17 թեկնածու։

Կուսակցական պատկանելության առումով ևս մեծամասնություն են կազմում ՔՊ անդամները։ 81 թեկնածուներից 64-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ 17-ը՝ անկուսակցական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter