HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարշ, որ այլևս չի հնչում

Երբ Լուսյա Գալստյանը սկսում է թերթել հին ալբոմները, սև-սպիտակ լուսանկարներից նրան նայում է բարձրահասակ, սպիտակամաշկ ու խաժ աչքերով մի աղջիկ։

1964 թվականն էր։ Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի նորաբաց տպարանին սրբագրիչ էր պետք։ Լուսյան այդ ժամանակ դեռ ուսումնարանում էր սովորում։ Կոմերիտմիության քարտուղարը, որն իր ծանոթն էր, Լուսյային աշխատանք էր առաջարկել։ Նա համաձայնել ու 3 տասնամյակ մնացել էր Կիրովականի տրիկոտաժի գործարանում, սրբագրիչից դարձել արտադրության գծով ղեկավար։ Տրիկոտաժի գործարանի փոխտնօրենն էր։

«Կարիերիստ չեմ եղել երբեք։ Ես  մտածում էի՝ եթե ես կարող եմ անել, կանեմ։ Ինձ պարզապես գնահատում էին, ուղղակի հիմա այլևս իմ շրջապատից ոչ ոք չկա»,-ասում է նա։ 

Հին ալբոմների կողքին պահում է 5 գյուտերի հեղինակային վկայականները։ Մի ամբողջ թղթապանակ՝ արտադրության մեջ հաստատված ու ներդրված նորարարություններով։ Այդ թղթերը թերթելիս առանձնապես չի ոգևորվում․ ասում է՝ այն ժամանակ ինժեներների հետ նստում էին, հարցեր լուծում, լուրջ գործեր քննարկում, իր հետ բոլորը հաշվի էին նստում։  Ամեն տարի արտադրության բարելավման մի քանի տասնյակ առաջարկներ էր անում։ Նրան ներկայացրել էին Հայաստանի վաստակավոր ռացիոնալիզատորի կոչման (արտադրության նորարար)։ 

Մանկությունից մնացած ամենամեծ հետքը մոր վաղաժամ կորուստն էր։ Տանը նրան ոչ ոք չստիպեց ամուսնանալ, ոչ ոք չսահմանափակեց իր ազատությունը․ «Իմ վիճակը տանը կոմֆորտ էր, անհոգ մարդ էի, ինչ կուզեի՝ կանեի, ու չէի մտածում, որ ամուսնանալ ու ընտանիք կազմել է պետք, աշխատում ու ապրում էի»։ Լուսյայի երիտասարդությունն անցավ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) տրիկոտաժի գործարանում։

Արդեն երկար տարիներ Լուսյայի առավոտներն անշտապ են։ Ոչ մի տեղ չունի գնալու, հյուրերի էլ չի սպասում։ Ապրում է Վանաձորի ծայրամասում գտնվող կիսակառույց տանը, որտեղ կենցաղային տարրական պայմաններ՝ տաք ջուր ու կոյուղի չկա։ Տունը ջեռուցելու միակ միջոցն էլեկտրական տաքացուցիչն է, որը միացնում է միայն գիշերը,  1-2 ժամով։ Ճաշը պատրաստում է փոքրիկ գազօջախի վրա։

«Ես քաղաքի կենտրոնում էի ապրում, տունս վաճառեցի, գումարը տվեցի եղբորս, որ ինքը երկու տուն գնի, մեկը՝ ինձ համար, գնացի Ռուսաստանի Դաշնություն, սովետը փլուզվել էր, գործ չկար, մի քանի տարի ապրեցի, հետ եկա, պարզվեց, որ պիտի ապրեմ ծայրամասի այս կիսակառույց տանը։ Էստեղ ոչինչ չկար, ինչ կա հիմա, դա ես եմ մի կերպ իրար գլխի հավաքել, էստեղ աղբանոց էր»,-ասում է նա։

Այս տարվա մայիսի 24-ին Լուսյայի առողջական վիճակը վատացել է, ստամոքսի խոցը պայթել է, հարևանուհին շտապօգնություն է կանչել, հիվանդանոց են տեղափոխել։

«Արյուն փսխեցի, արյունս 40% էր դարձել,  արդեն մահվան շեմն էր։ Շտապօգնությունը տարավ հիվանդանոց, չորս օր անգիտակից էի։ Նախկին կոլեգաներից մեկի աղջիկը փրկեց ինձ՝ արյուն տվեցին։ Հետ բերեցին։ Հիվանդանոցից դուրս եկա հունիսի սկզբին՝ 20 կիլոգրամ նիհարած, զրո ֆինանսով»,- պատմում է նա։

Հենց այդ ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայությունը կասեցրել է նրա անապահովության նպաստը։ Պատճառն այն էր, որ կենսաթոշակների համընդհանուր վերանայման արդյունքում նրա թոշակը 44,000-ից դարձել էր 54,000 դրամ։ 10,000 դրամի ավելացման հետևանքով նրա ընտանեկան անապահովության միավորը նվազել է, և նա զրկվել է ամսական 20,000 դրամ նպաստից։ Այդպիսով, նրա ամսական եկամուտը 10,000 դրամով նվազել է։ Կենցաղային հարցերում Լուսյային օգնում են հարևանները։

Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի գրասենյակի աշխատակիցները Լուսյային երբեւէ չեն այցելել։ Անպատասխան է մնացել նաեւ Լուսյայի ծանոթներից մեկի նամակը Միասնական սոցիալական ծառայությանը։

Ֆաբրիկայից մնացած երկու ընկերուհիների հետ հաճախ է շփվում։ Նրանցից մեկի՝ Աիդա Մանուկյանի հետ վաղուց չէր հանդիպել։ Նա էլ է միայնակ, առողջական խնդիրներ ունի։ Վերջին անգամ հանդիպել են հունիսին, երբ Աիդան Լուսյային հիվանդատես էր գնացել։ Աիդա Մանուկյանը նույն ֆաբրիկայի Տեխնիկական վերահսկողության բաժնի (ՕՏԿ) նախկին պետն է։ Լուսյան մեզ հետ այցելեց ընկերուհուն։

«Մենք այսօր կենդանի օրինակ ենք դարձել աճող սերնդի համար, որ աշխատող մարդու վախճանը սա է: Տես՝ կրթություն ունի, լավ աշխատել է, օրինապահ մարդ է եղել, բայց այսօր ապրում է թշվառության մեջ։ Նույնիսկ մարդու վաստակն են մատուցում որպես մեծ լավություն, դրա համար էլ երիտասարդ սերունդը տեսնում է դա ու ասում է՝ այս մարդը սա է եղել, ես ինչի՞ սովորեմ, ինչի՞ լինեմ օրինապահ։ Սա վիրավորանք է, նպաստը որպես ողորմություն են տալիս, ես չեմ ուզում այդ նպաստը, ես ուզում եմ իմ աշխատանքի վաստակը։ Ստացվում է, որ տարեցներն այսօրվա դրությամբ չունեն արժանապատիվ ծերության հնարավորություն»,-ասում է Աիդան:

Երկու միայնակ կանանց միակ վախն անկողնային հիվանդ դառնալն է, քանի որ խնամող չունեն։ Ոչ ոքի վրա բեռ չլինելու համար ծայրահեղ լուծում են մտածել։ 

Ընկերուհուն այցելելուց հետո տուն է վերադառնում, նախորդ օրը եփած մակարոնի վրա արգանակ լցնում, տաքացնում, ճաշից բաժին հանում բակի կատուներին։

«Ես չեմ էլ ուզում իմանան, որ նպաստառու եմ, ես ամաչում եմ, որ աղքատ եմ։ Ոչ մեկից օգնություն չեմ մուրում։ Բայց ինչի՞ պիտի գնաս, ամեն անգամ սոցիալական ծառայության դուռը թակես, նվաստանաս, ասես՝ գիտեք ինչ, ես անժառանգ եմ, ոչ ոք չունեմ, օգնեք ինձ»,-ասում է նա։

Զղջում է, որ չի ամուսնացել, ընտանիք չի կազմել, ասում է՝ գոնե երեխաներ պիտի ունենար։ «Գիտե՞ս, որ սերը մենակ ջահել ժամանակ չի լինում, մեծ տարիքում ավելի ամուր ա լինում, ես չեմ ուզում իմ ներսինը պատմել, դա ոչ մեկին պետք չի, կան մարդիկ, որ однолюб (միայն մեկին սիրող- հեղ.) են»,-ասում է Լուսյան։

Նրա դեմքին թեթև, զարմացած ժպիտ է ուրվագծվում․

«Երկու տարի առաջ էր, կիրակի օր։ Փողոցում մարդ չկար, ընկերուհուս տնից էի գալիս։ Մի տղամարդ մոտեցավ․ 

– Ինչո՞ւ ինձ չես բարևում։ 

– Քեզ որտեղի՞ց ճանաչեմ, որ բարևեմ, հո բոլորին բարևելով չեմ քայելելու,- ասացի։

– Դու գիտե՞ս՝ ես քեզ ոնց եմ սիրել․․․ Ես 73 տարեկան եմ, քեզ 13 տարեկանից սիրում եմ։ Սիրել եմ, սիրում եմ ու պիտի սիրեմ։

Ոնց որ կայծակը խփեր գլխիս։ Ասաց՝ այ հիմա սիրտս հանգստացավ, ու գնաց։ Էլ չեմ տեսել նրան»։

Լուսյան երաժշտական կրթություն չունի, բայց երիտասարդ տարիներին, երբ որևէ խնդիր էր ծագում, գլխում ինքնաբերաբար մարշ էր սկսում հնչել։ Այդ երաժշտությունն օգնում էր չլարվել, հանգիստ մտածել ու լուծում գտնել․ «Ներսս հանդարտվում էր, ուղեղս սկսում էր սառը աշխատել, ու հարցերը լուծվում էին։ Չգիտեմ՝ դա ինչ տարօրինակություն էր, բայց այդպես էր»։

Հիմա, երբ երեկոյան նստում է պատուհանի մոտ, երիտասարդության այն հաղթական մարշն այլևս չի հնչում։ Մտքի մեջ մի ուրիշ երգ է պտտվում։ Կիսաձայն երգում է․ «Բայց դու անցնում ես ու հետ էլ չես նայում, սիրտս ալեկոծված ծով ես դարձնում․․․»։

«Ոչ ոք հետ չի նայում»,-ասում է Լուսյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter