
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի զգալի դրամական միջոցներն ու թանկարժեք ոսկյա զարդերը
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը զգալի կարողության տեր է: Ըստ գույքի և եկամուտների 2018թ. տարեկան հայտարարագրի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի դրամական միջոցները կազմում են 20 միլիոն դրամ, 95 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո: Նրա դրամական միջոցները նույնքան են կազմել նաև պաշտոնը ստանձնելու պահին, քանի որ հայտարարագրերում դրամական միջոցների չափի փոփոխություն տեղի չի ունեցել:
2018թ. հոկտեմբերին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին՝ Էդուարդ Մարիտիրոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել էր՝ բնակարան, բնակելի տուն, հողամաս և ավտոտնակ, ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա նա հայտարարագրել էր Kia Sorento 2.4 և Gaz 24 մակնիշի ավտոմեքենաներ: Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամ արժեքը գերազանցող ոսկյա զարդեր: Նշված գույքերի օտարում կամ նոր գույքի ձեռքբերում Էդուարդ Մարտիրոսյանը չի կատարել, քանի որ 2019թ. մարտի 21-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում այդ մասին տվյալներ չկան:
Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հանձնել է 10 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն: 2018թ. տարեկան հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ստացել է 16,9 միլիոն դրամի եկամուտ, որից 5,9 միլիոնը՝ աշխատավարձ, 11 միլիոնը՝ ստացված փոխառություն: Այստեղ հարկ է նշել, որ նրա եկամուտներն ավելացել են մոտ 12,4 միլիոն դրամով, քանի որ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտները կազմել են 4,5 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Էդուարդ Մարտիրոսյանի հետ համատեղ բնակվող կնոջ և երկու անչափահաս երեխաների տարեկան հայտարարագրերում գույքի և եկամուտների մասին տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է 2019թ. սեպտեմբերի 19-ին՝ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո:
Մեկնաբանել