Ջութակահարն ու պարուհին․ Դավիթ Դավթեան և Ա.Օ. (մաս 2)
Հրաշագեղ հեքիաթ-երազ հյուսողը
Դավիթ Դավթեանի մասին խոսակցությունները չէին լռում, մամուլը չէր դադարում հիշատակի տուրք մատուցել այդ հրաշալի ջութակահարին, ափսոսել կորստյան համար, կարեկցել այն հանդիսականին, որ այլևս երբեք չէր լսելու նրա նվագը: Իսահակեանը գրեց՝ «Բաղդաւոր է նա, ով չէ լսել նրա նւագը, որովհետեւ նրան մի անգամ լսողը հիմա կզգար ամենախորին կսկիծը, մի անմխիթար դատարկութիւն... Նա չէր նւագում, նա հարբեցնում էր ձեզ հրեղէն երկնային գինով, նա չէր նւագում, նա չքնաղ, հրաշագեղ երազ հեքիաթ էր հիւում... »: Մահից 40 օր էր անցել, Թիֆլիսի Վանքի եկեղեցու բակում հոգեհանգստյան կարգ կատարվեց «մանուշակի պես համեստ» այս երաժշտի համար: Նա դեռ «...Ամբողջ Եւրոպային մէջ խելայեղ ծափեր խլելէ յետոյ՝ այսօր կրկին միջազգային յարգանքի արժանի կը դառնայ՝ իր մահուան պարագային»: Բայց այդպես էլ չհաջողվեց նրա մասունքները Բաթում տեղափոխել՝ մոր փափագի համաձայն:

Նիրվանայի գիրկը ընկնելով, կ՛քնանանք...
Տաք Պոնտոսից մինչև ցուրտ Անգլիա, Սև ծովի ափերից մինչև Հյուսիսային ծովի ափերը հասավ նրա մահվան լուրը իր հոգեառ սիրելիին՝ արևելյան և «հարեմական» պարերի այդ հայտնի, տաղանդավոր պարուհուն: Ծանոթացել էին մոտ 1 տարի առաջ Պոլսում: Դավիթը հյուրախաղերի էր այստեղ, իսկ պարուհին եկել էր մոտիկից ծանոթանալու թրքուհիների պարարվեստին՝ իր շարժումների արևելյան, ավելի շատ՝ պարսկական, թրթիռներին ավելացնելու քոչվոր այս ցեղից ինչ-որ բան, եթե կար, իհարկե, նաև պարելու՝ փակ սալոններում: Նրա առաջին այցելության վայրը Այա Սոֆյայի՝ Սուրբ Գերիմաստության տաճարն էր, որի գմբեթի տակ իրեն զգաց տիեզերքի անվերջության մեջ՝ ճախրելիս: Այս քաղաքում նա տեսավ և զմայլվեց շատ գեղեցիկ թրքուհիներով, որոնց արյունը 6 դար շարունակ զտել էին հայերը: «Եվրոպացիները չգիտեն, թե որքան երիտասարդ աղջիկներ և տղաներ էին անհետացել թրքական հարեմներում՝ ի սպաս դնելով իրենց հմայքը թուրք հաջորդ սերունդների համար»: Այս կնոջ հանդեպ ատելությամբ լցված Դավիթի ընկերները սալոնները, որտեղ հայտնվում էր նա և պարում, կոչում են «հարեմական» և ժխտական երանգ հաղորդում այնտեղ կատարվող բաներին: Բայց նա պարելուց բացի, խոսում էր նաև իր ժողովրդի հետ տեղի ունեցածի մասին: Մի օր ասացին, որ իր պարը նայելու են գալու թուրք նավաստիները: Որոշվեց, որ տղամարդիկ կնստեն դահլիճում, իսկ կանայք նրա պարը կվայելեն օթյակներից՝ սև շղարշի ետևից:
-Լավ,- ասաց նա ,- ջարդերի ժամանակ այդ նավատորմը թող գթասիրտ լինի հայերի նկատմամբ: -Ես մոռացել էին, որ Թուրքիայում էի և որ կախվածի տանը պարանից չեն խոսում:
-Հարգելի էֆենդըմ, եթե հայերը կոտորվել են, ապա այն պատճառով, որ իրենք են դա կամեցել,- վրա բերեց մի սպա:
Ինքն էլ հեգնեց նրան, թե, ըստ թուրքերի կարճ խելքի, ինքնակոտորվելը հաճույք է եղել հայերի համար: Համարձակ էր Պոլսում, համարձակ էր, երբ ֆրասերենով գրի էր առնում իր պատմությունը՝ աշխարհին պատմելու ոչ միայն իր անձնական կյանքը, այլև տողերի արանքում ներկայացնելու, թե ով է ինքը ծագումով և իր ազգի գլխով անցածը: Բայց այդ օր նա եկել էր Դ. Դավթեանին լսելու: Ծանոթացան համերգից հետո և առաջարկեց միասին շրջագայության մեկնել Հունաստան, Եգիպտոս, Հնդկաստան, Ամերիկա, Ավստրալիա և ուր աչքը կկտրեր: Ինքը կպարի, Դավիթը կնվագի: Շատ գայթակղիչ առաջարկ էր: Դավիթը հարցրեց. «Իսկ եթե՞ անհաջող անցնեն համերգները»: Պարուհին պատասխանեց, թե «այդ դեպքում կ՛խմենք հաշիշ և ...նիրվանայի գիրկը ընկնելով, կ՛քնանանք...»: Դավիթը դեռ 1904-ից երազում էր Ամերիկայի մասին: Այնքան մեծ էր այդ մտասևեռումը, որ քնի մեջ հաճախ տեսնում էր ամերիկյան երազներ: Մի անգամ էլ ամուսնացել էր մի ամերիկուհու հետ. էլի՛ երազում: 1910 թվականին ինչ որ կատարվեց Դավիթի հետ նույնպես երազ էր, բայց՝ արթմնի: 1911 Փետրվար 14-ին, իր մահից գրեթե 2 ամիս առաջ, Կահիրեից ընկերոջը՝ Հարություն Գասպարեանին գրեց մի նամակ՝ նկարագրելով իր և իր սիրելի կնոջ լեցուն կյանքը և համբավը՝ թե որչափ գեղեցիկ է պարում, ինչպես է արտահայտում արեւելեան ոգին... բոլորը ապշում են: Ինքն էլ նվագում է: Շատ լավ են վաստակում. Լավ էլ ծախսում մեծ «օթելների և ճաշարանների մէջ»: Մարդիկ անընդհատ պատվում են իրենց, մի խոսքով՝ ապրում են Caruso-ի պես: Իսկ կարճ ժամանակ անց գրեց, թե կարծում էր, որ «աշխարհը լմնցաւ որ ամէն բան պարապ է»: Հետո հասկացավ, որ ոչ թե աշխարհն է պարապ, այլ՝ իր սիրտը:

Տաղադավոր աղջիկը՝ իրական անունով Սոֆյա Փիրբուդաղեան
Ծնված էր Շամախում՝ Զարգերան գյուղում, 1887-ին, մի բարեկեցիկ և հարգված ավետարանական ընտանիքում: Ի՜նչ խայտաբղետ էր Շամախը, ի՜նչ լեցուն Արաբիայից ուղտերի վրա բարձած, համեմունքների բույրերով, արևելյան մեղեդիներով, հուրիներով: Շամախը հին Հայաստանի շլացուցիչ զարդն էր՝ կարծում էր Սոֆյան: Պատկերները, ձայները դրոշմված էին նրա հիշողության մեջ. հյութալի պտուղներով ծանրաբեռնված իրենց այգու տանձենիները, որոնց ճյուղերին սիրում էր մագլցել առավոտ կանուխ, մոր դաստակների բազմաթիվ ապարանջանների «նվագը», որ ամեն անգամ նոր մի երգ էին երգում՝ նրա շարժումներին ի պատասխան: Ինչպես էր համառորեն փորձում աքցանով հեքիմի հանած ատամը ետ տեղադրել քրոջ լինդի մեջ: Քույրերից՝ Կատարիենի մահը, որի համար պատանք կարվեց: Մեծերը մտածում էին, թե չար աչք էր կպել նրան: Երեխային պատել էին թալիսմաններով և հմայիլներով: Պառավները խոսում էին, թե աղջկա գեղեցկությունը սատանայական մտքեր է հրահրում: Կատարինեն համոզված էր, որ փոքր երեխաներին Աստված իր մոտ է տանում, և հանգիստ էր: Սպասելով նրա ետևից հրեշտակի գալստյանը, քույրերը նրան հերթով քնեցնում էին իրենց ձեռքերի մեջ: Եվ հրեշտակը շատ չուշացավ: Հիշատակներ, տպավորություններ... Իր «կապիկ» մականունը՝ քնքշությամբ տրված մոր կողմից: Վերջինիս թեթևությունը և հոր խստությունը: Հինգ եղբայրների, որոնք կարծես գեղեցիկ երիտասարդ աստվածներ լինեին, և չորս քույրերի հետ ջրիկանալը և հակառակը՝ հոր ներկայութամբ զգաստանալը: Էմմանուել Փիրբուդաղեանը Դորպատում կրթված մարդ էր: Ժամանակին դպիր էր եղել Կարսում: Նրա մեծ հայրն էլ քահանա էր: Շատ խստաբարո, հոգևոր մարդ էր: Սոֆյան հիշում է նրանց տան բանավեճերը բողոքական և առաքելական դավանաբանությունների շուրջ: Հոր ցավը, որ Քրիստոսը մոռացված է, և ոչ ոք իրեն այլևս չի զոհաբերում գաղափարի համար: Սոֆյան 15 տարեկան էր, երբ վերջ դրվեց իր հովվերգական կյանքին: 1902թ. Հունվար 31-ի ահռելի երկրաշարժը ավերեց Շամախի ամբողջ շրջանը: Թափված քարակույտեր, ձմռան ցրտին տաքացվող բուխարիներից բռնկված հրդեհ, մոտակայքում արթնացած հրաբուխ, ավելի քան 4000 ավերված տուն, փլատակների տակ մնացած մոտ 3000 մարդ: Էմմանուելը ստիպված եղավ ձմռան ցրտին առնել իր անտուն մնացած մեծ ընտանիքը և տեղափոխվել Բաքու:
Սև գարշահոտ քաղաքը
«Մենք մտանք դժոխք... Ամենուրեք նավթ, սև, գարշահոտ լճակները, խեժի բույրով ներծծված տները, մուրճերի հարվածների սոսկալի աղմուկ...»,- իր ինքնակենսագրական գրքում պատմում է Սոֆյան: Տպավորություն էր, թե եկել են հանցագործների, ավազակների թագավորություն: «Սա սև քաղաքն է»,- ասաց հայրը: Տեղավորվեցին քաղաքի հարուստ հայկական թաղամասում: Պարզվեց՝ Կովկասի փոխարքա Գոլիցինի հրամանով արգելված էր հայերեն խոսել: Սոֆյան առաջին անգամ այստեղ լսեց պոգռոմ (ջարդ) բառը և շատ շուտ հասկացավ իմաստը: 1905-ի բախումների ժամանակ հորը սպանեցին ռուսներից քաջալերված թաթարները: Սպանվեց նաև այն ոսկեմաշկ հացթուխ տղան՝ Ռահիմը, որին սիրահարվել էր ակամայից: Սպանվեց, քանի որ նրա հայրը գաղտնի հաց էր բերել Փիրբուդաղեաններին: Եվ դա իմացվել էր: Սոֆյան հիշեց, թե մայրն ինչպես էր պատմում թուրքերի ոճրագործությունների, ի՛ր հոր, մոր, մորեղբայրների, մորաքույրների սպանության մասին: Իսկ հայրը ենթադրում էր կամ, գուցե, համոզված էր, որ եթե հայերը բարեկեցիկ չլինեին նման բան չէր լինի:
Դեպի Պարսկաստան՝ ամուսնանալու
Բաքվի կոտորածները, հոր սպանվելը, ընտանիքի ծանր կացությունը ստիպեցին նրան հապշտապ ամուսնանալ: Փեսացուն բժիշկ էր՝ Հայկ Տէր-Օհանեանը: Կասպից ծովով ազգականը նրան բերեց Ռեշթ: Արևելքի այս հեքիաթային երկրում Սոֆյային առաջինը հմայեց թամբուրով՝ դափով պարող փոքրիկ աղջիկը, որի մասին ազգականն ասաց, թե սա կործանված աղջիկ է, որ պարում է ի տես բոլորի, և որ պարից ավելի անպարկեշտ բան չկա: Ինչո՞ւ անպարկեշտ, չէ՞ որ այնքան գեղեցիկ է: Տեսավ ինչպես են անցորդների աչքի առջև սրում կացինը՝ գողի ձեռքը կտրելու համար: Ահավոր վախեցել էր: Հիվանդացավ: Շրջապատեցին իրեն զանգուլակներով, թալիսմաններով, հմայիլներով, գինու մեջ ինչ-որ բաներ խառնեցին, տվեցին խմելու: Հոգին չէր հանդարտվում: Դերվիշ կանչեցին: Ծննդյան թվերով և անունով ինչ-որ հաշվարկներ արեց և եզրակացրեց, որ այս աղջկա սիրտը կանաչ դաշտեր, երգ, ուրախություն է ուզում, և որ նա չի մնա նույն տեղում. նրա անունը կտարածվի երկրե երկիր, նա կապրի բարձրահարկ շենքերում, 3,7 և 9 թվերը նրան հաջողություն կբերեն, և նրա անունը կլինի մարդկանց շուրթերին: Իսկ պարսկական բաղնիքը..., ուր գնացել էր ապագա սկեսուր մայրիկի հետ՝ հարսանիքից առաջ: Անուշաբույր օճառներ, փրփուրներ, մարմինը մերսող շոգիի մեջ աննշմար ձեռքեր, նարգիլե՝ վարդի համով, անջատում... ընդարմացում, վերացում... Հարսանեկան նվեր պարանոցի չորս շարք մարգարտե վզնոցը՝ ադամանդե խաչերով ագուցված, նոր երգ սկսեց երգել նրա ամեն մի շարժումի հետ:

Անփոխարինելի ազատությունը
Բայց ամուսնությունից շատ չանցած տեր և տիկին կարոտեցին ազատությունը: Պարզվեց, որ հարգված բժիշկ Հայկ Տէր-Օհանեանը ամուսնացել էր՝ Ռեշթի իր հորենական տնից ազատ լինելու համար: Եվ մի գեղեցիկ օր որոշեց, որ ազատ պետք է լինի նաև նյութական ամեն հանգամանքից և իր կնոջից ու գնա հոգևոր ճանապարհով՝ իր ուսերին վերցնելով աշխարհքը նորոգելու առաքելությունը: Դարձել էր մոլեռանդ քրիստոնյա: Լքեցին իրենց բարեկեցիկ տունը Թեհրանում: Կնոջ համար գնեց մի խարխուլ կացարան և բաժանվեցին՝ ինքը գնաց աշխարհը փրկելու, իսկ Սոֆյա Փիրբուդաեանը, որ արդեն ամուսնու ազգանունն էր կրում՝ Օհանեան և ուներ նոր անուն՝ Արմենուհի, կրճատ՝ Արմեն, իր ջղային լարումները հանելու համար պարեց: Նրան սպասում էին հայկական բեմերը Բաքվում, Նոր նախիջևանում, սպասում էր Մոսկվան՝ մասնագիտական կրթության համար: Պլաստիկայի՝ ազատ շարժումների դասեր առավ Նելիդովայի դպրոցում, բեմ բարձրացավ Փոքր թատրոնում: Ծանոթացավ ճապոնական նորարարական պարի աստվածուհի, գեյշա Սադայակո Կավակամի և ամերիկուհի Այսեդորա Դունկանի արվեստին, որոնց պարն այնքան ըմբռնելի էր իր համար: Անցավ Եվրոպա, հիմնավոր կրթություն ստանալով, վերադարձավ Պարսկաստան՝ իր եվրոպական գիտելիքը համեմելու պարսկական արևելքի «հաշիշով օծուն» մեղկությամբ: Դա հնրավոր եղավ սահմանադրական հեղափոխության շնորհիվ, որի առաջամարտիկներից էր Եփրեմ Խանը՝ Իրանի Գարիբալդին, ինչպես կոչում էին նրան: Եփրեմ Խանը հետո նշանակվեց Թեհրանի ոստիկանապետ, ապա՝ «Սարդար»՝ Պարսից զինված ուժերի գլխավոր հրամանատար: Նրա առաջնորդած շարժման արդյունքում ընդունված նոր սահմանադրությամբ հայ համայնքը ստացավ կարգավիճակ և Մեջլիսում պատգամավոր ունենալու իրավունք: Եվ այդ իրավունքը ի զորու է մինչ օրս: Եփրեմ Խանի պես Արմենուհի-Արմենը ևս առաջնորդ դարձավ՝ բայց այս երկրի կանանց շարժման, որի անկյունաքարը կրթությունն էր և արվեստը։ «...միթե պարն ալ յեղափոխութիւն մը չէ՞..․ոտքերու, քայլերու եւ սրունքներու յեղափոխութիւն»՝ ասացին շամախեցի պարուհու համար: Նա այստեղ՝ իր հիմնած արևմտյան ոճի առաջին թատրոնում, թողեց եվրոպական շունչը, իսկ Եվրոպա տարավ Արևելքի հեշտանքը: Եվ այնտեղ նրան կոչեցին պարսիկ պարուհի:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել