HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սանիթեք»-ը չի պատրաստվում շրջված աղբարկղները հեռացնել փողոցներից

«Այս պահին չենք պատրաստվում հավաքել մեր աղբադույլերը ոչ մի տեղից։ Ոնց իրենք կան, այդպես էլ թողնում ենք։ Թե քաղաքապետարանը ինչ է անում, դա իրենց իրավասության դաշտում է»,- այս մասին «Հետք»-ին հայտնեց «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը։

Վերջինս ընդգծեց, որ աղբարկղների տեղաշարժը, փոփոխությունները կատարվում են առանց իրենց ընկերության հետ համաձայնության կամ համատեղ որոշման․ «Թե ինչու են շրջում` չգիտենք, բայց տեղեկացել ենք, որ շրջելուց հետո որոշ աղբադույլեր իրենք տեղափոխում են բակային տարածքներ՝ քանակները շատացնելու համար, իսկ որոշները տանում են ինչ-որ պահպանվող տարածք»,- նշեց Քնարիկ Առաքելյանը։

Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուի՝ հստակ որոշում չկա, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ընկերությունը, կամ երբ է հավաքելու աղբարկղները։

Թեև «Սանիթեք» ընկերությունը սեպտեմբերի 1-ից Երևանի աղբահանությամբ չի զբաղվում, սակայն, ըստ Քնարիկ Առաքելյանի, ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով շարունակում է մնալ աղբահանությունն իրականացնող օպերատոր։

Հավելենք, որ այս պահին չեն գործում ընկերության «8090» հեռախոսահամարը, պաշտոնական կայքն ու ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր աղբամանները տեղադրում է նույն տեղում, որտեղ նախկինում «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամաններն էին։ Հիմնարկը, սակայն, տարածքից չի հեռացնում «Սանիթեք» ընկերության աղբամանները․ դրանք կամ թողնում է նոր աղբամանների հետնամասում, կամ «պառկեցնում» ասֆալտին։

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնել էին, որ «Սանիթեք» ընկերության աղբամանները շրջված են թողնում, որ քաղաքացիները դրանցում աղբ չլցնեն, ընկերությունն էլ աղբամանները հեռացնի տարածքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter