
Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարները համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր մալթացի գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: Այս մասին փոխանցում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առկա դինամիկ երկխոսության և դրա շրջանակներում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ: Այս առնչությամբ կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, խորհրդարանական ձևաչափով երկկողմ արդյունավետ շփումների խթանումը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացումը, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:
Հաղորդագրությունում ասվում է, որ երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության հեռանկարային ուղղություններ հանդիսացող առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում գործընկերության զարգացման և ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով համատեղ ջանքերով այդ ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փոխգործակցության նոր հարթակների ստեղծումը:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին համաձայնագիրը: Արտգործնախարարների բնորոշմամբ՝ համաձայնագրի ստորագրումն առաջնային քայլ է՝ երկու երկրների գործարար շրջանակներին առավել մերձեցնելու և նրանց համար համագործակցության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Մեկնաբանել