Ճակատագրի հեգնանքը․ Դավիթ Դավթեան և Արմենուհի Օհանեան (մաս 3)
Մեղմ ջութակի և կրակոտ պարի հանդիպումը
Նվաճված Բյուզանդիայում, Հին աստվածների երկիր Հելլադայում, նոր աստծո Գողգոթայում, փարավոնների և իմաստուն քրմերի երբեմնի երկրում լսում էին ջութակահար Դավիթ Դավթեանի նվագը, արցունք թափում՝ հատկապես նրա ստեղծած «Նէյին ողբը»ի առաջին իսկ հնչյուններից. Դավիթը իր ջութակով վերարտադրում էր մարդու կարոտի ու ցավի մասին պատմող իմաստուն սուֆիների սիրելի այս արևելյան նվագարանի հեքիաթը: «Նէյը կուլայ, կը լացնէ, նեյը սրտեր կ՛արյունէ...»: Հանդիսականը զմայլվում էր նրա՝ Պագանինիի, Սեն-Սանսի, Կոմիտասի, Բախի կատարումներով: Իսկ իր «Անդալուզիա»ի ռիթմե՜րը, իր «Կռո՜ւնկ»ը... Հետո բեմում տեսնում էր կրակի կտոր Շամախեցի կնոջը՝ կրքոտ, բայցև առանց դույզն-ինչ գռեհկության ակնարկի անզուգական պարը: Ինչ գեղեցիկ էր նա պարում «Սալոմե»ում, ինչպես էր ստեպ-ստեպ հասնում ընդհուպ մերկության՝ դեն նետելով իր յոթ շղարշները: Նրան զմայլված նայում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք. նայում էին, ոչ թե վավաշոտ սպասումով, այլ նրա մերկության մեջ արվեստ տեսնելով: Ինչ հրաշալի էր նա պարսկական մանրապատկերներում, «Անահիտի տաճարում» մենապարելիս:
Արևելքի նուրբ իմաստներին անհաղորդ Արևմուտքը
Շամախեցի պարուհուն զայրացնում էր, որ արևելքի նուրբ հոգին չհասկացող եվրոպացիները, արևելյան ծիսական պորտապարը այդչափ գռեհկացրել էին և, չհասկանալով խորհրդապաշտությունը, տռփանք էին զգում այս պարի տարաշխարհիկ շարժումներից: Մինդեռ այն մայրության խորհրդի և ցավի մասին պատմող մի վաղնջական պատում է, որին «արևելքի իսկական տղամարդիկ ակնածանքով ու խոնարհությամբ էին հետևում» աշխարհի այն անկյուններում, որտեղ դեռ չէր հասել Արևմուտքի սպառողական կործանարար շունչը... «Այդ հինավուրց Ասյայում, որը պահպանել է պարն իր սկզբնական մաքրությամբ, այն խորհրդանշում է մայրությունը, կյանքի առեղծվածային հղացումը, տառապանքն ու ուրախությունը, որոնց ուղեկցությամբ աշխարհ է գալիս նոր հոգին։«Այնքան մեծ է մայրության հանդեպ մեր՝ ասիացիներիս ակնածանքը, որ կան երկրներ ու ցեղեր, որոնցում ամենակարևոր երդումը տրվում է՝ ձեռքը դնելով որովայնին, քանի որ հենց այդ սրբազան գավաթից է սերել մարդկությունը։ Սակայն Արևմուտքի ոգին դիպել էր այդ սուրբ պարին, և այն վերածվել էր սարսափելի «danse du ventre»-ի...։ Ինձ համար դա մարդկային գազանության անսպասելի խորքերի զզվելի բացահայտում էր, իսկ ուրիշների համար՝ զվարճալի տեսարան...»՝ գրեց իր հոյակապ կենսագրական ''La Danseuse de Shamakha''՝ «Շամախեցի պարուհին» գրքում: Մի խոսքով, բեմի վրա երաժիշտն և պարուհին արբեցնում էին հանդիսականին, իսկ բեմից դուրս սիրում էին իրարու և հաճախ անէանում, միասին լողում «...յաւիտենութեան մէջ...»: «...Փիռամիդներուն, Սփինքսի, Մեմփիսի մօտ ինձ հաշիշ ծխել սորվեցուցին, ու ես երկու ամիս գիշեր ցորեկ ծխեցի: Սուրէն ջան, երկու ամիս մոռացայ ամբողջ իմ տանջանքները, չարչարանքները, մոռացայ ոչ միայն իմ գոյութիւնը, այլև ամբողջ աշխարհի գոյութիւնը...ես մոռացայ իմ Աստուածը, իմ ջութակը...»՝ գրեց հրապարակախոս, գրող Սուրեն Պարթևեանին: Հետո պատմեց, թե Բեթհովեն նվագելիս երազի նման ինչ տեսիլքներ են երևում իրեն, ինչպես են հրեշտակները թռչում գլխավերևում..:
Անսպասելի և ծանր բաժանում

Դավիթ Դավթեան
Մի օր Արմենուհի Օհանեանը Լոնդոնից հրաշալի առաջարկ ստացավ՝ պարել Եվրոպայում տարեկան 50.000 ֆրանկ հոնորարով: Առանց այլևայլության խզեց կապը իրեն անմնացորդ սիրահարված տղամարդու հետ: Խենթություն իջավ Դավիթի վրա, խանդի տեսարաններ սարքեց: Գնում էր Արմենուհու մոտ՝ բախում դուռը, որ այլևս երբեք չբացվեց իր առջև, լուտանքեր թափում, խնդրում չլքել իրեն, ասում, որ առանց նրա չի կարող ապրել ու նվագել, որ ոչ ոք այլևս նրան՝ Արմենուհուն, չի կարող սիրել այնպես, ինչպես ինքը ... : Բայց տիկին Օհանեանը անդրդվելի էր: Հայկական և իրանական զարմանահրաշ պարերի իր մեկնաբանություններով նրան սպասում էր արևմտյան աշխարհը, որտեղ հռչակը սլանալու էր նրա ետևից, մամուլը ողողվելու էր իր արվեստի մասին հիացական հոդվածներով, ինքն էլ սկսելու էր հրաշալի ոճով և գեղեցիկ ֆրանսերենով գրել իր գրքերը: Գնաց Արմենուհի Օհանեանը՝ Դավիթին մենակ թողնելով կործանարար կարոտի, զայրույթի և այլևս հաշիշի անկառավարելի պահանջի հետ, որը բավարարելու համար անընդմեջ մեծացնում էր չափաբաժինը: Դավիթի եղբայրը նամակով, որ պահվում է Գրականության և արվեստի թանգարանում, խնդրում է Հարություն Գասպարեանին՝ ջութակահարի մտերիմ ընկերոջը, որ եթե երբևէ հրապարակի Դավիթի նամակները, անպայման վերատեսության ենթարկի և սիրահարական գրություններում անունները ամբողջությամբ չնշի, այլ՝ միայն անվան առաջին տառերը և «անհարմար» մանրամասները զեղչի: Ընդհանրապես, Դավիթի ընկերները կասկած չունեին, թե այդ կինն էր նրա ողբերգության պատճառը, նրան մահվան դուռ հասցնողը:
Դավիթի «Մահվան քայլերգ»ը
Մեկ տարի առաջ էլ մահվան դռանը շատ մոտ կանգնած էր Ալեքսանդր Մանթաշեանի սիրելի տիկինը՝ Դարյա Թամամշեան-Մանթաշեանը: Ինքը, թե՞ ամուսինը ցանկություն էին հայտնել, որ հիվանդ Դարյայի սպասվելիք թաղման համար հատուկ մահվան քայլերգ գրվի: Ի՞նչ ասես. հարստությո՞ւնը, կամ գուցե սե՞րը տարօրինակ ցանկություններ է առաջացնում: Դիմեցին Դավիթին: Նրան էլ հենց փող էր պետք՝ եվրոպական համերգային իր ծրագիրը գլուխ բերելու համար: Գրեց, դեռ մի բան էլ 200 ռուբլի տվեց գործիքավորման և նոտաները կազմելու համար: Դարյան մեռավ իհարկե, բայց Դ.Դավթեանի “Marche Funèbre”-ը չհնչեց նրա հուղարկավորության ժամանակ: Հոնորարն էլ չվճարվեց, կորավ նաև 200 ռուբլին: Այս պատմությունն անում է սոցիալիստ Հարություն Գասպարեանը, որ միշտ հակակրանքով էր լցված բուրժուաների հանդեպ: Ինչևէ՝ Դավիթը նրան խնդրում է գնալ Մանթաշեանների «կոնտոր»՝ գրասենյակ, ետ պահանջել իր թախծալի ստեղծագործությունը և պատառ-պատառ անել: Հարությունը կատարում է ընկերոջ խնդրանքը, վերցրնում է նոտաները, բայց չի ոչնչացնում: Եվ դրանք հասնում են Երևան՝ Գրականության և արվեստի թանգարան՝ Դավիթի աղքատիկ արխիվի հետ: Խեղճ Մանթաշեանը, չդիմանալով սիրասուն տիկնոջ կորստին, մեկ տարի անց ճամփա է ընկնում ի վերին Երուսաղեմ, Դավիթի մահից 5-6 օր առաջ՝ 1911-ի Ապրիլի 19-ին: Ի տարբերություն Դավիթ Դավթեանի, որ հուղարկավորվեց տարանցիկ մի քաղաքում, այդպես էլ չհասնելով տուն՝ մորը, Ալեքսանդրին Պետերբուրգից առոք-փառոք հասցրին Թիֆլիս՝ Խոջիվանքի տոհմական դամբարան՝ Դարյայի կողքին դնելու համար:
Լքելու սովոր կինը

Ի վերջո, ո՛վ էր Դավիթը Արմենուհու համար: Համենայն դեպս, ոչ այն, ինչ Արմենուհին էր ի՛ր համար: Մեկն էր պարզապես նրա բազում հրապուրանքներից, որոնց հետ վայելում էր կյանքը առանց որևէ պարտավորության և առանց իր ազատությունը սահմանափակելու: Դավիթին լքելուց հետո նրա հետաքրքիր կյանքը շարունակվեց մինչև 1976 թվականի իր մահը: Նա դեռ 65 տարի ուներ ապրելու, պարելու, գրականություն ստեղծելու համար: Շուրջի տհաճ և անխելք մարդկանց շարունակելու էր «իպօպօտամ» անվանել և, ինչպես միշտ, վայելել բարձրակարգ արվեստագետների ներկայությունը իր կյանքում: Փանոս Թերլեմեզեանը նրան նկարեց: Այդ հրաշալի դիմանկարից զատ, որ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, կերպարվեստի պատմության մեջ մնացին նաև պարուհուն սիրահարված հռչակավոր նկարիչ Էմիլ Բերնարդի գործերը, որոնցից մեկը գտնվում է Օրսեի թանգարանում: Արմեն(ուհի) Օհանեանը նաև անվանի լուսանկարիչ Էմիլ Օտտո Հոպպեի ֆոտոգրավյուրաներում է, որոնք ցուցադրվում են Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակի մոտ գտնվող Դիմանկարների ազգային պատկերասրահում և տպված են «Գեղեցիկ կանանց գիրքը» հատորում: Նա խելքահան արեց ֆրանսացի ազգայնական գրող և քաղաքական գործիչ Մորիս Բառեսին, գրող, հրատարակիչ Անդրե Ժերմենին: Նրա անկողնում հայտնվեցին նաև ամերիկուհի գրող Նատալի Բարնիի պես անթաքույց լեզբուհիներ: Մի օր Անատոլ Ֆրանսի հետ նախաճաշելիս պատմեց իր մասին՝ ինչ ծագում ունի, ինչ ճանապարհ է անցել և որ մի ինքնակենսագրական պատմություն ունի գրած՝ «Շամախեցի պարուհին»: Ա. Ֆրանսը կարդաց, «գանձ» անվանեց և գրեց գրքի նախաբանը:
Կեցցե մարքսիզ-լենինիզմը
Եկավ մի օր, երբ Արմենի հետ տարօրինակ փոխակերպումներ տեղի ունեցան. Նա զզվեց բոհեմական կյանքից և դարձավ մարքսիզմ-լենինիզմի ջատագով, սովետական երկրի համակիր: Թեպետև ի հարկին քննադատեց սովետական իշխանություններին մարքսիզմի գաղափարները դավաճանելու համար, անողոք լինելու՝ Վահան Թոթովենցի, Մկրտիչ Ջանանի և մյուսների, այդ թվում՝ իր եղբոր նկատմամբ, որոնք սովետական բռնապետական բարքերի զոհը դարձան: Ամուսնացավ Մոսկվայում Մեքսիկայի դեսպանատան առևտրային կցորդ, մասնագիտությամբ ժուռնալիստ ձախական հայացքներ ունեցող Գարսա Մակեդոնիոյի հետ: Հիմա էլ այս Մեքսիկան դարձավ Արմեն Օհանեանի նոր ասպարեզը: Ամուսնու հետ այստեղ հիմնեցին «Հեղափոխական գրողների և արվեստագետների լիգա»ն: Դարձան այս երկրի համայնավարներից: Իր պարը պարեց Մեխիկոյի ռուսական ակումբում, ուսում առավ համալսարանում, ռուս գրականությունից իսպաներեն թարգմանություններ արեց, շարունակեց գրել: Եվ մի օր էլ մտածեց՝ լավ կլինի՝ Հայաստան տեղափոխվի: 1958թ. ամուսնու հետ եկավ Երևան, բերեց իր արխիվից որոշ բաներ՝ նաև Շամախի բարբառով իր կարոտների մասին պատմող «Իղծս[sic] ղարիբի» պոեմը:
Այդ մահը ինձ խանգարում է

Այս «տաղանդավոր պարուհին, բայց տարօրինակ ու հակասական կինը», ինչպես բնորոշել է նրան համերկրացի Կոստան Զարեանը, ամբողջ կյանքում մի մեծ գաղտնիք ուներ: Եվ դա կապված չէր իր արկածներով լի կյանքի ինչ-որ անպատեհ դրվագի հետ: Նորան է, Նորա Տէր-Օհանեանը՝ իր դուստրը՝ ծնված առաջին ամուսնությունից՝ 1906-ին Կիսլովոդսկում, որի մասին բառ անգամ չկա իր կենսագրական՝ «Շամախեցի պարուհին» գրքում, ճիշտ այնպես, ինչպես չկա ոչինչ ջութակահար Դավիթ Դավթեանի մասին, որի տանուլ տված կյանքի համար երբեք մեղավորության զգացում չունեցավ, բայց որի մահը այնուամենայնիվ իրեն խանգարում էր: Նորա՞ն էլ էր խանգարում: Ինչո՞ւ նրան իր հետ քարշ տվեց աշխարհից աշխարհ, բայց երբեք իր շրջապատին չասած, որ իր աղջիկն է: Խե՜ղճ Նորա: Մեխիկոյում էլ «կողոպտեց» աղջկա Օհանեան ազգանունը, որով ի՛նքն էր հայտնի՝ անզուգական պարուհին՝ Հայաստանի զարդ Շամախից: Նորան առավ Մակեդոնիոյի՝ իր խորթ հոր ազգանունը: Արմենուհին կտրեց իրեն և դստերը կապող «Օհանեան» վերջին բարակ թելն էլ: Իսկ 1976-ին կտրեց իր կապը աշխարհի հետ և մեռավ Շամախից գրեթե 12000 կմ հեռու՝ բազմելով աշխարհի ճակատագրական կանանց շարքում:
Եվ վերջում
- Երբ հրատարակում էր իր «Շամախեցի պարուհին» գիրքը 1918 թվականն էր: Վաղուց արդեն բաժանված էր իր առաջին ամուսնուց: Իբր Հայկ Տէր Օհանեանը թողել էր իրեն և գնացել աշխարհը նորոգելու «սրբազան առաքելության» ետևից: Դա ճիշտ է: Բայց աշխարհը նորոգելու այդ մոլեռանդ պահանջը ամենևին կրոնական չէր, ինչպես կարծվում էր: Հայկը նետվել էր ազգային-կուսակցական պայքարի մեջ. ղեկավարում էր Պարսկաստանից Կովկաս՝ հայերին թաթարների դեմ պայքարի համար զենքի փոխադրությունը: Գուցե Հայկը հեռացել էր կնոջից նրան հնարավոր վտանգներից զերծ պահելո՞ւ համար: Ցարական իշխանությունները Հայկին ձերբակալեցին՝ սոցիալ- հեղափոխական ընդդիմադիր մամուլին թղթակցելու համար: 1912-ին ազատվեց բանտից և տեղափոխվեց Գերմանիա՝ Բեռլին, ապա՝ Հայդելբերգ: Եվ հենց այս երկրում կատարեց իր ամենանվիրական գործը՝ աջակցեց Թալեաթին վերացնելու Նեմեսիս գործողությանը: Նա Թեհլիրեանի խմբից էր, ուներ Հայկօ ծածկանունը՝ կազմված Հայկ և ազգանվան առաջին տառի համադրությամբ: Նրա և մյուս ընկերների գործն էր գտնել Թալեաթի հետքը Թեհլիրեանի՝ ձգան քաշելու օրը մոտեցնելու համար: Այս առաջադրանքից հետո Հայկ Տէր Օհանեանը շարունակեց Հայրենիքի համար իր «սրբազան առաքելությունը». Հայաստանի Հանրապետության շրջանին նա նշանակվեց Գերմանիայում ՀՀ ներկայացուցչության պատասխանատու Ջեմյս Գրինֆիլդի օգնական և մամուլի գրասենյակի պատասխանատու: Գրինֆիլդի հետ, որը մոր կողմից հայ էր, ջանում էին հայտանբերել հայ ռազմագերիներին և վերադարձնել Հայրենիք: Գերմանիայում նա ոչ միայն կրթություն ստացավ, քաղաքական կարևոր և ազգանվեր գործունեություն ծավալեց, այլև մինչև իր մահը, որ վրա հասավ 1957-ի Հոկտեմբեր 27-ին, ուսումնասիրեց Գերմանական դիվաններում հայկական ներկայության, մեր պատմության, մշակույթի մասին փաստաթղթերն ու վկայությունները՝ ավելի քան 3000 էջանոց մի իսկական հայագիտական աշխատանք: Իսկ Իսրայել Օրիի կերպարը նրա հետաքրքրությունների պսակն էր: Գերմաներեն բնագրով իր բազմամյա և խոր ուսումնասիրությունները հրատարակելը երազանք էր: Սիմոն Վրացեանին հասցեագրած նամակներից մեկու գրել էր, թե երանի Բոստոնի «Հայրենիք»-ում հնարավոր լինի «Իսրայել Օրի»ն թարգմանաբար հրատարակել: 1954-ին էլ « Յառաջ»ն էր տպագրել նրա մտավախության մասին, թե՝ «Մեղք պիտի ըլլայ, եթէ այս բոլորը օր մը իբրեւ հին թուղթ վառանանի մը մէջ մէկ վայրկեանէն վառին հատնին... »: Վառարանի մեջ հավանաբար չայրվեցին դրանք, բայց ի՞նչ եղան: Արդյո՞ք Հայդելբերգի իր բնակարանից դուրս բերվեցին, հանձնվեցի՞ն դստերը՝ Նորային: Ինչևէ՝ այս էր Սոֆյա Փիրբուդաղեան-Արմենուհի Օհանեանի՝ ազգային «սրբազան առաքելությամբ» տոգորված առաջին ամուսնու կարճ պատմությունը:
Մեկ կին և երեք տղամարդ, երեք անմնացորդ նվիրում իրենց գործին. Մեկը՝ նվիրված ազգային հարցերին, մյուսը՝ նվիրված ջութակին, երրորդը՝ մարքսիզ-լենինիզմին:Եվ նրանցից միայն մեկը՝ իրապես նվիրված և մահու չափ սիրահարված իրեն՝ շամախեցի պարուհուն: Եվ հենց նա էլ ամենից դժբախտը:
լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել