ՔՊ-ն փնտրում է թեկնածուների, որոնք կապահովեն իր հաղթանակը համայնքներում
Նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն տեղի կունենա 10 համայնքում։ Տեղական ինքնակառավարման մարմնի նախորդ ընտրություններում հիմնականում պարտվող, իշխող քաղաքական ուժն այս անգամ ավագանու ընտրացուցակները գլխավորելու համար նոր անուններ չի ներկայացրել։ Իր հաղթանակն ապահովելու համար առաջադրել է համայնքների այն ղեկավարներին, որոնք երկու և ավելի անգամ ընտրվել են այդ պաշտոնում և արդեն կայուն ընտրազանգված ունեն։
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինելու Աշտարակում, Ապարանում և Աշոցքում։ Նշված համայնքներում միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է տեղական իշխանությունը ստանձնելու հայտ ներկայացրել։
Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան համայնքներում ՔՊ կուսակցությունը ներկայացնելու են գործող ղեկավարները, որոնք «Հայաստանի հանրապետական կուսակցության» կառավարման շրջանում էին համայնքի ղեկավարումը ստանձնել։
Աշտարակ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ նույնպես առաջնորդելու է ներկայիս համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։ Նա 2016թ․ սեպտեմբերին ընտրվել էր Աշտարակ քաղաքի ղեկավար, ապա Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար։ 2021թ․–ին Աշտարակ համայնքում երեք քաղաքական ուժ էր մասնակցում ընտրություններին՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որի թեկնածուն դարձյալ Թովմաս Շահվերդյանն էր։ Վերջինիս վերընտրվելու փորձը ՔՊ–ին համոզել է, որ նա ունակ է հաղթանակ ապահովել կուսակցության համար։
Ապարան համայնքի ներկայիս ղեկավար Կարեն Եղիազարյանն այս անգամ գլխավորում է ՔՊ–ի և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» ընտրական դաշինքը։ ՔՊ-ն առանց «Գործարարի» հետ դաշինք կազմելու էլ կարող էր ներկայացնել Կարեն Եղիազարյանին, սակայն դաշինք կազմելով՝ փորձել է քողարկել նրան որպես սեփական ուղղակի թեկնածու ներկայացնելու փաստը։
ՔՊ-ն իր ներկայիս թեկնածուի դեմ սկսեց պայքարել իշխանության գալու առաջին ամիսներից։ Հարուցվեցին քրեական գործեր, նրանից պահանջում են ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնել պետությանը, միևնույն ժամանակ նա գլխավորում է ՔՊ-ի ընտրական դաշինքը։
Ապարան համայնքի գործող համայնքապետի դեմ 2020թ․-ից քննվող քրեական գործերը դեռևս չեն ավարտվել։ 2020թ․-ից Հակակառուպցիոն դատարանում քննվող քրեական գործով Վերաքննիչ հակակառուպցիոն դատարանն արդարացրել է նրան։ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը 2026թ․ ապրիլին վարույթ է ընդունվել և դեռևս չի քննվել։
Կարեն Եղիազարյանը Ապարանի քաղաքապետ էր ընտրվել 2017թ․ նոյեմբերի 5-ին և մրցակից չուներ։ 2021թ․ դեկտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Կարեն Եղիազարյանը երկու իշխանամետ՝ Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը» և Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունների ձևավորած դաշինքի թեկնածուն էր։ Նա մրցակցում էր ՔՊ-ի թեկնածուի հետ և նրանից երկու անգամ ավելի շատ ձայն էր ստացել։ Այս անգամ իշխող կուսակցությունը համոզվել է, որ իր լավագույն ընտրությունը նրա հետ համագործակցելն է։
Ամասիա համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մրցակցելու է իշխանամետ «Բարոյական արժեքներ» կուսակցության հետ։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների քվեներով 2021թ․-ին համայնքի ղեկավար ընտրված Ջեմմա Հարությունյանն այս տարի գլխավորում է ՔՊ-ի ավագանու ընտրացուցակը։
Նա 2016թ․ հոկտեմբերին էր ընտրվել Ամասիա համայնքի ղեկավար և այն կառավարում է արդեն 10-ը տարի։ 2021թ․-ին առաջադրվել էր «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքով։ Դաշինքը ձևավորել էին Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը և «Համերաշխություն» կուսակցությունները միասին։ Դաշինքը 6 մանդատ էր ստացել, ևս 3 մանդատ ստացել էր «Հայաստանի հանրապետական կուսակցությունը»։ Նրանք կոալիցիա ձևավորեցին և Ջեմմա Հարությունյանին ընտրեցին համայնքի ղեկավար։
ՔՊ-ն այստեղ 6 մանդատ էր ստացել, նրանց չհաջողվեց դատական ճանապարհով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և որոշեցին հրաժարվել մանդատներից։
Ընտրություն յուրայինների միջև
Այս ընտրություններում ամենաքննարկվողը Լոռու մարզի Սպիտակ համայնքն է։ Առաջադրումների պատկերից տեսանելի է, որ այստեղ կրկնվելու է Ստեփանավան համայնքի սցենարը։ ՔՊ-ին ներկայացնում է համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, նրա դեմ պայքարում է նախկին ՔՊ-ական, Սպիտակի ավագանու անդամ Համլետ Մազմանյանը։ Վերջինս գլխավորում է իշխանամետ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակը։ Նրանցից ով էլ հաղթի ընտրություններում, ըստ էության, կլինի ՔՊ-ի ցանկալի թեկնածուն։
Սպիտակը միակ համայնքն է, որտեղ նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցում է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստանը»։
Ավագանու ընտրություններ տեղի կունենան նաև Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան համայնքներում։ Բաղրամյանում պայքարը ոչ թե իշխանության ու ընդդիմության միջև է, այլ յուրայինների։ Գործող համայնքապետ Շանթ Առաքելյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը, իսկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանին ներկայացնում է «Գործարար» կուսակցությունը։
Մեծամորում կպայքարեն «Հայ Հեղափոխական դաշնակցությունը» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մեծամոր համայնքի գործող ղեկավարին՝ Էդգար Հովհաննիսյանին, ՔՊ-ն փոխարինել է նրա տեղակալով, ընտրացուցակը գլխավորում է Սարգիս Արշակյանը։
Ի՞նչ անել նրանց հետ, որոնք «նախկին» չեն, բայց և ՔՊ-ական չեն
Եթե վերը նշված համայնքներում ուժերի վերադասավորում է կատարվել և համայնքների գործող ղեկավարներն իրենց պաշտոնները պահպանելու համար դարձել են իշխող քաղաքական ուժի թեկնածուն, ապա Նոյեմբերյան, Սևան և Կապան համայնքների ղեկավարները կրկին ներկայացնում են իրենց կուսակցություններն ու դաշինքները։
Նոյեմբերյան համայնքի գործող ղեկավար Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու կազմի ընտրացուցակն է գլխավորում, ինչպես 2021թ․-ի դեկտեմբերի ընտրության ժամանակ։ Նախորդ անգամ նրա գլխավորած ընտրացուցակը 6 մանդատ ստացավ ավագանու կազմում։ Եվս 6 մանդատ ստացել էր իշխանամետ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» կուսակցությունը, որը կոալիցիա կազմեց ոչ թե 9 մանդատ ստացած ՔՊ–ի հետ, այլ՝ «Ապրելու երկիր» կուսակցության։ Արսեն Աղաբաբյանն այսպես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը։
Այս անգամ ՔՊ-ն նոր թեկնածուով է ներկայանում Նոյեմբերյանում, իսկ երրորդ ուժը «Լուսավոր Հայաստանն» է իր 10 հոգանոց ցուցակով։ Իշխանությունն իր բազմիցս փորձարկած սցենարով ամիսներ առաջ շոշափեց նաև Արսեն Աղաբաբյանի յուրային դառնալու տրամադրությունը։ 2026թ․ օգոստոսի 31-ին նրան ձերբակալելու մասին լուրը տարածվեց։ Մի քանի տարի առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն պատճառը չհայտնեցին։
«Որքանով հասկացանք` խոսքը աճուրդային պայմանագրի մասին է, որը կնքել է քաղաքապետը ժամանակին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն համարում է, որ գործարքն իրականացվել է ավելի ցածր գնով, քան կարելի էր անել»,– լրագրողներին հայտնել էր համայնքապետի թեկնածուի եղբայրը՝ գրող Աշոտ Աղաբաբյանը։
Ըստ ամենայնի, քրեական վարույթն օգտագործվում է որպես լծակ, որպեսզի ապագա հնարավոր կոալիցիոն բանակցություններում ՔՊ-ն չանտեսվի։
Սևան համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանը «Վստահություն» կուսակցությունների դաշինքն է ներկայացնում (միավորվել են՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները): Գործող համայնքապետի հետ կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր» և «Միասնական համայնք» կուսակցությունները։
2021թ․ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն թեկնածու չուներ Սևանում, նրա համախոհ «Հանրապետություն» կուսակցությունը 3 մանդատ էր ստացել, իսկ «Սարգիս Մուրադյան դաշինքը»՝ 17 մանդատ։ Ս․ Մուրադյանն առաջին անգամ Սևան համայնքի ղեկավար է ընտրվել 2016թ․ հոկտեմբերին և արդեն 10 տարի կառավարում է համայնքը։
Կապան համայնքի գործող ղեկավար Գևորգ Փարսյանն այս անգամ դարձյալ առաջադրվել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմից։ 2021թ․ նոյեմբերի ՏԻՄ ընտրություններում նա այս դաշինքով էր առաջադրվել և 19 մանդատ ստացավ։ ՔՊ-ն այս համայնքում 8 մանդատ էր ստացել։
Գևորգ Փարսյանը Կապանը ղեկավարում է 2018թ․-ի հոկտեմբերից, երբ Կապանի նախկին քաղաքապետի հրաժարականից հետո համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ տեղի ունեցան։ Կապանում ՔՊ-ին 2018թ․-ին ներկայացնում էր Նարեկ Բաբայանը, որը 2000 ձանի տարբերությամբ պարտվեց անկուսակցական Գևորգ Փարսյանին: Նարեկ Բաբայանը 2017թ․ նոյեմբերի ընտրությունների ժամանակ ավագանու անդամի թեկնածու է եղել և դարձյալ անցողիկ շեմը չի հաղթահարել։ Նոյեմբերի 29-ին նա երկրորդ անգամ է պայքարելու Գևորգ Փարսյանի դեմ։
Կապանում ավագանու ընտրություններին մասնակցող երրորդ քաղաքական ուժը «Ապրելու երկիր» կուսակցությունն է։
Նկատելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ավագանու այս ընտրություններում գլխավորը համայնքներում համոզիչ հաղթանակ ունենալն է։ ՔՊ-ն համաձայն է ներկայացնելու ցանկացած թեկնածուի, ով նրան հաղթանակ կպարգևի։ Այս գործընթացում որպես քաղաքական լծակ են ծառայում հարուցված կամ հնարավոր քրեական վարույթները, որոնք որոշակի կախվածության մեջ են դնում թեկնածուներին։
Երկրորդ դիտարկումը՝ ավագանու այս տարվա ընտրություններին ներգրավել են իշխանամետ նոր կուսակցությունների, ինչպես 2022թ․-ին գրանցված «Բարոյական արժեքներ» և 2016թ․-ին գրանցված «Գործարար» կուսակցություններն են։ Նրանք տարբեր համայնքներում մասնակցում են ավագանու ընտրություններին՝ ՔՊ-ի հետ դաշինք կազմած կամ առաջադրելով նրա թեկնածուներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել