HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարդան Արամյան. «Հետ նայելն անհրաժեշտ է միայն վերլուծելու և դասեր քաղելու համար»

«Հետք»-ի զրուցակիցն է ֆինանսների նախկին նախարար, ներկայում «Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։

 Հարցազրույցի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

 - Ներկա իշխանությունները տարբեր առիթներով շեշտում են, որ ՀՀԿ-ից ժառանգել են ծանր վիճակում գտնվող տնտեսություն՝ 7 մլրդ դոլար պետական պարտքով։ Ձեր գնահատականը՝ տնտեսությունն ի՞նչ վիճակում է հանձնվել այս կառավարությանը։

 -  Գիտեք` անընդհատ զուգահեռներ անցկացնելը հնի և նորի միջև, ինչ-որ բան ապացուցելու համար, կարծում եմ, որևէ տեղ չտանող ուղի է։ Հետ նայելն անհրաժեշտ է միայն վերլուծելու և դասեր քաղելու համար, որպեսզի ապագայում նույն սխալները թույլ չտրվեն: Եթե կա կարծիք, որ նախորդ կառավարությունը ժառանգություն է թողել անմխիթար տնտեսություն, թեև Կարեն Կարապետյանի կառավարության կառավարման մասին ես այդպես չեմ մտածում և կարծում եմ, որ թևակոխել էինք տնտեսական վերելքի փուլ, որի արդյունքները փոխանցվեցին նաև գործող կառավարությանը, բայց, այնուամենայնիվ, լավ, ենթադրենք ընդունեցինք, որ մենք վատ ենք կառավարել, այդ դեպքում՝ թող գործող կառավարությունը կարողանա ավելին անել։ Անկեղծորեն՝ ես ցանկանում եմ, որ այսօրվա կառավարությունը մեզանից շատ ավելի լավ աշխատի, որովհետև գիտակցում եմ, որ նրանց հաջողությունն իմ և մեր երեխաների ապագայի համար է։

Երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը եկավ իշխանության՝ 2017 թվականին, մեզ հաջողվեց շոկերից ազատել տնտեսությունը շատ կարճ ժամանակահատվածում։  Մինչ այդ՝ 2016 թվականին, տարին փակվել էր ընդամենը 0.2 % տնտեսական աճով, որից էլ, եթե բացառվեր խաղային ոլորտը, խաղատների ու բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, ապա տնտեսությունն անկում էր ապրել։ Դրանից հետո՝ 2017 թվականին, տնտեսությունը սկսեց արագ վերականգնվել։ Ինչու՞, որովհետև կառավարության բոլոր գործողություններն ուղղված էին տնտեսական աճի հիմնարարների ուժեղացմանը: Բերենք մեկ օրինակ. 2017 թվականին կապիտալ ծախսերն ի սկզբանե ծրագրված էր կատարել շուրջ 98.6 մլրդ դրամի, սակայն տարվա վերջում էապես գերակատարվեցին։ Այդ տարի բոլոր բյուջետային խնայողությունները մենք ուղղեցինք կապիտալ ծախսերի կատարմանը։ Ընդ որում՝ փոխեցինք նաև համայնքներին տրվող սուբվենցիաների մոտեցումները՝ այդ գումարները ոչ թե պարզապես տվեցինք համայնքներին ու այլ կառույցների, այլ՝ պահանջեցինք հստակ ծրագրեր ու արդյունքներ։ Մեզ հարկավոր էին հիմնավորումներ, թե այդ ծրագրերն ինչ տնտեսական արդյունքներ են տալու։ Այդ ժամանակահատվածում մենք տնտեսական աճը կարողացանք հասցնել 7.5 %-ի։ Ընդ որում՝ այդ աճն ունեցավ իներցիոն բնույթ և շարունակվեց նաև այսօրվա կառավարության օրոք։

Հետևաբար, ես հանգիստ եմ վերաբերում նման դիտարկումներին. շատ լավ, թող ասեն, որ մեր կառավարությունն է սխալ եղել, բայց այսօր մենք պետք է խոսենք ապագայի մասին, որն այսօրվա իշխանության խելամիտ կառավարումից է կախված։ Եթե խոսում ենք, օրինակ, տնտեսական աճի կառուցվածքի մասին, վերցնենք նախորդ 2 տարիների և այս տարվա 6 ամիսների աճերի կառուցվածքը։ Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է հանդիսանալ ոչ արտահանելի հատվածը (առևտուր, զվարճություններ և հանգիստ, ֆինանսական ծառայություններ), եթե չասենք, որ որոշ ենթաճյուղեր նույնիսկ խորացրել են իրենց նպաստումները։ Խաղային ոլորտի նպաստման կշիռն ավելի է խորացել. եթե 2017 թվականին 7.5 % տնտեսական աճի 0.5 տոկոսային կետն էր բաժին ընկնում խաղային ոլորտին, ապա 2018 թվականին 5.2 % տնտեսական աճի 1.4 տոկոսային կետն է բաժին ընկել այդ ոլորտին, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակի՝ 6.8 %-ի 1.3 տոկոսային կետը։ Իհարկե, կան նաև դրական զարգացումներ. մշակող արդյունաբերությունը համեստ, բայց մեծացնում է իր կշիռը ՀՆԱ-ում։ Սակայն, նորից եմ ուզում շեշտել՝ ընդհանուր առմամբ տնտեսական աճի քաշող ուժը շարունակում է մնալ ոչ արտահանելի հատվածը, և սա անհանգստացնող պետք է լինի:

 - Տնտեսագետների մի խումբ մտահոգություն է հայտնում, որ այսօրվա կառավարության գործողություններում տնտեսական հստակ քաղաքականություն չկա։ Որտե՞ղ և ինչպե՞ս պետք է երևա այդ քաղաքականությունը։

- Պարտադիր չէ, որ ինչ-որ դետալացված փաստաթուղթ ունենան ստորագրված, որ տնտեսությունը տանելու են այս կամ այն ուղղությամբ։ Պարտադիրն այն է, որ այդ տնտեսական քաղաքականության հիմնական կրողները՝ տնտեսվարողները, ունենան հստակ սպասումներ և պատկերացումներ, թե կառավարությունն ինչ է անելու հաջորդ քայլով իրենց ոլորտի հետ կապված, կամ այսպես ասած՝ ոլորտային քաղաքականության դոկտրինան ո՞րն է: Տնտեսական քաղաքականությանն առաջին արձագանքողները տնտեսվարողներն են։ Հարցնենք տնտեսվարողներին՝ արդյոք իրենք որոշակիություն տեսնու՞մ են իրենց ոլորտի ապագայի հարցում։ Օրինակ՝ հանքարդյունաբերությանն ինչ ճակատագիր է սպասվում մեր երկրում։ Կառավարությունը հայտարարել է, որ հանքագործությունն իր համար առաջնահերթություն չէ։ Առաջնահերթ են մշակող արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և այլն։ Ամեն դեպքում, հանքարդյունաբերությունը մեր տնտեսության մեջ ներկայում իր տեղն ունի՝ ուզենք դա, թե ոչ։ Հարց ՝ առաջիկա 5 տարիներին ինչպիսի՞ վարքագիծ է ունենալու կառավարությունն այս ոլորտի հետ կապված։ Այսօր բոլոր հանքագործական ձեռնարկությունների գլխին դամոկլյան սուր է կախված, և շատ կարևոր է, թե «Լիդիան»-ի հարցն ինչպես կհանգուցալուծվի՝ էմոցիաները կգերակայե՞ն տնտեսական շահի և խելամիտ քաղաքականության նկատմամբ։ Թերևս կարելի է փաստել, որ այսօր «Լիդիան»-ի հարցը դուրս է եկել տնտեսական շահի շրջանակներից և բնապահպանական հարցերով մտել էմոցիոնալ և քաղաքական դաշտ: Հիմա կարևոր է, թե կկարողանա, արդյոք, կառավարությունը դիմակայել հանրային լայն ճնշմանը և իրապես կայացնել բնապահպանական շահն ընդդեմ տնտեսական շահի հաշվեկշռված որոշում: Եթե ոչ, ապա այդ սպառնալիքը տեղափոխվելու է նաև մնացած ընկերություններ։ Ի՞նչ պետք է ակնկալեն այդ ընկերությունները, ի՞նչ է լինելու նրանց հետ։

Հաջորդը գալիս է գյուղատնտեսության ոլորտը։ Այսօրվա դրությամբ մշակող արդյունաբերությունը հիմնված է գյուղատնտեսական հումքի վրա՝ արտադրելով հիմնականում սննդամթերք, խմիչք ու ծխախոտ։ Հետևաբար, գյուղատնտեսությունը համարվում է ստրատեգիկ ճյուղ։ Հնարավոր չէ, որ մեր արդյունաբերությունը 1-2 տարվա ընթացքում գյուղատնտեսական հումքի վրա հիմնված արդյունաբերությունից վերածվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։ Նորից հարց՝ գյուղատնտեսության ապագայի համար ի՞նչ նոր ծրագրեր կան։ Որ ծրագիրը ինչի՞ համար է։ Գյուղատնտեսները, ֆերմերները ի՞նչ պետք է սպասեն։

Այս առումով էլ, կարծես թե, խնդիրներ կան, քանի որ գյուղատնտեսության աճը չի վերականգնվում՝ շարունակում է գրանցել անկումներ։ Պետք է օր առաջ մտածել այդ ամենի մասին, որովհետև համեմատած մյուս երկրների՝ մեր գյուղատնտեսության արտադրողականությունը շատ ցածր է, այն պետք է բարձրացնել, որ աշխարհում էլ կարողանանք դառնալ մրցունակ։ Այսօրվա դրությամբ գյուղատնտեսության ոլորտում ինչ ծրագրեր, որ գործում են մասամբ, դեռևս նախորդ կառավարությունից որդեգրած ծրագրերն են։ Որոշակի դրական երևույթներ, իհարկե, նկատում եմ, որոնք ևս պետք է արձանագրենք։ Օրինակ՝ տարածաշրջանային ֆորումները, որոնք մեծացնում են տնտեսվարողների շփումները կառավարության հետ։ Բայց դա քայլերի ընդամենը մի մասն է, որին պետք է հետևեն նաև որոշումներ և դրանց ինստիտուցիոնալացումը։ Եթե այդ ֆորումները իրենց տրամաբանական արդյունքները չեն տալիս, ստացվում է, որ ուղղակի հավաքվում ենք, խոսում ու վերջ։ Եթե այդ ֆորումները չեն հանգեցնում ներդրումների, ուրեմն արդյունքների մասով խնդիրներ ունենք։ Եթե այդ ֆորումները չեն հանգեցնում մասնավոր ներդրումների աճի, նշանակում է, որ տնտեսության մեջ ինչ-որ բան այն չէ։

 - Կառավարությունն ի սկզբանե հայտարարել է, որ ձգտելու է արտահանման վրա հիմնված տնտեսություն ունենալ։ Մենք գնու՞մ ենք այդ ուղղությամբ։

- Բոլորը խոսում են, որ պետք է արտահանելի հատվածի վրա ուշադրություն դարձնենք, դրա զարգացման ուղղությամբ քայլեր անենք, բայց տեսնում ենք, որ խոսքն ու գործողությունները միմյանց երբեմն չեն հաընկնում։ Եթե մեր տնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ մենք պետք է օգնենք արտահանողներին, ապա հատուկ գործիքներ, այսինքն՝ ընդհանուր տնտեսության համար ծառայող գործիքներից մի փոքր տարբերվող գործիքներ պետք է ուղղենք այդ նպատակով։ Պետք է հստակ թիրախավորվի արտահանելի հատվածը։ Իհարկե, պետք է տնտեսության մյուս ճյուղերը ևս ուշադրության կենտրոնում պահել, բայց եթե մենք որոշել ենք արտահանելի տնտեսություն ունենալ, պետք է այդ հատվածի համար ավելին անենք, քան մյուս հատվածների։ Սա շատ կարևոր է, որի արդյունքում ռեսուրսները ոչ արտահանելի հատվածից կգան արտահանելի հատված։ Օրինակ՝ անհրաժեշտ է վերակենդանացնել և վերաիմաստավորել Արտահանման ապահովագրության գործակալությունը։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ խնդիրներ կան վերջինիս հետագա գործունեության նպատակահարմարության առումով: Ինչ խոսք, եթե բյուջետային միջոցներից սննվող որևէ կառույց արդյունք չի ստեղծում, ֆինանսների նախարարությունը օբյեկտիվորեն կպահանջի բյուջետային միջոցների տրամադրման դադարեցում։ Բայց կառավարության տեսանկյունից, եթե չի աշխատում, պետք է մտածել, թե ինչն է պատճառն ու վերակենդանացնել, քանի որ դա կարևոր կառույց պետք է լինի արտահանողների համար, ոչ թե վերցնել ու փակել։ Եթե փակելու տարամաբանությամբ միայն առաջնորդվենք, ապա որ կառույցում խնդիրներ ենք տեսնում, պետք է վերացնենք այդ կառույցները։ Դա լուրջ խնդիր է կառավարման գործում։ Դա նույնն է, որ փչացած շարժիչով ավտոմեքենան միանգամից աղբը նետես՝ այն վերանորոգելու փոխարեն։

Նորմալ է, երբ հրապարակային ելույթներում կառավարությունը խոսում է արտահանմանն ուղղված քաղաքականության մասին։ Կառավարության ծրագրերում ու փաստաթղթերում դա ևս ամրագրված է։ Սակայն փաստացի արդյունքներով տեսնում ենք, որ օրինակ լրացուցիչ հատուկ գործիքով՝ կառուցապատողից բնակարան գնելու դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի ծրագրով կառավարությունն օգնում է ոչ արտահանելի հատվածին՝ բնակարանաշինությանը։ Ժամանակին մենք զսպման մեխանիզմներ կիրառեցինք, որպեսզի այս գործիքի կիրառությունը շատ չտարածվի և նաև հայտարարեցինք, որ ապագայում կառավարությունը հետ պետք է քաշվի այս ծրագրից քանի որ դրա նպատակը տնտեսական էր, իսկ դա երկարաժամկետում խիստ վտանգավոր է, քանի որ կկրկնենք նույն սխալները, ինչ մինչ 2008 թվականի ճգնաժամն էր: Հիմա այս ծրագիրը նոր թափ է ստանում և նաև գայթակղություններ կան ավելի ընդլայնվելու, որին երբեք չպետք է տրվի կառավարությունը: Եթե արտահանող տնտեսվարողը տեսնի, որ դու հայտարարում ես մի բան, բայց գործողություններդ այլ են, նա երբեք չի մեծացնի իր ներդրումները։

- Իշխանությունները հայտարարում են, որ իրենց հաջողվել է երկրում առկա կոռուպցիան նվազեցնել ու այսօր այն անհամեմատ ավելի փոքր մասշտաբներ ունի, քանի նախկին իշխանությունների ժամանակ էր։ Նման արդյունքներ տեսանելի՞ են։ 

- Կոռուպցիայի մակարդակի մասին գնահատականը պետք է տան մարդիկ, ովքեր հաճախակի շփվել և շփվում են պետական այն օղակների հետ, որտեղ օբյեկտիվորեն  կոռուպցիոն դրսևորումների ռիսկերը բարձր են գտահատվում, օրինակ՝ մաքսային մարմինները, պետական գնումները և այլն։ Ցանկացած երկրում, այդ թվում՝ զարգացած, ինչ-որ չափով կոռուպցիա կա, և հնարավոր չէ այն զրոյացնել։ Եթե դու ընտրել ես շուկայական տնտեսության ուղղությունը և ուզում ես նվազեցնել կոռուպցիան, պատժելու գործիքը պարտադիր, բայց ոչ բարարար պայման է։ Կարճ ժամանակահատվածում այն կարող է աշխատել, սակայն երկարաժամկետում թուլանալու է պատժելու գործիքի ուժը, և ռիսկ է առաջանալու վերադառնալ հնին, եթե զուգահեռ չեն ներդրվում լրացուցիչ ինստիտուտներ։ Պետք է շարունակել հնարավորինս թափանցիկացնել բոլոր գործընացները, պետք է զարգացնել դրանք էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպելը։ Եթե, օրինակ, հարկային ոլորտում վերահսկողությունը խստացվում է, և տեսուչները շարունակում են հաճախակի շփվել տնտեսվարողների հետ, ապա ռիսկը միշտ էլ մեծ է լինելու, որ կոռուպցիոն գործընթացներ տեղի կունենան։ Պետք է ամեն ինչ տեղափոխել էլեկտրոնային հարթակ և մինիմիզացնել հարկային տեսուչների ու տնտեսվարողների շփումները։

Միևնույն ժամանակ, կոռուպցիայի վերացման հարցում շատ կարևոր է վարձատրության բարձրացումը։ Երբ դու արհեստավարժ կադրին ստիպում ես հրաժարվել կոռուպցիոն ճանապարհներով վաստակվող գումարներից, ինչը շատ ճիշտ և դրական է, բայց միևնույն ժամանակ նրա ֆորմալ վարձատրությունը ինչ-որ չափով չես բարձրացնում, ապա ռիսկը մեծ է, որ կունենաս կադրերի ուժեղ արտահոսք։ Ընդ որում՝ պետական համակարգը մեծ հավանականությամբ կլքեն բարձրակարգ կադրերը, որոնք ավելի հեշտ աշխատանք կգտնեն մասնավորում՝ չցանկանալով աշխատել ցածր աշխատավարձերով, իսկ մեզ մոտ պետական հատվածի աշխատավարձերը բավականին ցածր են։ Տարբեր գերատեսչությունների պարբերաբար տրվում են պարգևավճարներ, որոնք ինչ-որ չափով լրացնում են պետական հատվածի աշխատողների եկամուտները։ Կրճատելով կամ հանելով այդ պարգևավճարները՝ կամ այդ աշխատակիցները կարող են ռիսկի գնալ և նորից ներքաշվել կոռուպցիայի մեջ, կամ ընդհանրապես դուրս գալ պետական հատվածից, որը շատ վտանգավոր է պետության համար։ Հետևաբար, դրանից խուսափելու համար, եթե չենք կարողանում ռիսկային համարվող օջախներում աշխատավարձերի վարանայումներ անել, որովհետև դա խորքային բարեփոխումների տարր է, ապա պետք է ձեռնպահ մնալ ռիսկային ոլորտներում պարգևավճարների կրճատման քաղաքականությունից, և հանգիստ վերաբերվենք այդ ոլորտներում անհրաժեշտ մակարդակի պարգևավճարներ տեսնելիս։

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
և հլա տեսեք ով է խոսում անհրաժեշտ մակարդակի պարգևավճարներից ով և ինքը և իր շայկան միլիոններով են ստացելու մեղմ ասած խոսում է, մի հատ ինքնախոստովականդ ստորագրի 2016-ի հոկտեմբերից 2018 մայիս ստացածդ պրեմիաների մասին, 2008-2013-ն էլ չհաշված, պլյուս քո հետինները, որոնցից ոմանք նաև ՊԵԿ-ում են և ստանում են դեռ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter