Ջութակահարի առեղծվածային մահը. Դավիթ Դավթեան (մաս 1)
Դեպք Մարզվանում
Խաչիկ Սորկուճեանը՝ զսպելով հուզմունքը, ստիպված եղավ մի քանի անգամ քննիչներին պատմել եղելությունը. Այդ չարաբաստիկ օրը՝ 1911թ. Ապրիլ 25-ի առավոտյան` պայմանավորվածին պես, եկել էր Դավիթի կեցավայր: Միասին պետք է գնային լուսանկարչատուն՝ «լուսանկարնիս քաշել տալու»՝ ի հիշատակ Մարզվան այցելության, «ինչպէս ժամանակին ըրած էինք Լօնդօն»: Դրանից հետո կառքով պետք է ճանապարհվեին Սամսոն: Սենյակի դռան թակոցին արձագանք չստանալով, բացել և ներս է մտել: Խաչիկին անկողինը դատարկ է թվացել: Մտածել է, թե ընկերը երևի դուրս է եկել և, ուր որ է, կվերադառնա: Բազկաթոռին նստած ծխել է: Այպանելի մի գործողություն անելու՝ «Սիգարէթը դուրս նետելու համար», մոտեցել է անկողնու մոտի պատուհանին: «.. այդ պահուն ակնարկ մը ևս նետեցի անկողնոյն և նշմարեցի սև երկայն մազերու մի քանի թելեր: Առանց իրեն դպչելու՝ «Դաւիթ, արթնցի՛ր, - պոռացի, ... տղայական կատակի ժամանակ չէ, ուշի մնացինք..., զբաղումնիս շատ է այսօր և կառքն ալ վարձուած է, շուտով ճամբայ ելլնանք... Աստուած իմ, այն ի՛նչ սարսափելի վայրկեան էր որ ունեցայ, ...աչքերուս առջև դէմք մը, որ մութ կապոյտ գոյն մը ստացած էր»: Դավիթը մեռած էր իր 31 տարեկան հասակի մեջ: Մարմինը դեռ տաք էր, բժիշկները արձանագրեցին, որ մահը վրա էր հասել մոտավորապես 4 ժամ առաջ: Քննիչները մահճակալի մոտ դրված սեղանից առգրավեցին կիսով չափ դատարկ գինու շիշ, իսկ հանգուցյալի բաճկոնի գրպանից՝ սպիտակ հաշիշանման փոշի: Նախնական պատկերը՝ սրտի պայթյուն: Մնում էր սպասել դիազննության ամբողջական արդյունքներին, ինչի համար Կոստանդնուպոլիս ուղարկվեցին հանգուցյալի ստամոքսը, թոքերը և սիրտը:
Մովսէսի աղօթքը
Ինչպես արդեն հասկացանք,դեպքը տեղի էր ունեցել Մարզվանում, որի ամերիկյան «Անատոլիա» քոլեջի աշակերտությունը և տնօրինությունը նրան խնդրել էր «քաղաքին պատմական օր մը նուիրելու համար...» համերգ տալ իրենց սրահում: Եվ իսկապես դա անմոռանալի օր եղավ՝ երկակի իմաստով: Չլսված, չտեսնված համերգից հետո, հանդիսականը նրան բաց չէր թողնում: Քոլեջի տնօրեն պարոն Թրեյսին նրան իսկական հրաշագործ կոչեց: Քանի-քանի անգամ «... խեղճ Դաւիթը ստիպուեցաւ զարնելու «Նէյի ողբը»: Արդեն հոգնել էր, բայց մի վերջին անգամ բեմ ելավ՝ նվագելու Պագանինիի «Մովսէսի աղօթքը»: Այս զարմանալի ստեղծագործությունը գրված է ջութակի մեն-մեկ լարի վրա նվագելու համար, և հասու է միայն վիրտուոզներին. ջութակի և կյանքի մեկ լարի փոխաբերություն: Պագանինին այս գործը գրեց , երբ համերգներից մեկի ժամանակ հերթով կտրվեցին իր գործիքի լարերը և ստիպված եղավ շարունակել նվագը վերջին մեկ լարի վրա: Դավիթի համար այս խենթանալիք կատարումը եղավ իր կյանքի վերջին նվագը, նաև Մարզվանի համար դարձավ «պատմական» օր՝ իր լուսավոր սկզբով և մահաբեր գիշերով:
Վերջին ընթրիք
Համերգից հետո ընթրիքի սեղան էր բացված հարգարժան մի հայի տանը: «Բայց Դաւիթը շատ տրամադիր չէր ուտելու. միայն մէկ հաւկիթ և մէկ գաւաթ թէյ խմելով գոհացած էր. մինչև կէս գիշեր լաւ ժամանց մը ունեցանք հոն...»: Ընդհանրապես շատ հոգնած էր, նիհարած, հյուծված: Վերջին օրերին Սամսոնում և շուրջի քաղաքներում վրա-վրա 14 համերգ էր տվել՝ ապշեցնելով հանդիսականին: Անգամ հայտնի հույն ընտանիքները իրենց տներում կազմակերպում էին երաժշտական երեկոներ՝ հրավիրելով այս բացառիկ ջութակահարին: Սարասատե, Պագանինին, Վենյավսկի, Կոմիտաս, Բախ, Սեն Սանս, Շոպեն, Բեթհովեն... Կատարում էր նաև իր ստեղծագործությունները: Նրա՝ ջութակահարի համբավին գումարվում էր նաև իբրև կոմպազիտոր նրա անունը: Որքան ազդեցիկ էին նրա՝ Իզմիրլեան վեհափառին ձոնած «Հայու հոգին», «Նէյի ողբը»՝ «Կիլիկիայի արցունքները», «Անուշ յիշատակներ»ը: Բայց որքան տարբեր է լինում հանդիսականը: Ընդամենը մեկ տարի առաջ էր, երբ Պոլսում, Գատըգյուղի հայ հանդիսականի համար կազմակերպված համերգին կանգնած էր կիսադատարկ դահլիճի առջև և ականջին հասանում էին անկիրթ խոսքեր.«Եթէ ջութակին տեղը ֆանֆառ ըլլար շատ բազմութիւն պիտի լեցուէր թատրոն... դըզ-դըզ ձայն մը կը հանէ...»: Բիւզանդիոնի առաջանորդող հոդվածում Հ. Սահակ Տէր-Մովսիսեանը գրեց. «Ինծի այնպէս թուեցաւ ի տես գրէթէ դատարկ սրահին` թէ գեղարուեստը ամօթէն չիկնեցաւ և սարսափահար փախաւ Գատըգիւղէն... Այո, եթէ փոխան ջութակի տավուլ զուռնա ըլլար՝ թատրոնը ծայրէ ի ծայր լիք պիտի ըլլար...»՝ հեգնում է Հ. Սահակ Տէր-Մովսիսեանը: Այնքան ինքնակոչ «արվեստագետներ» բուսնեցին, որ հայության ճաշակը ավըրվեց: «Ահաւո՜ր անկումն Արուեստի գիտակցութեան»: Դավիթ Դավթեանը «արուեստի ճաշակին» բացակայությանը արձագանքեց պաղարյունությամբ և դեմքի մշտազվարթ արտահայտությունը երբեք չփոխեց: Նա «...բացարձակ տէրն էր այդ գործիքին, զոր իր ճկուն և բարակ մատներով այնչափ վստահօրէն կը կառավարէր ու կը հմայէր, ինչպէս քաջավարժ արեւելուհիին մատներուն մէջ հրաշագործ ասեղը»: Այնպես որ նրա արվեստային կյանքը միշտ չէ որ հանդիսականի բուռն ցնծությամբ է անցել: Եղել են նաև նման ձախողված համերգներ, անկիրթ և քաղքենի հանդիսականի պատճառով: Եվ Պոլսի Գատըգյուղը միակը չէր, ժամանակին անգամ Թիֆլիսն էր նրան մերժել:

Դ. Դավթեանը առաջին շարքում, Կոմիտաս, Բեգլար Ամիրջան՝ 3-րդ շարք, աջից առաջինը և ուրիշներ, Կոմիտասի պարտեզում, Էջմիածին, 1909թ.
Գերազանցության մրցանակը
Բայց Դավիթը գիտեր, թե ինչ զուլալ արվեստ է մատուցում իր կախարդական ջութակով: Ի վերջո, իր ուսուցիչ-պրոֆեսորները նրա մեջ գտել և հղկել էին տաղանդավոր երաժշտին: Տրապիզոնում ջութակի առաջին ուսուցիչը, որին երախտապարտ էր, Տիգրան Կյուրեղեանն էր: Հետո արդեն Բրյուսելի երաժշտանոցում աշակերտեց հանրահայտ ջութակահար Սեզար Թոմսոնին, Էժեն Իզայիին ապա՝ Պրահայի երաժշտանոցում դասեր առավ ջութակի բացառիկ մանկավարժներից Օթակար Շևչիկից՝ կատարելագործվելով դասավանդման նրա հեղափոխական մեթոդների շնորհիվ: Շտապեց Հունգարիա՝ Յան Կուբելիկից էլ վիրտուոզ նվագի նրա՛ գաղտնիքները իմանալու: Հիացրեց Սարասատեին, որը խոստովանել է, թե իր աշակերտներից ոչ ոք այդքան փայլուն չի կատարում իր գործերը, որքան Դավիթը: Կատարողական մրցույթի ժամանակ Բրյուսելի պատմական “La Grande Harmonia”-ում հավաքված 2000-ից ավել հանդիսականի առջև նա նվագեց 19 ստեղծագործություն, և 12 հռչակավոր պրոֆեսորները հենց 1880-ի ծնունդ, Տարպիզոնցի Դավիթ Դավթեանին շնորհեցին “Prix d’Excellence” 1-ին և միակ մրցանակը: Վենետիկի Մուրադ-Ռափայելեանի և եվրոպական հայտնի երաժշտանոցների նախկին սանին արդեն հրավերներ էին ուղարկում դասավանդելու: Նրան սպասում էին Բրյուսելի երաժշտանոցի ջութակի ստուդիայում: Սպասում էին նաև բոլոր մեծ քաղաքների համերգասրահները՝ Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ...և համբավավոր պարբերականների մշակութային էջերը՝ գովերգելու մի ջահել ջութակահարի, որի ծնողները, քույրերը և եղբայրը 1890-ականներին ստիպված էին լքել ծննդավայր Տրապիզոնը՝ սուլթան Համիդի նախճիրից խուսափելու համար, և անցնել Բաթում:
Գիտցէք որ դեռ կենդանի եմ…
Մինչ այս պատմությունը կանեինք, Պոլսից եկավ դիազննության եզրակացությունը: Իր ընկերների և եղբոր հուշերում և նամակներում կրկնվում է նախնական վարկածը՝ սիրտը կրկնակի մեծցած էր, թոքերը սաստիկ «պզտիկցեր էին», սրտի «պայթում եղած էր»: Իսկ դրա անժամանակ տեղի ունենալը ուներ մեկ պատճառ՝ մի պարուհի, որը կարողացել էր նրան «գցել իր ամուրային ցանցի մեջ...»՝ գրում է Դավիթի ընկերը: Բայց դա միայն անմեղ ՛՛amour՛՛ի հարց չէր... Ով էր նա և, ի վերջո, ինչ արեց Դավիթի հետ: Մանրամասներն՝ ավելի ուշ: Իսկ առայժմ հետևենք մահից հետո դեպքերի ընթացքին: Առնելով սիրելի որդու անժամանակ մահվան բոթը, մայրը խնդրեց, որ աճյունը Մարզվանից տեղափոխվի Բաթում՝ իր մոտ: Ամեն դեպքում նախ պետք է բերվեր Սամսոն և սպասել Բաթում տեղափոխելու հնարավորությանը: Մարզվանում սգահանդես կազմակերպվեց: Հավաքված էր ողջ քաղաքը՝ հարգանքի տուրքը մատուցելու տաղանդավոր երիտասարդ երաժշտին: Քոլեջի երկսեռ երաժշտական խումբը, հոգևորականները, քաղաքի իշխանությունները, մտավորականները իրենց խոնարհումը բերեցին: «Հրեշտակային տաղանդի տեր այս մարդը խոնարհ էր մանուկի պէս, ինչ որ յատկանշում է իր մեծութիւնը»՝ խոսեց պարոն Թրեյսին՝ ամերիկյան քոլեջի տնօրենը: Հետո դագաղը կառքի մեջ դրեցին: «...ես դագաղին հետևող կառքի մը մէջ նստած ճամբայ ելլայ դէպի Սամսօն՝ գիշերուան լուսնով»՝ գրում է Խաչիկ Սորուճեանը: Մինչ այդ Դավիթի ջութակները դրվել էին ցինկե սնդուկի մեջ, որը կնքվել էր թե՛ առաջնորդարանի, թե՛ տերության կնիքներով: Զմյուռնիայում կայացած համերգից հետո Կոստանեան անունով մի բժիշկ եկել էր ետնաբեմ, համբուրել Դավիթի ձեռքը և նրան հանձնել Ստրադիվարիի (ոմանք ասում են Գվարներիի) 700 թրքական ոսկի արժեցող ջութակը և ասել, թէ այս գործիքը միայն քո ձեռքին կվայելէ: Ապա մեկ այլ սնդուկի մեջ զետեղել էին հանգուցյալի մյուս բոլոր գույքերը՝ դրոշմել և ի պահ հանձնել տերությանը, մինչև որ կփոխանցվեին իրավահաջորդ ընտանիքի անդամներին: Հետո ինչ եղան ջութակները՝ անհայտ է: Ուրեմն՝ կառքը Սամսոն հասավ Ապրիլ 28-ին: Մարդկային հոծ բազմություն էր եկել դիմավորելու այլևս հավերժորեն լռած ջութակահարին: Սպասեցին,սպասեցին Բաթում տեղափոխելու թույլտվությանը, որն այդպես էլ չստացվեց: Ընկերներից Հարություն Գասպարեանը, որ մեծ ատելությամբ էր լցված ռուսական ցարական իշխանության դեմ, գրում է, իբր պատկան մարմինները արգելք եղան Բաթում տեղափոխելու գաղափարին՝ Դավիթի քաղաքական կողմնորոշման՝ նրա՝ հնչակյան կուսակցության նկատմամբ ունեցած համակրության պատճառով: Մինչդեռ մյուսները ասում են, թե այդպես էլ ոչ մի շոգենավ չհամաձայնեց տեղափոխել գրեթե 10 օր անթաղ մնացած և քայքայման ենթարկվող դին՝ համաճարակային առանց այն էլ վատթար շրջանում: Եվ ուրեմն՝ մնում էր հենց այստեղ՝ Սամսոնում կազմակերպել նրա հուղարկավորությունը, թեկուզ ժամանակավոր. Գուցե կգար ժամանակ վերաթաղելու իր մոր ցակության համաձայն: Քանի որ Դավթեանները կաթոլիկ էին, ուստի դագաղը, Սամսոնի Հայ կաթողիկե եկեղեցու թաղի մեջ պտտելուց հետո ծաղկեփնջերով զարդարուած, դրեցին եկեղեցում սգասեղանին: Իսկ արարողությունն արվեց միասնական կաթոլիկ և առաքելական հոգևորականների մասնակցությամբ: Ահռելի բազմություն էր հավաքվել՝ դիվանագետներ, դրամատերեր, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր դավանանքի մարդիկ, հույն պաշտոնյաներ: Երգչախումբը կատարեց Պ.Դուրեանի «Իմ մահը» բանաստեղծության հիման վրա, հավանաբար՝ Բարսեղ Կանաչեանի գրած հոյակապ երգը՝ «Գիտցէք որ դեռ կենդանի եմ», 12 հայ ջութակահարներ և եկեղեցու երգեհոնահարը կատարեցին Մենդելսոնի «Թաղման քայլերգը»: Քչերը գիտեին, որ Դավիթը ինքն էլ ժամանակին «Թաղման քայլերգ» էր գրել: Ո՞ւմ պատվերով և ինչ ճակատագիր ունեցավ այն՝ կպատմեմ հետո: Մոր անունից ծաղկեպսակը փակցվեց գերեզմանի խաչի վրա: Նա սիրում էր ծովը, սիրում էր կիտրոնի այգիները և «...հանգչեց իր երազած ծովի հայրենի ափերում, լիմոնների ծաղկած անտառների մէջ...»՝ գրեց Դավիթ Դավթեանի մահվան լուրից ազդված Ավետիք Իսահակեանը: Եվ այսպես՝ «Քեզ ենք յանձնում թանկագին աճիւնը սիրելի Դաւթի, ծերունի Պօնտոս...»՝ ասացին սգակիրներ և, թվաց, թե կարճ ժամանակ անց ամենքը կմոռանան այս հանճարեղ տղայի մասին:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել