HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱԱՀ-ի գծով հարկատուների նկատմամբ պարտքը վերադարձնելու նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է նախկինում ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների նկատմամբ պետության կուտակած մոտ 50 մլրդ դրամ պարտքը (դեբետները) վերադարձնել։

Նախագիծն ընդունվեց 93 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

Այդ գումարները կուտակվել են տարիների ընացքում։ Ինչպես սեպտեմբերի 20-ի նիստին զեկուցեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, «հին» դեբետային գումարները, որոնք կուտակվել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, կազմում են 56 մլրդ դրամ։ Այս գումարները «սառեցված» են և չեն վերադարձվել տնտեսվարողներին։ Այդ 56 մլրդ դրամը պետությունը պարտք է 2835 հարկ վճարողների, որոնցից գործող հարկ վճարողներ են 2571-ը, այսինքն՝ լուծարված չեն, սնանկության վարույթում չեն գտնվում, հաշվառումից հանված չեն։ Մասնավորապես, 2571-ի նկատմամբ ունեցած պարտքը կազմում է շուրջ 50 մլրդ դրամ։

Մինչ քվեարկությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն իր ելույթում շեշտեց, որ քողարկվում է այն տնտեսվարողների անունները, որոնց պետք է վերադարձնել այդ գումարները։ «Մենք պետք է իմանանք, թե գումարները բյուջեից ում ենք վերադարձնում։ Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարներից մի զգալի մաս՝ մոտ 1.5 մլրդ դրամ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին ոչ լուծարման մեջ է, ոչ էլ՝ սնանկության գործընթացում։ Այսինքն՝ այդ գումարները վերադարձնելու ենք մի ընտանիքի, որի անդամներից մեկը գտնվում է հետախուզման մեջ։ Եվ ես ունեմ տվյալներ, որ սա միակը չէ։ Ես պնդում եմ, որ մենք ձեզ հետ միասին պետք է որոշում կայացնենք դադարեցնել այս քննարկումները և հրապարակել ընկերությունների ցանկը։ Ես պնդում եմ, որ այդ տեղեկատվությունը տրամադրվի ԱԺ պատգամավորներին քվեարկությունից առաջ, որ մենք իմանանք, թե ում են տրամադրվելու այդ գումարները»,- իր ելույթում նշեց Մանե Թանդիլյանը։

Քվեարկությունից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ից պահանջելու են ընկերությունների ցանկը, որոնց վերադարձվելու են այդ գումարները։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ նկատեց, որ այս նախագծի հետ կապված ռիսկը տնտեսվարողների նկատմամբ խտրականությունն է, սակայն, բոլոր ռիսկերով հանդերձ, նախագծի գաղափարն ընդունելի է։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է նախագծին՝ կիսելով հնչեցված մտահոգությունները. «Խոշոր ընկերությունները, որոնք 40 մլրդ դրամից ավելի պարտք պետք է ստանան, լինելու են մեր խմբակցության խոշորացույցի տակ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեցին հարկատուների նկատմամբ պարտքերը վերադարձնելու նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter