HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ՔՊ-ից «Բարոյական արժեքներ» կուսակցություն տեղափոխված Սամվել Ղարիբյանը հավակնում է Ամասիայի ղեկավարի պաշտոնին

2026թ.-ի նոյեմբերի 29-ին երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» և 2022թ.-ին ստեղծված «Բարոյական արժեքներ» կուսակցությունները, պայքարելու են Ամասիա խոշորացված համայնքի հաջորդ 5 տարվա ղեկավարումը ստանձնելու համար: «Բարոյական արժեքներ» կուսակցության նախընտրական ցուցակն Ամասիայի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է նախկին ՔՊ-ական Սամվել Ղարիբյանը: Վերջինս սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տարածել, որ սեպտեմբերի 28-ին հարազատ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Որոշումը կայացրել եմ ոչ թե հապճեպ, այլ երկարատև քննարկումների, իրավիճակի  վերլուծության և խորքային մտորումների ադյունքում: Կուսակցությունից դուրս գալով՝ ես չեմ հրաժարվում մեր համայնքի բնակիչների նկատմամբ ունեցած պատասխանատվությունից ու պարտավորությունից»,- հավաստիացրել է թեկնածուն: Ըստ տեղեկությունների՝ Սամվել Ղարիբյանն ու մի շարք համախոհներ, ՔՊ կուսակցության շարքերը լքել են, երբ հայտնի է դարձել, որ ՏԻՄ ընտրություններում իշխանությունն աջակցելու է գործող համայնքապետ, անկուսակցական Ջեմմա Հարությունյանին: 

«Վերջին շրջանում իմ գործընկերներից ոմանք կայացրել են հեշտ չտրվող, բայց խորապես գիտակցված որոշում՝ կամավոր հրաժարվելով իրենց զբաղեցրած պաշտոններից՝ ինձ հետ նույն ճանապարհը շարունակելու համար,- հայտարարել էր Սամվել Ղարիբյանը՝ անդրադառնալով թիմակիցների դիրքորոշմանը,- այս քայլն ինձ համար պարզապես աջակցություն չէ: Այն սկզբունքայնության, մարդկային արժանապատվության, փոխադարձ վստահության և արժեքներին հավատարիմ մնալու խոսուն արտահայտություն է»: 

Սամվել Ղարիբյանի որոշ թիմակիցներ ևս հայտարարություն էին տարածել՝ ազդարարելով ճամբարափոխության մասին: Կարեն Ախցխեցյանը, որ 7-րդ հորիզոնականն  է զբաղեցնում «Բարոյական արժեքներ» կուսակցության ավագանու թեկնածուների նախընտրական ցուցակում, հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Տեղեկացնում եմ, որ չցանկանալով թաթախվել գալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված Ամասիա համայնքում տիրող վերջին քաղաքական պրոցեսներին, որը հակասում էր իմ սկզբունքներին, դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Կուսակցության շարքերը լքելով՝ չեմ դադարեցնելու իմ պայքարը հանուն Ամասիա համայնքի զարգացման արժանապատիվ ապագայի»:

ՔՊ-ից «Բարոյական արժեքներ» տեղափոխված Սամվել Ղարիբյանի 36 հոգանոց թիմում են Ամասիա գյուղի երկարամյա համայնքապետ Աղասի Ամիրյանի որդին՝ Աշոտ Ամիրյանը և Արեգնադեմ գյուղի առաջին կին համայնքապետ(2009-2016թթ.) Աղունիկ Հազրյանը՝ ցուցակում զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Աղունիկ Հազրյանը, անդրադառնալով Սամվել Ղարիբյանի կուսակցականափոխությանն, իր էջում գրել է. «Իսկական սկզբունքայնությունը հենց սա է, երբ մարդը պաշտոնից վեր է դասում իր արժանապատվությունը, խղճի ձայնն ու մարդկային արժեքները: Թող մեր միասնական ճանապարհը լինի ուժի, արժանապատվության և բարի գործերի ճանապարհ»:

Իսկ ո՞վ է Ամասիա համայնքի ղեկավարի աթոռի համար պայքարող «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Սամվել Ղարիբյանը:  Ղարիբյան եղբայրների մասին  «Հետքը» գրել է  2018թ.-ին՝ անդրադառնալով Արդենիս գյուղի հարակից տարածքում գործող խոզաբուծարանի և կաթի գործարանի թափոններով Արդենիս լճի աղտոտմանը։ Մեկ տասնամյակ (2008-2018թթ) ջրային, բուսական ու կենդանական աշխարհին հասցվել էր մեծ վնաս: 

Արդենիս գյուղի բնակիչ Շաքրո Ղազարյանի բազմաթիվ բարձրաձայնումները տարբեր մակարդակներում մնացել էին անպատասխան, քանի որ համայնքապետ եղբայրը (Մերգել Ղարիբյան) չէր ուզում և չէր կարող պատժել գործարար եղբորը՝ Սամվել Ղարիբյանին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել էր Արդենիս լճի աղտոտման մասին «Հետք»-ի հրապարակմանը և 2019թ.-ին Ղարիբյաններին պատկանող «Ոսկեր Սեր» ՍՊԸ-ն տուգանվել էր 300 հազար դրամով, նաև պարտադրվել էր սեպտիկ հորի կառուցումը: 

Ի դեպ, սա Ղարիբյանների բիզնես գործունեության հետ կապված միակ խախտումը չէ։ 2022 թ.-ին Արդենիսում նրանց հիմնադրած «Արփի Լենդ» ՍՊԸ-ի սպանդանոցի գործունեությունը 2025 թ.-ի դեկտեմբերին ՍԱՏՄ-ն կասեցրել էր՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով (աշխատանքը վերսկսվել էր միայն 2026 թ.-ի հունվարին՝ թերությունները վերացնելուց հետո)։

Իշխանափոխությունից հետո Ղարիբյան եղբայրներն արագ կողմնորոշվեցին, և արդեն 2021թ.-ին Ամասիա և Արփի համայնքների միավորման (խոշորացման) արդյունքում ձևավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում ստացան իշխող կուսակցության աջակցությունը: Այն ժամանակ ՔՊ ավագանու ցուցակը ղեկավարում էր Մերգել Ղարիբյանը: Թիմը ստացել էր 6 մանդատ, այնքան, որքան «Արփի-Ամասիա» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում էր Ջեմմա Հարությունյանը: Վերջինս էլ, միավորվելով ՀՀԿ-ի հետ, դարձավ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար: ՔՊ-ականները սկզբում բողոքեցին, անգամ դիմեցին դատարան, իսկ հետո ողջ թիմով վայր դրեցին մանդատները:

Եվ հիմա, երբ հրաշալի հնարավորություն էր ստեղծվել ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության օգնությամբ հասնելու ռևանշի ու հետ բերելու 5 տարի առաջ ձեռքից բաց թողած հնարավորությունը, կատարվում է անսպասելին՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրում է Ղարիբյանների մրցակցին: 

Թեպետ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նշանակված էր նոյեմբերի 4-ին, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը մրցապայքարը սկսեց նոյեմբերի 12-ին՝ մինչ այդ բավարարվելով ֆեյսբուքյան  գրառումներով և հորդորներով: Օրինակ Կարեն Ախցխեցյանն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը օրինագիծ մշակել, որպեսզի այն անձը, ով վերջին 2 տարում առնվազն 366 օր չի հանդիսացել ՔՊ անդամ, չներառվի համայնքի ավագանու ցուցակում, որպես կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու:

Ինչպիսի՞ ծրագրով և թիմակիցների ինչպիսի՞ գույքային ունեցվածքով են մրցապայքարի մեջ մտել Սամվել Ղարիբյանն ու իր թիմակիցները: Ավագանու անդամների թեկնածուների ցանկը եզրափակում է Սամվել Ղարիբյանի եղբայրը՝ Մերգել Ղարիբյանը, զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը: Երկու եղբայրներից շարժական գույքի առումով ռեկորդակիրը Մերգել Ղարիբյանն է՝ 4 մարդատար, 6 բեռնատար մեքենա, 5 միավոր գյուղտեխնիկա: Սամվել Ղարիբյանի հայտարարագրում որպես շարժական գույք նշված է միայն մեկ՝ 1986թ-ի արտադրության Վազ-21 մակնիշի մարդատար մեքենա:

Սամվել Ղարբյանը, որպես եկամուտ հայտարարագրել է «Ոսկե Սեր» և «Արփ Լենդ» ՍՊԸ-ներում որպես տնօրեն ստացած աշխատավարձը՝ համապատասխանաբար 3.788.234 դրամ և 2.043.560 դրամ: Երկու եղբայրներն էլ անշարժ գույք են հայտարարագրել Երևանում և Արդենիս գյուղում: Ինչ վերաբերում է Ղարիբյանների բիզնես գործունեությանը, որպես հավելում նշենք, որ «Արփի Լենդ» ՍՊԸ-ով, Արդենիս բնակավայրում, 2022թ-ի ապրիլի 19-ին հիմնել էին սպանդանոց, որի գործունեությունը 2025թ-ի դեկտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտնագության տեսչական մարմինը(ՍԱՏՄ) կասեցրել էր՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով: 2026թ-ի հունվարին տեսչական մարմնի որոշմամբ կասեցումը հանվել էր և թույլատրվել էր սպանդանոցին վերսկսել աշխատանքները, քանի որ թերությունները վերացվել էին:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Աշոտ Ամիրյանն, ում հայրը երկար տարիներ եղել է Ամասիա գյուղի գյուղապետը, պարզվում է ոչ մի տեղ չի աշխատում, չունի շարժական գույք, իսկ որպես անշարժ գույք նշել է 33 հա խոտհարք «Արփի լիճ»  ազգային պարկի տարածքում:

Ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արեգնադեմի նախկին համայնքապետ Աղունիկ Հազրյանն էլ, որպես աշխատանքի վայր նշել է Ամասիայի միջնակարգ դպրոցը, մեկ շարժական գույք՝ 1998թ-ի արտադրության Միցուբիշի Պաջերո մարդատար մեքենա, անշարժ գույք՝ մեկ առանձնատուն Արեգնադեմ գյուղում, մեկ հողամաս(0,198 հա) Զարիշատ գյուղում և մեկ հողամաս(5,225 հա) էլ Արեգնադեմ գյուղում:

ԿԸՀ պաշտոնական կայքում «Բարոյական արժեքներ» կուսակցության ծրագիրը հրապարակված չէ: Թիմն ընտրություններին մասնակցում է «Անկեղծ խոսքը ուժ ունի» կարգախոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter