
«5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան. Վարդգես Գասպարին տուժող է
«5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Վերը նկարագրված արարքի համար Թավադյանին մեղադրանք է առաաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննության ընթացքում դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին է, որի ընթացքում շշով հարվածել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին:
Վերջինս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ էին: Նրա հետ վիճաբանության մեջ մտած անձինք վերցրել էին նաև նրա պաստառը, քաշքշել նրան:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանին: Թավադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեկնաբանել