Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը Դուբլինում
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը փոխանցում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։
Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել