HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիր հանրախանութից՝ 10 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր. նախագծից շեղումները և քրեական վարույթը

10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով վերակառուցվում է նախկին «Արաբկիր» հանրախանութը և հարակից այգին։ Մոտ երեսուն տարի  լքված այգու, կրպակաշարերի և հանրախանութի տեղում կառուցվում է  հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ շրջապատված այգով։ Կենտրոնի շենքը նախագծված է ժամանակակից պարամետրիկ ճարտարապետության սկզբունքներով: Նախագծի գլխավոր ճարտարապետը «Իթակէ 999» ճարտարապետական ստուդիայի հիմնադիր Տելեմակ Անանյանն է, կառուցապատողը՝ «Հայկ-88» ՍՊԸ-ն։  Այս համագործակցությունը, սակայն, երկար չի տևել. շինարարության փուլում հեղինակի և պատվիրատուի հարաբերությունները վատացել են։ Ճարտարապետը հայտարարում է, որ աշխատանքներն իրականացվում են հաստատված նախագծից էական շեղումներով, խախտումներով: Շինհրապարակում տեսչական մարմնի ստուգումները խոչընդոտվել են։ Գլխավոր ճարտարապետի խոսքերով՝ նախագծի շինարարական փուլում նրա հիմնական տարաձայնությունները եղել են Վախթանգ Սիսակյանի հետ։ Նրա որդուն՝ Միհրան Սիսակյանին է պատկանում «Հայկ-88» ընկերության 30 տոկոսը։ Կրտսեր Սիսակյանը 2026թ.-ից ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետություն-մասնավոր համագործակցության բաժինը։  

Մինչ տեսչական մարմինը չի կարողանում ստուգել Կառավարության որոշմամբ հաստատված ծրագիրը, «Հետքը» ուսումնասիրել է համայնքային հողատարածքի վրա «Հայկ-88» ՍՊԸ-ի գործունեությունը  90-ականներից մինչ օրս։ Հոդվածում պատմում ենք Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրի և  նախագծի գլխավոր ճարտարապետ Տելեմակ Անանյանի արձանագրած շեղումների մասին։ Ճարտարապետի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։

Պուրակի վերակառուցման և կանաչապատման 18 տարվա խոստումը

1994 թվականին Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշմամբ «Հայկ-88» ՍՊԸ-ին թույլատրվել էր Կոմիտասի պողոտա 49 և 51 շենքերին հարող պուրակում տեղադրել կրպակաշար։ 1995 թվականին էլ գործկոմը թույլատրել էր նաև բացօթյա տոնավաճառ կազմակերպել այդ տարածքում։

2002 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը որոշում է կրպակաշարի և տոնավաճառի զբաղեցրած հողամասերը՝ 228, 90 և 850 քմ մակերեսներով, առանց մրցույթի, 50 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայկ-88» ՍՊԸ-ին։ Վարձակալության գինը սահմանվում է կադաստրային արժեքի 30%-ի չափով։ Այսինքն՝ 1168 քմ ընդհանուր մակերեսով հողամասերի տարեկան վարձավճարը սահմանվում է 693 186 դրամ։

Հետագա տարիներին ընկերությանը տրամադրված հողամասը կրկին ընդլայնվում է՝ դառնալով 2016 քմ։ Քաղաքապետարանը 2002 թվականի հուլիսի 16-ի N1192-Ա որոշմամբ պարտավորեցնում է «Հայկ-88» ՍՊԸ-ին սեփական միջոցների հաշվին իրականացնել պուրակի համալիր բարեկարգման աշխատանքներ՝ ներառյալ կրպակաշարի դիմացի մայթը և սիզամարգը, հետևել ծառերի խնամքին և տարածքի սանիտարական մաքրությանը։

Այսինքն, պուրակի համալիր բարեկարգման աշխատանքների պարտավորություն «Հայկ-88» ՍՊԸ-ն ստանձնել էր դեռ 2002 թվականից։ Կառավարության նիստին, երբ հավանության էր արժանանում այս ներդրումային նախագիծը, հարցը զեկուցող Սուրեն Պապիկյանը, ով այդ ժամանակ ՏԿԵ նախարարն էր, նշեց, որ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում։ Ստացվում է, որ ընկերությունը չի կատարել 2002-ին ստանձնած պարտավորությունը։ Բայց այս հանգամանքը Կառավարությանը չի խանգարել հավանության արժանացնել «Հայկ-88» ՍՊԸ-ի ներկայացրած նախագիծը։

Հետագա տարիներին, մինչև 2020 թվականի՝ 10 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի հաստատումը, ընկերությունը վերակառուցման աշխատանքներ է իրականացրել տարածքում։ Այս աշխատանքները ևս առանց խախտումների չեն անցել։ Մասնավորապես, տոնավաճառի վերակառուցման և ստորգետնյա հատվածի կառուցման ժամանակ արձանագրվել են նախագծից շեղումներ։ Նախագծի ճարտարապետը ստիպված է եղել բացատրագիր գրել՝ ներկայացնելով շեղումների պատճառները։

Ովքե՞ր են ընկերության սեփականատերերը

«Հայկ-88» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են Գարեգին Ոսկանյանը և Բագրատ Գենոսյանը։ Տարբեր տարիների ընկերության փայատերեր են եղել նաև Արման Հովսեփյանը, Նաիրա Հովսեփյանը, Սիլվա Գյոզալյանը և Սամվել Հունանյանը։ 2022 թվականին ընկերության 30% բաժնետեր է դարձել 22–ամյա Միհրան Սիսակյանը։ Միհրան Սիսակյանը աշխատում է Ֆինանսների նախարարությունում։ 2026 թ.-ից  Սիսակյանը Պետություն-մասնավոր համագործակցության բաժնի պետն է։

«Հայկ-88» ՍՊԸ-ի 20% փայատերը Բագրատիոն Դարբինյանն է։ Նա Հայաստանի խոշոր կարի արտադրամասերից մեկի՝ Գլորիա կարի ֆաբրիկայի սեփականատերն է։

Ընկերությունում փայտաբաժին ունեն նաև Գայանե Սաֆարովան և Դմիտրի Քալանթարովը։ Նրանց է պատկանում «Հայկ-88» ՍՊԸ-ի՝ համապատասխանաբար 34% և 16%-ը։

«Արաբկիր» հանրախանութից բազմաֆունկցիոնալ հասարակական կենտրոն ստեղծելու գաղափարը. «Հյուսիսային առանցք» նախագիծը

Դեռ 2019 թվականից Երևանի քաղաքապետարանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը սկսել էին վարչական շրջանում և հատկապես Կոմիտասի պողոտայում ապամոնտաժել մայթերին տեղադրված կրպակներն ու տաղավարները։ «Հայկ-88» ՍՊԸ-ին պատկանող 30 կրպակները, որոնք տեղադրվել էին դեռևս 1994թ-ից, ևս ապամոնտաժվեցին։

Սրան զուգահեռ «Հայկ-88»-ը սկսել էր մշակել կրպակաշարի և «Արաբկիր» հանրախանութի տարածքում (Կոմիտաս 49/9 և 49/10 հասցեներում) ներդրումային խոշոր ծրագիրը։ Նախագծի գլխավոր ճարտարապետը «Իթակէ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր ղեկավար Տելեմակ Անանյանն էր։ Գաղափարը «Հյուսիսային առանցքի» ընդհանուր հայեցակարգի տրամաբանությամբ քաղաքային կարևոր հանգույցներից մեկի ճարտարապետական վերաիմաստավորումն էր. ինչպես  Հյուսիսային առանցքի մյուս հանգուցակետերն են շեշտված ճարտարապետական դոմինանտներով (Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Ազգային օպերայի շենք, Թամանյանի պուրակ, Կասկադ համալիր)։ Նախագիծը Կոմիտաս պողոտայի և հյուսիսային առանցքի  հատման կետում  նպատակ ունի կառուցել ժամանակակից հանրային վայր՝ միավորելով մշակույթը, հանգիստը, առևտուրն ու լանդշաֆտային ճարտարապետությունը։

Նախկին գիտահետազոտական 4 բարձրահարկ շենքերի առաջնամասում գտնվող 1,2 հեկտար տարածքում նախատեսվում է հանրային զբոսայգու վերակառուցում՝ ստորգետնյա ավտոկայանատեղով և բազմաֆունկցիոնալ կենտրոնով:

Նախագծով Համալիրի կենտրոնում (նախկին «Արաբկիր» հանրախանութի տարածքում) տեղակայված է բազմաֆունկցիոնալ կառույց՝ ոգեշնչված ժամանակակից պարամետրիկ ճարտարապետության սկզբունքներով։ Մեկ տանիքի տակ՝ ալյումինե մեծաթռիչք թաղանթի ներքո, համախմբվելու են հանրային տարաբնույթ գործառույթներ (առևտրային, ժամանցային, ցուցահանդեսային)։

Շինության արտահայտիչ ձևը հղում է կատարում հայկական դիցաբանական խորհրդանիշ «Վիշապին», և ըստ նախագծի հեղինակների այն դառնալու է  քաղաքի հյուսիսային մուտքի մոտ ճանաչելի նշանային կառույց։ 

Կառավարության տված կանաչ լույսը. ներդրումային 10 մլն դոլարանոց ծրագիրը հաստատվեց 

2020 թվականի նոյեմբերին հետպատերազմական իրավիճակի (արցախյան 44-օրյա պատերազմ) և կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկիրը կանգնել էր տնտեսական և սոցիալական ճգնաժամի առաջ։ Կառավարությունն արագացված կարգով հաստատում էր տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք կարող էին կայունացնել երկրի տնտեսությունը։

Այս իրավիճակում էր, որ 2020 թվականի նոյեմբերի 26-ին Կառավարությունը N 1859-Ա որոշմամբ հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Կոմիտասի պողոտայում նախատեսվող պետություն-համայնք-մասնավոր ձևաչափով խոշոր քաղաքաշինական և ներդրումային նախագծին։

Ծրագրով նախատեսվում է Կոմիտաս 49/9 և 49/10 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 2016 և 10028 քմ մակերեսով հողամասերի վրա կառուցել պուրակ, զբոսայգի բազմաֆունկցիոնալ կենտրոն, ամֆիթատրոն, ստորգետնյա ավտոկայանատեղի և այլն։

Կոմիտաս 49/9 հասցեի հողամասը պատկանում է Երևան համայնքին, իսկ վրան գտնվող շենքը՝ նախկին «Արաբկիր» հանրախանութը, «Հայկ-88» ՍՊԸ-ի սեփականությունն էր։ Կառավարության որոշմամբ այս և 49/10 հասցեի հողամասերը ուղղակի ձևով՝ առանց մրցույթի, տրվեցին «Հայկ-88» ՍՊԸ-ին, 60 տարի ժամկետով։ Ընկերությունն այս 1.2 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասերի նկատմամբ ձեռք բերեց կառուցապատման իրավունք։

«Հայկ-88» ՍՊԸ-ի ներկայացրած ծրագրով նախատեսվում էր քանդել Կոմիտաս 49/9 հասցեում գտնվող հանրախանութի շենքը և տեղում բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցել։ Իսկ 49/10 հասցեում նախատեսված էր կառուցել ավելի քան 5000 քմ մակերեսով պուրակ՝ 5000 ծառերով ու թփերով, 1800 քմ մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղի, ամֆիթատրոն, շատրվաններ։ Շինարարության ավարտից հետո էլ ընկերությունն իր միջոցներով պետք է կառուցի Կոմիտասի պողոտան հատող հետիոտնային վերնանցում։

Ընկերությունը պարտավորվել է ծրագրի իրականացման համար ներդնել 10 մլն դոլար։ Աշխատանքները պետք է իրականացվեին անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո՝ 48 ամսվա ընթացքում։ Եթե ընկերությունը սահմանված ժամկետում չավարտեր աշխատանքը, ապա պետք է 100 մլն դրամ տուգանք վճարեր։

Կառավարության հավանությունը ստանալուց հետո՝ 2022 թվականին, այգու վերակառուցման և հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման նախագիծը ներկայացվում է ՇՄԱԳ փորձաքննության։ 2023 թվականի հունվարին նախագիծը ստացավ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը։

ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո, ընկերությունը ստացավ նաև շինթույլտվությունները։ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի դեկտեմբերի 29-ին և 2024 թվականի մարտի 4-ին ընկերությանը տրամադրեց շինարարության համապատասխան թույլտվությունները, որից հետո էլ սկսվեցին բուն շինարարական աշխատանքները։

Ճարտարապետը պնդում է՝ շինարարությունն ընթանում է նախագծից շեղումներով

Շինարարական աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց կառուցապատողի և նախագծի գլխավոր ճարտարապետի միջև սկսվեցին տարաձայնություններ։

«Իթակէ 999»  ճարտարապետական ստուդիայի հիմնադիր,ղեկավար Տելեմակ Անանյանի պնդմամբ շինարարությունն ընթանում է նախագծից էական շեղումներով։

Տելեմակ Անանյանի խոսքով՝ կառուցապատման փաստացի մակերեսը գրեթե երկու անգամ գերազանցում է հաստատված նախագծով և շինարարության թույլտվությամբ սահմանված մակերեսը, ինչպես նաև առկա են այգու տարածքի հաշվին հնարավոր հողազավթման և շինարարական աշխատանքների իրականացման փաստեր։

Սկզբում նախատեսված էր, որ տարածքում պետք է կառուցվեր մեկ ստորգետնյա ավտոկայանատեղի ՝ 1800 քմ մակերեսով, հետագայում ավտոկայանատեղիի տարածքը ընդլայնվել է՝ դառնալով 4000 քմ։ Սակայն ընկերությունը, ըստ ճարտարապետի, որոշել է ավելացնել կառուցապատման մակերեսը և նախատեսվածից գրեթե երկու անգամ ավելի ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել։ 

«Շինհրապարակի կազմակերպումը և շինարարական աշխատանքները իրականացվում են անվտանգության պարտադիր պահանջների կոպիտ խախտումներով, ինչը կարող է անմիջական վտանգ ստեղծել աշխատողների, հարակից տարածքների, բնակիչների, անցորդների և գույքի համար»,- ասում է ճարտարապետը։

Անանյանի խոսքով՝ կառուցապատող ընկերության հետ հարաբերությունների լարումը մեծացել է Վախթանգ Սիսակյանի ընկերության աշխատանքներում ներգրավվելուց հետո, երբ վերջինս սկսել է միջամտել հաստատված նախագծի շինարարության ընթացքին և փոփոխություններ պահանջել։ Վախթանգ Սիսակյանը իրավական առումով այս ընկերության հետ կապ սկսել է ունենալ 2022-ից, երբ որդին՝ Միհրան Սիսակյանը, դարձել է ընկերության 30 տոկոսի փայատեր։ Վախթանգ Սիսակյանը, երկար տարիներ աշխատել է ՊԵԿ-ում։ 1998 թվականից սկսած՝ տարբեր պաշտոններ է զբաղեցրել հարկային ոլորտում։ 2017 թվականին էլ դարձել է Արաբկիրի հարկային տեսչության պետ։ 2020 թվականին նշանակվել է Ֆիննախի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության՝ ԿՌՈՒ-ի պետ։ 

Քրեական վարույթն ու տեսչականի ստուգումները

Նախագծի գլխավոր ճարտարապետ Տելեմակ Անանյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ շինարարական խախտումների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու խնդրանքով։ Սեպտեմբերի 12-ին, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ րեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական անփութություն)։

«Հետքը» գրավոր հարցում ուղարկեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու՝ արդյոք ստուգումներ անցկացվել են նշված շինհրապարակում և հայտնաբերվել են արդյոք խախտումներ։ Տեսչականից մեզ պատասխանեցին, որ օգոստոսին նախատեսված ստուգումը հնարավոր չի եղել իրականացնել կառուցապատողի կողմից թույլ տրված խոչընդոտների պատճառով։

Տեսչական մարմնի աշխատակիցները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և հեռացել։ ՔՀԱՏՄ-ից տեղեկացրել են նաև, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ևս մեկ ստուգում են իրականացնելու։

Նախատեսված երկրորդ ստուգումը ևս հնարավոր չի եղել իրականացնել։ Ըստ տեսչականի՝ ստուգումներն իրականացնելու ընթացքում կառուցապատողը չի ապահովել պահանջվող փաստաթղթերի փաթեթը, կազմվել է արձանագրություն, և հարուցվել է վարչական վարույթ։

«Բացի այդ, համապատասխան գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրված փաստաթղթերի փաթեթի ամբողջական պատճենների տրամադրման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումից հետո իրականացնել կրկնակի ստուգում, որի ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է տեսչականի պատասխանում։

Տեսչական մարմնի աշխատանքը խոչընդոտելու պատճառներից մեկը, ըստ նախագծի հեղինակի, այն է, որ անհրաժեշտ փաստաթղթերից որոշները չկան։ Օրինակ՝ թաքնված աշխատանքների գրանցամատյանը, որտեղ պետք է ստորագրեր Անանյանը՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են նախագծի համապատասխան, չկա։ Անանյանը հրաժարվել է ստորագրել  մատյանում, քանի որ, ըստ ճարտարապետի, կատարված աշխատանքը չի համապատասխանել նախագծին։

Ի՞նչ է ասում կառուցապատողը

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց «Հայկ-88» ՍՊԸ-ին թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար։ Մասնավորապես խնդրել էինք մեկնաբանել նախագծից էական շեղումներով կառուցապատման, այգու հաշվին հնարավոր հողազավթման, հավելյալ ավտոկայանատեղի կառուցելու վերաբերյալ տեղեկությունները և պարզաբանել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներին խոչընդոտելու պատճառները։

«Հայկ-88» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ընդունում են, որ եղել են թերություններ, սակայն մեղադրում են նախագծող ընկերությանը՝ «Իթակէ 999»-ի։ Վերջինս նաեւ իրականացնում էր հեղինակային հսկողության աշխատանքները։ 

Ըստ նրանց՝ «Իթակէ 999» ՍՊԸ-ն ժամանակին չի բացահայտել նախագծից հնարավոր շեղումների դեպքերը և չի տեղկացրել այդ մասին կառուցապատողին։

««Հայկ-88» ՍՊԸ-ն միայն վերջերս է բացահայտել «Իթակէ 999» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման և ոչ պատշաճ կատարման մի շարք դեպքեր։ Մասնավորապես, պարզվել է, որ «Իթակէ 999» ՍՊԸ-ն պատշաճ կերպով չի կատարել իր ստանձնած պարտավորությունները ինչպես նախագծման, այնպես էլ շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր շեղումները բացահայտելու, կանխելու և դրանց մասին պատվիրատուին տեղեկացնելու մասով»,- նշված է ընկերության պատասխանում։

Նախագծով նախատեսվածից ավել մակերեսով ավտոկայանատեղիներ կառուցելու մասին մեր հարցին ընկերությունից հստակ պատասխան չեն տվել, միայն նշել են, որ շինարարությունը բազմափուլ գործընթաց է, որի ընթացքում հայտնաբերվում և վերացվում են թերությունները։  

«Անկախ շինարարության առանձին փուլերից, կառուցված օբյեկտի շահագործմանը նախորդում է օրենքով սահմանված կարգով դրա հանձնման-ընդունման գործընթացը, որի շրջանակներում իրավասու պետական մարմինների կողմից ստուգվում է օբյեկտի համապատասխանությունը սահմանված պահանջներին, և միայն այդ պահանջներին համապատասխանելու դեպքում է օբյեկտն ընդունվում և շահագործման հանձնվում»,- ասված է պատասխանում։

Հնարավոր հողազավթման վերաբերյալ Տելեմակ Անանյանի պնդումը «Հայկ-88»-ից համարում են կեղծ և նշում, որ այն գնահատում են որպես իրենց գործարար համբավն արատավորող տեղեկություն։

Ընկերությունից հերքում են նաև, որ խոչընդոտել են Տեսչական մարմնի աշխատանքը և հավելում, որ իրենց քայլերն ուղղված են եղել ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։ 

«Նման իրավախախտման առկայությունը ենթակա է հաստատման իրավասու մարմնի կողմից՝ օրենքով սահմանված ընթացակարգով և համապատասխան փաստական ու իրավական հիմքերի առկայության և գնահատման պայմաններում»,- նշված է «Հայկ-88»-ի պատասխանում։

Վերջաբան

Կոմիտասի պողոտայի 10 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը, որը խոստանում էր համայնքին ժամանակակից և բարեկարգ կանաչապատ պուրակ, ամֆիթատրոն ու բազմաֆունկցիոնալ կենտրոն նվիրել, այսօր հայտնվել է իրավական ու քաղաքաշինական հակասությունների մեջ։ Մի կողմից նախագծի հեղինակը պնդում է, որ շինարարությունն իրականացվում է խախտումներով, մյուս կողմից՝ ՊԵԿ-ի ու Ֆիննախի նախկին և գործող պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություն մեղքի սլաքներն ուղղում է ճարտարապետի ուղղությամբ։

Արդյո՞ք քաղաքաշինական տեսչական մարմնին և իրավապահներին կհաջողվի մինչև վերջ պարզել կառուցապատման իրական ծավալներն ու հնարավոր շեղումները, ցույց կտան առաջիկա ստուգումների արդյունքները և քննչական մարմինների վերջնական եզրակացությունները։

 Լուսանկարները՝ «Իթակէ 999» ճարտարապետական ստուդիայի էջից

Քարտեզի ձևավորումը՝ Ժենյա Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter