«Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագծին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է դիմել ՍԴ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով։ Ըստ «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում կողմնակալություն է դրսևորել որպես ՍԴ անդամ։
Տեղեկացնենք, որ այս հարցն ընդգրկված է Պետական-իրավական հարցերի նիստի վաղվա օրակարգում։ Հանձնաժողովի հավանությունը ստանալու դեպքում այն կներկայացվի լիագումար նիստերի օրակարգ։
Լուսանկարը՝ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել